Ռուսական օրագիր. «Մունդիալը» սկսված է

Ռուսական օրագիր. «Մունդիալը» սկսված է
Երեկ Ռուսաստանում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ը՝ թվով 21-րդը: Ֆուտբոլային ամենասպասված, ամենասիրելի ու վառ տոնը տեղի է ունենում ներկա պահին քաղաքական բարդ շրջափուլեր ապրող մի երկրում, որի հետ թշնամացած են, կարելի է ասել՝ ողջ Արեւմուտքն ու ԱՄՆ-ն:



Ֆուտբոլն այսօր շատ դեպքերում ավելին է, քան քաղաքականությունը, իր հռչակով, իր մասսայականությամբ հանդերձ, ֆուտբոլն ինքն ունակ է միջամտել քաղաքական գործընթացներին, ինչու չէ՝ նաեւ դրական իմաստով իրադրություն փոխել: Երբ խաղադաշտում հնչում է մրցավարի սուլիչը, անգամ երբ դեմ հանդիման կանգնում են ԱՄՆ-ի ու Իրանի հավաքականները, ակնթարթ հետո ամեն տարաձայնություն մոռացվում է, մոռացվում է թշնամանքը, մոռացվում է ատելությունը, մոռացվում է մահվան սպառնալիքը, առկա են միայն այս մեծագույն խաղի պարգեւած բերկրանքն ու գեղեցկության զգացումը:



Ռուսական իշխանությունները պնդում են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մատուցվելու է հավուր պատշաճի, պատրաստ են մարզադաշտերը, պատրաստ են անվտանգության միջոցառումները, հյուրատները, տրանսպորտը: Ինչեւէ, առաջնության ընթացքը ցույց կտա, թե որքանով էին իրավացի կազմակերպիչները, համենայնդեպս՝ այս պահին ռուսական իշխանությունները նաեւ քաջ գիտակցում են, որ ամեն ինչ պիտի անեն, որպեսզի բացառեն դժգոհությունները եւ բարձր պահեն պետության խարխլված համբավը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկես երեկ՝ հունիսի 14-ին, եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին: Հավաքականները միմյանց դեմ դուրս կգան 11 քաղաքներում, խաղերը կանցկացվեն 12 մարզադաշտերում:



Ցավոք, աշխարհի առաջնությանը մենք չենք տեսնի ո՛չ Հոլանդիայի, ո՛չ Իտալիայի ընտրանիներին, փոխարենը կվայելենք դեբյուտանտներ Իսլանդիայի, Պանամայի հավաքականների խաղը: Նաեւ Ռուսաստանի մարզադաշտերում հնարավորություն կունենանք հետեւել այս տարի սքանչելի մրցաշրջան անցկացրած անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղ Մուհամեդ Սալահին, հնարավորություն կունենանք տեսնել աշխարհի առաջնություններում թերեւս վերջին անգամ հանդես եկող հանճարեղ արգենտինացի Լեոնել Մեսսիի խաղը, նաեւ՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի:



Ֆուտբոլի միլիոնավոր երկրպագուներ մեկ ամիս շարունակ լարվածությամբ կհետեւեն խաղադաշտերում ծավալվող իրադարձություններին, հնարավոր է լինեն նաեւ անակնկալներ, դրամատիկ հանդիպումներ, երջանկության ու տխրության արցունքներ: Մեծ ֆուտբոլում ամեն ինչ է հնարավոր եւ անգամ հրաշքն է հնարավոր: Հայ երկրպագուները Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները կարող են դիտել Հանրայինի եթերում: Դե ինչ, բարի երթ, «Մունդիալ 2018»:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**