«Business in FAANG style». Կյել Նորդստրյոմը ելույթ կունենա հայաստանյան լսարանի առջև

«Business in FAANG style». Կյել Նորդստրյոմը ելույթ կունենա հայաստանյան լսարանի առջև
Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձեւափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդների՝ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունները: Այս ամենից անմասն չի մնում նաեւ բիզնես ոլորտը. արդյունքում փոխվում են կազմակերպությունների կառուցվածքային ձեւերն ու կառավարման ռազմավարությունները:



Skill.am-ի նախաձեռնությամբ իրականացվող #WTSA («Համաշխարհային թոփ բանախոսները՝ Հայաստանում») նախագծի շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում ինսայթ սեսիայով հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ, գիտական աշխատությունների հեղինակ եւ բիզնես վերլուծաբան Կյել Նորդստրյոմը՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող «Business in FAANG style. ապագա առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարություն» դասախոսությամբ՝ ինսայթ սեսիայի ձեւաչափով։ Կյել Նորդստրյոմը երկու անգամ գլխավորել է «The Thinkers 50» համաշխարհային վարկանիշային ցուցակը եւ համարվում է դարի ամենահայտնի եւ պարադոքսալ մտածողներից մեկը:



Միջոցառման գլխավոր գործընկերն է հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջոցառման մասնակիցները կծանոթանան ժամանակակից գործարար միջավայրի մասին պատմող «Funky Business» բեսթսելլերի համահեղինակ Կյել Նորդստրյոմի տեսակետներին: Բանախոսը լսարանին կներկայացնի տարիների իր փորձն ու ապագայի առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարությանը վերաբերող գաղտնիքներ, մասնավորապես՝ թե ինչպես է կազմակերպական կառուցվածքն ազդում տեխնոլոգիական խոշոր փոփոխությունների վրա՝ փոխելով արժեհամակարգեր:



«Ապագայի մրցավազքում ձախողում է նա, ով չի մասնակցում դրան»



FAANG-ը սահմանում է բիզնես միջավայրի նոր ստանդարտ: Հապավումն առաջացել ժամանակակից աշխարհում բիզնես գործունեություն իրականացնող ամենաարդյունավետ ընկերություններից մի քանիսի անվանումների առաջին տառերից: Դրանք են «Facebook», «Apple», «Amazon», «Netflix» եւ «Google» ընկերությունները։



Ըստ Նորդստրյոմի՝ հաջողակ են այն կազմակերպությունները, որոնց ռազմավարությունը համապատասխանում է նշված ընկերությունների գործառնական համակարգերի հիմքում ընկած տրամաբանությանը:



Կյել Նորդստրյոմը բիզնես ոլորտի՝ ներկայում ամենապահանջարկված մտածողներից մեկն է։ 1999թ. լույս տեսած «Funky business» համաշխարհային բեսթսելլերն անդրադառնում է 21-րդ դարի նոր բիզնես միտումներին: Նորդստրյոմի հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած են միջազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման եւ գլոբալացման գործընթացների վրա:



Ինսայթ սեսիայի մասնակցության հայտերն ընդունվում են, եւ բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել՝ այցելելով www.skill.am կայք: Ինսայթ սեսիան անցկացվելու է անգլերենով՝ միաժամանակյա ռուսերեն թարգմանությամբ:



* * *



«Funky Business » գրքի մասին.



Գրքի հեղինակներն են Կյել Նորդստրյոմն ու Յոնաս Ռիդեստրալը։ Գրքի հիմնական եզրահանգումն այն է, որ այս երկու շվեդ տնտեսագետների կողմից իրականացված դիտարկումներն օգնում են ավելի լավ հասկանալ 21-րդ դարի անկայունությունը, ինչպես նաեւ՝ աշխարհի հետագա զարգացման վեկտորը: Գիրքը կօգնի ավելի արդյունավետ եւ ճշգրիտ որոշումներ կայացնել։ Չնայած գիրքը գրվել է 19 տարի առաջ, դրանում ամփոփված դիտարկումներն ակտուալ են նաեւ այսօր։ Այն թարգմանվել է 33 լեզվով, եւ շատերն այն համարում են նոր աշխարհի մանիֆեստը: