Դավիթ Տոնոյանը կառավարում է «մեկ զեկուցողի» սկզբունքով

Դավիթ Տոնոյանը կառավարում է «մեկ զեկուցողի» սկզբունքով
Երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Արարատ Միրզոյանը, որն այն օրերին դեռ փոխվարչապետ չէր, այլ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է, «պրոֆեսիոնալ է, պարկեշտ եւ չի եղել որեւէ կոռուպցիոն սկանդալի հերոս», շատերը, ովքեր հետեւել էին Դավիթ Տոնոյանի գործունեությանն ԱԻ նախարարի պաշտոնում, անակնկալի եկան։ Այդ պաշտոնում նա առանձնապես չէր հաջողել, եւ համեմատություններն ԱԻ հանգուցյալ նախարար Արմեն Երիցյանի հետ ի վնաս Տոնոյանի էին: Բայց, նկատի առնելով Տոնոյանի երկարամյա ստաժը պաշտպանական համակարգում, 7 տարի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելով հանդերձ չվարկաբեկվելու փաստը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Դավիթ Տոնոյանի մասին բարեխոսեց «Քայլի» հեղափոխության ամենաշատ «քայլած» գործիչներից մեկը, կասկածները մի կողմ դրվեցին: Հույս առաջացավ, որ թալանն ու հովանավորչությունն օրինականացրած մեր զորամասերում, որտեղ ամեն շաբաթ զինվոր է մահանում, ցնցող դաժանության դեպքեր են կատարվում, գոնե մթնոլորտ կփոխվի, ինչի համար Տոնոյանի պաշտոնավարման մոտ մեկ ամիսը բավական է: Բայց առայժմ այս հույսերի հիմքը չի երեւում:



**Նախարարին զեկուցում են, եվ նա հավատում է**



ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Կ․-ն ահազանգել էր իր ծնողին, որ սպա Գ․-ն ծեծել եւ բռնաբարել է իրեն ծառայության մեկնելու առաջին իսկ շաբաթում: Սպան երդվում էր, որ նման բան չի եղել, տարօրինակ փաստարկ էր բերում, թե երիտասարդը զրպարտել է իրեն՝ բանակից ազատվելու նպատակով՝ տարօրինակ դրդապատճառ պատվախնդրության սրման տարիքում գտնվող տղամարդու համար: Կ․-ն այս գործով նախ տուժող էր, որին մի քանի ամիս ապօրինաբար պահում էին ռազմական ոստիկանության տարածքում, զրկել էին մոր հետ դեմ առ դեմ եւ առանց վկաների շփվելու հնարավորությունից, ստիպել հրաժարվել փաստաբանից: Ի վերջո՝ երիտասարդը ցուցմունք գրեց, որ զրպարտել է սպային, եւ տուժողից վերածվեց մեղադրյալի: Նրան մեղադրում են սուտ մատնության համար (Քրօր․ 333 հոդված): Կ․-ն հաճախ զանգահարում էր մորը, լաց լինում, խնդրում իրեն փրկել: Սպան մինչ օրս ազատության մեջ է, իսկ զինվորին պահում են ռազմական ոստիկանությունում: Գործով երկու անգամ դատաբժշկական փորձաքննություն է արվել: Առաջինով հաստատվում են Կ․-ի ցուցմունքներն իրեն սեռական բնույթի գործողությունների ենթարկելու վերաբերյալ: Արտառոց այս դեպքի մասին հրապարակումներ եղան: Պաշտպանության նախարարին զեկուցվել է այս մասին, եւ թվում էր, թե նա պետք է ամեն ինչ աներ՝ ճնշումների տակ գտնվող զինծառայողի պաշտպանությունն ապահովելու, նրան օր առաջ Հայաստան տեղափոխելու եւ հոգեբանական օգնություն տրամադրելու համար, բայց քար լռություն է պահպանում:



**Հերքել ակնհայտը**



Մայիսի 26-ին տագնապալի տեղեկություններ էինք ստանում Արենի գյուղի բնակիչներից: Ըստ դրանց՝ Նախիջեւանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական զորքերի տեղաշարժ էր նկատվել դեպի հայկական սահման: Տեղաբնակները հաղորդում էին, որ ինժեներային աշխատանքների պատրվակով մոտ 100 մետրով առաջ է եկել բուֆերային գոտին: Սոցցանցերում թեմայի շուրջ քննարկումներ սկսվեցին 5 եւ ավելի դիրքերի առաջխաղացման մասին: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը հրապարակեց արբանյակային պատկերներ, որոնցից պարզ երեւում էր, որ թշնամին նոր դիրքեր է զբաղեցրել եւ նոր ճանապարհներ բացել դեպի դրանք: «Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների եւ լքված Հունուտ (ադրբ.՝ Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17-27-ի հատվածում»,- գրում է «Ռազմինֆոն»՝ չանդրադառնալով հայկական կողմի գործողություններին, քանի որ ոչ մի պաշտոնական տեղեկություն այդ մասին չկար: Մայիսի 30-ին Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջի միջոցով հանդարտվելու կոչ արեց՝ նշելով, որ հայկական ԶՈՒ-ներն ինչ-որ «աշխատանք» են կատարում այդ գոտում: «Այդ աշխատանքներն ընթանում են բնականոն, եւ ցանցում հնչեցված հատվածներում եւս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական, աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաեւ ակտիվ քննարկումներ»: Դավիթ Տոնոյանը հարցի վերաբերյալ պարզաբանում տվեց հունիսի 1-ին։ Կառավարության նիստից հետո նա հայտնեց լրագրողներին. «Պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված, ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է, եւ մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը»: Հարցերը, սակայն, մնացին, իսկ զինվորականների շրջանում ոչ հրապարակային քննարկում սկսվեց այն մասին, որ նախկինում՝ Սեյրան Օհանյանի եւ նույնիսկ Վիգեն Սարգսյանի օրոք, մերոնք անպայման համարժեք պատասխան կտային թշնամուն:



**Կապիտանին սպանե՞լ են**



Մեկ այլ քրեական դեպքով նախարարը, առաջ ընկնելով նախաքննության մարմնից, շուտափույթ հայտարարեց, որ կատարվածն ինքնասպանություն է: Խոսքը մայիսի 26-ին Երեւանի Նուբարաշենի զորամասի կապիտան, 28-ամյա Հմայակ Հակոբյանի մահվան մասին է: Նրա մարմինը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վերքով, հայտնաբերել էին վաշտի ննջարանում: Կապիտանն Արարատի մարզի Հնաբերդ գյուղից էր: Դեպքի օրն իսկ լուրեր տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել, մեծ պարտքեր է ունեցել, որոնք չի կարողացել վճարել, ինչն էլ դրդել է նրան այդկերպ հրաժեշտ տալ կյանքին: Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց «Ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով (Քրօր. 110 հոդված): Քննչականի մեր աղբյուրը հայտնեց, որ հոդվածի ընտրության հիմքը եղել է դեպքի վայրում հայտնաբերված գրությունը՝ ոչ մեկին չմեղադրեք իմ մահվան մեջ: Սակայն ինքնին այս գրությունը ոչինչ չի ապացուցում, եւ հոդվածն ամեն պահի կարող է փոխվել: Չի բացառվում, որ կատարվածը սպանություն է: Մանավանդ, պարզվում է՝ կապիտանի պարտքն ընդամենը 1 մլն դրամ է եղել՝ գումար, որը չէր կարող կանոնավոր աշխատավարձ ստացող սպային նման քայլի դրդել: Ընտանիքում նա միակ աշխատող ձեռքը չէր: Ուներ եղբայր, որը պայմանագրային զինծառայող է: Տարօրինակ եւ առնվազն արտասովոր է նաեւ ենթադրյալ ինքնասպանության եղանակը․ ըստ քննչականի՝ նա իրեն ամրակայված ինքնաձիգով կրակոց է արձակել կրծքավանդակին: Ինքնասպանները հազվադեպ են կրակում այդ շրջանում, այն էլ՝ ավտոմատից: Դեպքից երկու օր անց, Սարդարապատում լրագրողների հարցերին պատասխանելով, նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց. «Նախաքննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է եւ ոչ միշտ է կապված բանակի հետ»: Այս պատասխանից ակնհայտ է, որ նա չի խորացել հանգամանքների մեջ: Այսպիսով, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջին հրապարակային ելույթները վկայում են, որ նա շարունակում է աշխատել նախկին նախարարների մեթոդներով՝ տեղեկություն ստանալ մեկ «զեկուցող» աղբյուրից, քրեական գործերի վերաբերյալ նախաքննությունը չավարտված՝ եզրակացություններ անել, Արծրուն Հովհաննիսյանին առաջ մղելով՝ հերքել ակնհայտ փաստերը, ոչ միարժեք պարզաբանումներ տալ հանրությանը հետաքրքրող հարցերին:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**