ՀՀԿ-ի մեծամասնության փլուզումն սկսված է

ՀՀԿ-ի մեծամասնության փլուզումն սկսված է
Հանրապետական մեծամասնության փլուզման գործընթացը մեկնարկել է։Նախօրեին խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրեցին պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գեւորգյանը՝ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան։ Եթե Նիկոլ Փաշինյանին մայիսի 8-ին կողմ քվեարկած Թորոսյանի դիմումը սպասելի էր, հատկապես, որ դրանից առաջ լուրեր կային, որ խմբակցությունը որոշել է նրան հեռացնել, ապա Արթուր Գեւորգյանի դիմումներն ինչ-որ առումով անսպասելի են եղել, քանի որ եթե մինչ նոր կառավարության ձեւավորվելը Վովա Գասպարյանը հույս ուներ Նիկոլ Փաշինյանի հետ լեզու գտնել ու մնալ պաշտոնին, եւ հանուն այդ նպատակի էլ փեսան կարող էր աջակցել Փաշինյանին, ապա ներկայումս դրա իմաստն էլ չկա՝ Օսիպյանը գրավել է նրա տեղը։ Ի դեպ, Արթուր Գեւորգյանն իր որոշման մասին կուսակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին տեղեկացրել է հեռախոսով՝ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ։ Պատգամավորն իր որոշումը բացատրել է նրանով, որ ՀՀԿ-ում չի նկատում առողջացման գործընթաց, իսկ ինքը չի ցանկանում խանգարել նոր կառավարությանը, հակառակը՝ ըստ նրա, կառավարությանը պետք է տալ գործելու ավելի խաղաղ եւ կանխատեսելի պայմաններ, քանի որ դա է պահանջում պետության շահը։ «Պետք է տալ հնարավորություն եւ պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել...»,- իր հեռանալը նա հիմնավորել էր հայտարարության մեջ։ ԱԺ կանոնակարգը ՀՀԿ-ից դուրս եկածներին թույլ է տալիս դառնալ անկախ պատգամավորներ։ ՀՀԿ-ից օտարվածների շարքին է դասվում նաեւ Ֆելիքս Ցոլակյանը, ով առաջին ծիծեռնակն էր ՀՀԿ-ում, որ մայիսի 1-ին կողմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը։ Այսպիսով ՝ խորհրդարանում 58 պատգամավոր ունեցող խմբակցությունից երեքն արդեն «պոկվել» են։



«Ծառուկյան դաշինք», «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունները միասին 47 պատգամավոր ունեն, այս երեքից բացի, ՀՀԿ մեծամասնությունը վերացնելու համար եւս 3 պատգամավոր է հարկավոր։ Սակայն խնդիրն այն է, որ եթե շարքային օրենքները հնարավոր է ընդունել խորհրդարանի պարզ մեծամասնության ձայներով՝ 53 կողմով, ապա սահմանադրական օրենքների համար պահանջվող շեմն ավելի բարձր է՝ 3/5-ը կամ 63 պատգամավոր։ ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը** ՀՀԿ-ում կազմաքանդման տրամադրություններ չի զգում, սակայն չի էլ բացառում, որ նոր հեռացողներ կլինեն, եւ ՀՀԿ-ն կկորցնի խորհրդարանական մեծամասնությունը։ «Քաղաքական զարգացումների ընթացքում ամեն ինչ կարելի է սպասել, պետք չէ դա հիվանդագին տանել, ու որեւէ մեկի ճակատին գրված չէ, որ միշտ պիտի լինի մեծամասնություն կամ իշխանություն»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Արթուր Գեւորգյանի դիմումը իր եւ գործընկերների համար անակնկալ է եղել, կուսակցության հասցեին արդեն նախկին ՀՀԿ-ականի գնահատականներին Բաղդասարյանը հանգիստ է վերաբերվում․ «Պետք է մի ձեւ հիմնավորի՞ իր հեռացումը»։ Պատճառների մասին էլ միայն ենթադրություններ ունի, որոնց մասին չի ցանկանում բարձրաձայնել։ Վերջին երկու օրերին քաղաքական գործընթացները հուշում են, որ ՀՀԿ-ից հեռացողների հաջորդ շերտը լինելու են գործարարները։ Նրանք հայտնվել են նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում, ու նրանցով զբաղվում են իրավապահ մարմինները։ Առաջինը սկսել են պատգամավոր Սամվել Ալեքսանյանից։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել է օլիգարխներին ու նրանց բացատրել խաղի նոր կանոնները, համաձայն որոնց՝ նրանք ազատվում են ստվերային վճարներից ու կատարում պետության առջեւ իրենց պարտավորությունները, ինքն էլ կուլակաթափ չի անում, պատասխանատվության չի ենթարկում որեւէ մեկին: Բայց գուցե նրանք շարունակել են նույն ոճով, գուցե ասվածն ընդամենը խոսք է եղել՝ ոչինչ չնշանակող։ Փաստ է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մի քանի ուղղություններով ուսումնասիրություններ են սկսել ու ջրի երես են հանում խոշոր կոռուպցիոն սխեմաներ:«Եթե ստուգումները չեն վերաբերում միայն ՀՀԿ-ին, ապա օրինաչափ կարող ենք համարել, սպասենք իրավապահների գործողություններին»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Հարցին՝ հնարավոր չէ՞ նման մեթոդներով պատգամավորների «պոկեն» ՀՀԿ-ից: «Ինչ է՝ եթե նրանք հեռացան ՀՀԿ-ից, իրենց մոտ այլեւս ստուգումներ չե՞ն սկսի, ուրեմն պետք է սպասել գործընթացներին, մանավանդ՝ հայտարարել ենք, որ վենդետաներ եւ հաշվեհարդարներ չեն լինելու, ու չեմ հավատում, որ իրենք նման քաղաքականություն որդեգրեն»։



**Առաջին հարվածը՝ Սամվել Ալեքսանյանին**



Երեկ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են գործարար պատգամավոր, Սերժ Սարգսյանի ամենասիրելի եւ վերջինիս կողմից պարգեւատրված Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակ։ Ապա «գրոհել» են նաեւ պատգամավորի տուն՝ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու։ Նշենք, որ 3-4 օր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր մոտ է հրավիրել ցանցային առեւտրով զբաղվող մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների ֆինանսական տնօրեններին եւ զգուշացրել, որ նախկին համաձայնությունները կառավարության հետ այլեւս չեն գործելու: Բանն այն է, որ առեւտրային ցանցերը, որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության՝ գյուղացիներից գյուղմթերք ձեռք բերել ու վաճառել ԱՁ-ներով եւ 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ: Սակայն ԱԱԾ-ն պարզել է, որ որոշ սուպերմարկետներում օգտվել են այդ համաձայնությունից եւ մախինացիաներ թույլ տվել այլ ապրանքների վաճառքի ժամանակ։ Օրինակ, «սիթի»-ներում «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ից բացի, տարբեր ԱՁ-ների ՀԴՄ-ներով են աշխատել, որի շնորհիվ թաքցրել են հարկերը։ Ուշագրավ է, որ ԱՁ-ներ են գրանցել խանութների ցանցի գանձապահների տվյալներով՝ նրանց այս օրերին հրավիրում են ԱԱԾ ու տեղեկացնում, որ իրենք միլիոնատերեր են։ Սրանք, հավանաբար, այն 350 հոգին են, ում մասին խոսել էր ԱԱԾ պետ Վանեցյանը։ ՊԵԿ փոխնախագահ **Ռաֆիկ Մաշադյանը** լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է նախորդ իշխանությունը խոշոր առեւտրային ցանցերի հետ նման համաձայնություն կայացրել․ «2016-ին մեր կողմից դրվել էր սկզբունք, որ բոլոր առեւտրի կետերը պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոններ: Մենք հանդիպումներ ենք ունեցել տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ փորձել լսել նաեւ իրենց խնդիրները: Խնդիրը բարձրացվել է, որ կան ապրանքներ, որոնց գծով ձեռքբերումները հնարավոր չէ փաստաթղթավորել, եւ իրենք անհավասար դաշտում են գտնվում շրջանառության հարկի դաշտում գործող կազմակերպությունների հետ, որովհետեւ մենք օրենսդրությամբ թույլ ենք տվել, որ այդ դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտներն իրենց ձեռքբերումները չփաստաթղթավորեն»:



ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ հենց այդ ժամանակ էլ համաձայնության են եկել, սուպերմարկետում տարանջատել են տնտեսվարողներին, սկսել են գործել մի քանի կազմակերպությունով, ու մի մասը գործել է շրջանառության հարկի դաշտում, մի մասը՝ ԱԱՀ-ի: Ստացվում է, որ ԱԱԾ-ն անօրինակա՞ն գործողություններ է արել, Մաշադյանը բացասական է պատասխանել՝ ասելով, որ ԱԱԾ-ն իր գործողություններն իրականացնում է բացառապես օրենքի շրջանակներում․ «Կա ինֆորմացիա, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործել են իրենց տարածքում, իրացրել են ոչ միայն գյուղմթերք, այլ նաեւ տարբեր ապրանքներ, եւ կա հստակ ինֆորմացիա, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տեղյակ չեն եղել իրենց՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստից»: Երեկ՝ օրվա ավարտին, ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։ Նախնական հաշվարկի համաձայն` 461 ԱՁ-ներ են գրանցվել։ «Ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ: Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ եւ դատահաշվապահական փորձաքննությամբ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Մենք տեղեկացանք, որ արդեն երեք-չորս օր է՝ «սիթի»-ները հրաժարվում են գյուղմթերք մատակարարող անհատներից ու ընկերություններից ապրանք գնել՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ «խառն» է, դեռ պետք է հասկանան՝ ինչ է լինելու։



**Պատգամավորին դպրոցում անգամ չեն կարողացել պարտադրել**



Չի բացառվում, որ այս ճնշումների ներքո գործարար պատգամավորները, իրենց բիզնեսը փրկելու համար, ապաստանեն նոր կառավարության տանիքի ներքո։ ՀՀԿ-ական **Հակոբ Հակոբյանը**, ով «Կիլիկիա» գարեջրի սեփականատերն է, բացառում է ՀՀԿ-ից իր հեռացումը։ Հարցին՝ իր բիզնեսում կատարո՞ւմ են հարկային պարտավորությունները, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Մեր արտադրանքները՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, դրոշմապիտակավորվում ու դուրս են գալիս: Դուք ինքներդ խանութներում տեսեք՝ առանց դրոշմապիտակավորման եթե կա, ապա ասեք, եթե չկա, ուրեմն նշանակում է, որ դա հնարավոր չէ, որ չվճարվի հարկ։ Ինչ վերաբերում է խուզարկելուն, ժամանակին նման բաներ շատ ենք տեսել, չեմ կարծում, թե մեր նոր կառավարությունը կգնա նման քայլերի»: Հիշեցնում է, որ ինքը երբեք ստիպողաբար որեւէ քայլի չի գնացել, անգամ՝ դպրոցում, հետեւաբար, ինչպես նոր իշխանությունների ճնշման ներքո ճամբար չի փոխի, այնպես էլ իր թիմի՝ ՀՀԿ-ի հորդորով հակաժողովրդական քվեարկություն թույլ չի տա․ «10 տարի պատգամավոր եմ եղել եւ որեւէ մեկ անգամ սխալ քվեարկություն չեմ արել, էն, ինչ մեր երկրի համար ճիշտ է եղել, այդպես եմ քվեարկել, անկախ նրանից՝ ՀՀԿ-ն է ներկայացրել, թե այլ ուժ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**