Արամ Սիմոնյանը մնաց իր սենյակում փակված

Արամ Սիմոնյանը մնաց իր սենյակում փակված
Երեկ, հասնելով Երեւան, Նիկոլ Փաշինյանը դեպի Ազատության հրապարակ շարժվելիս նախեւառաջ մտավ Երեւանի պետական համալսարան։ Անվտանգության պետ Առուստամյանի հետ երկար բանակցություններից հետո ցուցարարներն ուժով բացեցին ԵՊՀ-ի փակ դռները եւ շարժվեցին դեպի Արամ Սիմոնյանի աշխատասենյակ՝ նրա հետ զրույց ունենալու նպատակով։ Այդ ընթացքում Առուստամյանը պնդում էր, որ Փաշինյանը միայնակ մտնի ռեկտորի մոտ՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների, սակայն Փաշինյանն էլ իր հերթին պնդում էր, որ ռեկտորի հետ հանդիպումն անցնի թափանցիկ։ Մինչ Առուստամյանը զրուցում էր Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հետ՝ փորձելով խույս տալ տեսախցիկներից, ցուցարարները բացեցին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դռները եւ ներս մտան։



Դեպի Արամ Սիմոնյանի աշխատասենյակ տանող ճանապարհին անվտանգության պետ Առուստամյանը եւս մեկ դուռ փորձեց փակել ցուցարարների եւ լրատվամիջոցների առաջ։ Այս անգամ նրան օգնության էին հասել նաեւ պրոռեկտոր Գրիգորյանն ու ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։ Այս պաշտպանությունը Փաշինյանին նույնպես հաջողվեց ճեղքել, սակայն վերջնական պատնեշը՝ Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դուռը, այդպես էլ մնաց փակ՝ ռեկտորը դուրս չեկավ Փաշինյանի հետ հանդիպելու։ Վերջինս թակեց ռեկտորի դուռը, ապա, դառնալով ցուցարարներին, ասաց․ «Մենք այս ակցիան արեցինք միայն մեկ պատճառով․ երկար տարիներ ԵՊՀ-ն վերածվել է հանրապետական, ընտրակաշառարար, մաֆիոզ խմբավորման որջի։ Եվ ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս ինստիտուտը, այս պետական եւ ազգային կառույցն օգտագործում է ՀՀ քաղաքացիներին, երեխաներին, պատանիներին, նոր կյանք մտնող ուսանողներին ստրկացնելու համար, եւ մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ ՀՀ քաղաքացիներին ազատելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Ես կարծում եմ, որ այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է, պարոն Առուստամյան, պատիվ ունեմ»։



Վերջում անվտանգության պետ Առուստամյանը լրատվամիջոցների ներկայությամբ Փաշինյանին խոստացավ, որ միանալու է Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**