Դիլիջան-Իջեւան ճանապարհն այս տարի էլ չեն սարքի

Դիլիջան-Իջեւան ճանապարհն այս տարի էլ չեն սարքի
Դիլիջան-Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի քարուքանդ ու անմխիթար վիճակի մասին անցյալ տարի շատ գրվեց ու բարձրաձայնվեց։ Թվում էր՝ սրանից հետո կառավարությունը պետք է արագ գործի անցներ ու վերջապես հիմնովին նորոգեր միջպետական ու ռազմավարական նշանակության այս ճանապարհը։ Բայց Տավուշի մարզով անցնողներն էլի շարունակում են «քաղցր խոսքերով» հիշել կառավարությանը, քանի որ ճանապարհի մի հատվածը նորոգվել է, մյուս հատվածը՝ դարձյալ մնացել քարուքանդ։ Դիլիջանից Իջեւան հատվածում մի քանի կմ ամբողջովին նոր ասֆալտ են արել, բայց շարունակությունն էլի նախկինի պես փոսերով է ծածկված, որոնք այս օրերին փորձում են կարկատաններով լցնել։ Կարկատանները կդիմանան մի քանի ամիս ընդամենը, եւ առավելագույնը մյուս տարի նորից նույն փոսերը կբացվեն։ Տավուշում խոսում են, որ ճանապարհն ամբողջությամբ պետք է նորոգվեր, դրա համար անգամ գումար են հատկացրել, բայց աշխատանք չեն արել։ Նշենք, որ 2018 թ․ ՀՀ պետական բյուջեի նախագծով այս ճանապարհի հիմնանորոգումը մտցվել է կապիտալ ծախսերի մեջ։ Դա այն կապիտալ ծախսն է, ինչի մասին այդքան խոսում էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ համոզելով մարդկանց, որ ընթացիկ գումարները՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ, ավելացնելու փոխարեն իրենք նախընտրել են կապիտալ ծախսերի վրա ուղղել՝ ճանապարհներ, ոռոգման համակարգ, ենթակառուցվածքներ եւ այլն։ Դա, ըստ նրա, հետո ավելի մեծ էֆեկտ կունենա, քան 5 հազար դրամով թոշակները բարձրացնելը։ Ո՞ւր է, այդ դեպքում, այդ կապիտալ ծախսը, եթե ճանապարհները շարունակում են էլի նույն կիսաքանդ վիճակում մնալ։



ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մեզ ասացին, որ 2018 թ. նախատեսված է իրականացնել Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 18.9 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Բայց աշխատանքները կիրականացվեն մասնակի՝ երեք հատվածների վրա։ Այսինքն՝ դարձյալ ոչ ամբողջությամբ։ Նշված աշխատանքներն իրականացվելու են 2018 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի միջոցների հաշվին։



Ինչ վերաբերում է Դիլիջան-Իջեւան հատվածին, ապա նախարարությունից մեզ հայտնեցին, որ նշված հատվածի համար 2018 թվականին ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել։ Այս ճանապարհի կիսաքանդ հատվածը կնորոգեն եկող տարի։ «2019 թ. ՀՀ պետբյուջեով նախատեսված է իրականացնել 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ»,- ասացին մեզ տրանսպորտի նախարարությունից։ Նկատենք նաեւ, որ ՀՀ գրեթե բոլոր ճանապարհներին, այդ թվում՝ Երեւան-Սեւան մայրուղում եւ դրանից այն կողմ, շատ վատ վիճակում են նաեւ ճանապարհային գծանշումները։ Բացի այն, որ ճանապարհը չի լուսավորվում, նաեւ չեն երեւում ասֆալտին արված գծանշումները, քանի որ մաշվել են ու չեն թարմացվում։ Գումարած դրան՝ լուսանդրադարձիչներն էլ նորմալ չեն լուսավորում, ասես կորցրած լինեն իրենց հատկությունները։ Սրանք տարրական, բայց կարեւոր բաներ են անվտանգության տեսակետից, որոնց մեր կառավարությունն ուշադրություն չի դարձնում, մինչդեռ շատ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, այս հարցերին մեծ կարեւորություն են տալիս ու ճանապարհներն ուղղակի ողողում են բազմապիսի ու, կարեւորը՝ լավ լուսավորությամբ նշաններով, գծանշումներն էլ միշտ թարմ են պահում, ինչն օգնում է վարորդներին ավելի հեշտ կողմնորոշվել ու անվտանգ երթեւեկել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**