Հիմա պաշտոնական Երևանը ներկայացնում են այլ, Ստեփանակերտը՝ այլ մարդիկ

Հիմա պաշտոնական Երևանը ներկայացնում են այլ, Ստեփանակերտը՝ այլ մարդիկ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս «ավետեց» արցախյան կարգավորման ակտիվ քննարկվող փուլային տարբերակի մասին՝ որ այն դրված է սեղանին, եւ որ կարգավորման հասնելու առաջին փուլում պետք է ապահովեն առավել հրատապ խնդիրների լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Փաստորեն, սա այն էր, ինչ մեկ տարի շարունակ ասում էին նախկինները, եւ ինչը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում փորձեց կրկին հերքել նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ նման փաստաթուղթ եղել է 2014-ին, հիմա չկա։ Բայց տպավորությունն այնպիսին է, որ նախարար Մնացականյանն ինչ-որ բան, այնուամենայիվ, հաստատում է՝ ասելով, որ «2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ»։ Նաեւ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն իր առցանց հայտարարություններում չշրջանցեց գազի թեման ու շատ անսպասելի կոչ արեց դադարեցնել ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործերը։ Գազի գնի մասին հարցին, թե ինչու է ԵԱՏՄ գործընկեր Հայաստանի համար սահմանված վաճառքի գինն ավելի բարձր, քան, ասենք, Մոլդովայի, նա պատասխանեց․ «Եթե գործընկերության մասին է, ապա այն պետք է դրսեւորվի բոլոր ոլորտներում։ Եթե խոսում ենք տնտեսության մասին, ապա մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այն քրեական վարույթները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, ներառյալ «Հարավկովկասյան երկաթուղին», կկարգավորվեն առանց որեւէ փորձերի՝ այնտեղ ներմուծել բաներ, որոնք հարիր չեն ռազմավարական դաշնակիցներին։ Այդ մասին շատ անկեղծ եմ խոսում, որովհետեւ ստեղծվել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները»։

Երեկ Զոհրաբ Մնացականյանը Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ համանախագահների հետ տեսակոնֆերանսի է մասնակցել, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերին՝ 2020 թ․ հունվարի 30-ին Ժնեւում արված համատեղ հայտարարությանը համահունչ: Արտգործնախարարները եւ համանախագահները նաեւ համաձայնեցին սերտ կապի մեջ մնալ եւ հնարավորինս շուտ շարունակել առերես բանակցությունները: Մենք զրուցեցինք Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ, որն այս օրերին Երեւանում է։

- Պարոն Խառատյան, Զոհրաբ Մնացականյանը, ժխտելով բանակցային սեղանին դրված նման փաստաթղթի գոյությունը, այնուամենայնիվ, խոսեց ինչ-որ տարրերի մասին, եւ կա տպավորություն, որ այնքան էլ չհերքեց Լավրովին։ Գոնե շատերը Սերգեյ Լավրովի այս բացահայտումից վերահամոզվել են, որ ինչ-որ մի բան քննարկվում է, ինչը ժխտում էին ՀՀ իշխանությունները։

- Ինչ-որ մի բան քննարկվում է, բայց Հայաստանն իր դիրքորոշումը շատ կոնկրետ հստակեցրել է, հայկական կողմերից հայաստանյա՛ն կողմն իր ստանձնած հանձնառությունը բանակցային գործընթացում պահում է եւ բանակցելու է իր դիրքերից։ Իսկ թե ինչ է քննարկվում բովանդակային իմաստով, կարծում եմ՝ նախարարի կողմից ասվածը շատ կոնկրետ եւ հստակ էր։ Այսինքն՝ մենք որեւէ կերպ չենք վտանգելու Արցախի բնակչության անվտանգությունը, սա մեզ համար գերխնդիր է։

- Իսկ Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ կորոնավիրուսի համավարակի այս պայմաններում, երբ աշխարհը փակված է, երկրները կենտրոնացել են իրենց ներքին խնդիրների վրա, ամեն ինչ սառեցվել է, այդ թվում՝ արտաքին քաղաքական խնդիրները, հանկարծ պարոն Լավրովն առցանց հայտարարություններ է անում արցախյան կարգավորման մասին։

- Տեսեք․ կորոնավիրուսի պայմաններում կյանքը բոլոր ոլորտներում կանգնած չէ, արտաքին քաղաքականությունը շարունակում է լինել բոլոր երկրների ու պետությունների օրակարգում, եւ ակտուալ ու ոչ ակտուալ խնդիրներ կարող են պարբերաբար քննարկվել։ Թե կոնկրետ այս փուլում որն է պատճառը, որ արծարծվել է, եւ արդյո՞ք սա ինչ-որ առումով ուղերձ է եւ այլն, ժամանակը ցույց կտա։ Բայց կարծում եմ, որ պաշտոնական Երեւանն իր արձագանքը շատ հստակ, կոնկրետ եւ կոռեկտ ձեւակերպել է։ Կլսենք, կտեսնենք, թե սրան ինչ կհետեւի Ռուսաստանից կամ համանախագահող երկրներից։

- Ձեր գնահատմամբ՝ Լավրովի հայտարարությանը կհետեւի՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների արձագանքը ռուսական այս «նախաձեռնողականությանը»։

- Վստահ եմ, որ լինելու է։ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունները, կլինի դա համատեղ հայտարարության, թե առանձին՝ իրենց նախարարությունների կամ պաշտոնական մակարդակում, ինչ կասեն կամ կանդրադառնան, կամ չեն անդրադառնա, բայց ֆորմատը շարունակում է լինել նույնը, միջնորդ երկրներից որեւէ մեկն այս կամ այն փուլում կարող է ունենալ իր ասելիքը, մենք նախկինում սրան ականատես ենք եղել՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների պարագայում։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, բայց այն, որ սա հրապարակային է ասվում, ու հստակ պատասխաններ են հնչում․․․ չեմ կարծում, թե կյանքը կորոնավիրուսի պայմաններում պիտի կանգնի բոլոր ուղղություններով։ Կյանքը շարունակվում է, մենք մեր դիրքորոշումների հստակեցման խնդիր պարբերաբար ունենում ենք․ սա էլ այդ համատեքստում եմ դիտարկում։

- Իսկ հնարավո՞ր է, որ Արցախի նախագահական ընտրություններն արագացրին Լավրովի այս հայտարարությունները, որ միգուցե լինելու էին։ 

- Չեմ կարծում, նախագահի ընտրությունները եղել են, Արցախն էլ էս հարցի շուրջ իր դիրքորոշումը վերահաստատել ու հրապարակային արտահայտել է։ Այնպես որ, որեւէ ուղիղ կապ չեմ տեսնում էս պարագայում։ Այո, բնականաբար, գործընթացներ են տեղի ունենում, երկու տարի է անցել մեր հեղափոխությունից, եւ, ըստ էության, դեռեւս վերջնականապես պարզ չէ, թե ինչ փաստաթղթի շուրջ է քննարկումը, բայց այն, ինչ եղել է 2014-ին, 2018-ին, ոչ միայն չի եղել, այլեւ չէր էլ կարող լինել, որովհետեւ պաշտոնական Երեւանը ներկայացնում են այլ մարդիկ, պաշտոնական Ստեփանակերտն արդեն ներկայացնելու են այլ մարդիկ։ Ուստիեւ, բանակցային գործընթացի ինստիտուցիոնալ հիշողությունը կրելուց հետո կողմերը կհստակեցնեն, թե ինչի շուրջ եւ ինչ են պատրաստվում անել։

- Զոհրաբ Մնացականյանի երեկվա հայտարարություններից հետո Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչի շուրջ են բանակցում։

- Վերահաստատվեց այն, ինչ կար․ այն, որ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է նույնը լինել՝ Արցախի բնակչության, ժողովրդի անվտանգությունը մեզ համար գերխնդիր է, մենք՝ Հայաստանը, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն ու ապահովողը։ Եվ սա նոր բան չէ։ Ասվել է այն, ինչ ասվում է տեւական ժամանակ։

- Խոսելով հայ-ռուսական համատեղ ընկերությունների նկատմամբ Հայաստանում հարուցված վարույթների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն առանց փորձերի՝ այնտեղ ներմուծել բաներ, որոնք հարիր չեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը։

- Հայաստանում, ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է, եւ անկախ նրանից, թե որ պետության կամ որ պետության հետ կապ ունեցող ընկերություններն են այստեղ գործունեություն ծավալում, կարող են հայտնվել այդ հետաքննությունների դաշտում։ Սա շատ ավելի ընդհանուր գործընթաց է եւ որեւէ երկրի, որեւէ գործընկերոջ դեմ ուղղված չէ։