Անսխալական պաշտոնյա չի լինում

Անսխալական պաշտոնյա չի լինում

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հեղափոխությունից առաջ զբաղեցնում էր ՃՈ պետի տեղակալի պաշտոնը։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ «Սերժի մնացորդ» արտահայտությունը նաեւ իրե՞ն է վերաբերում, եւ ինչպե՞ս է ընթանալու մնացորդների զտման պրոցեսը։ Պատգամավորը, հիշեցնենք, նաեւ ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ է եւ Սերժ Սարգսյանին մի քանի հարց է տվել։

- Պարոն Խաչատրյան, սպասում էիք, որ Սերժ Սարգսյանը չի մերժի հրավերը, ինչպես, ասենք, Յուրի Խաչատուրովը, բովանդակային առումով ձեզ հուզող հարցերը ստացա՞ն պատասխաններ, ձեր սպասումներն արդարացա՞ն։

- Ես անձամբ սպասում էի, որ պետք է գա, եւ սպասումները, այո, արդարացան։ Ընդհանրապես, հանձնաժողովին չներկայանալը ես ոչ ճիշտ քայլ եմ համարում եւ կարծում էի, որ Սերժ Սարգսյանը կներկայանա։

- Բայց այդ հանձնաժողովը, ըստ էության, խորհրդատվական բնույթ է կրում, եւ ցանկացածն էլ կարող է հանգիստ մերժել։ Վախեցա՞ն, թե՞ այլ պատճառ կար։

- Գրեթե բոլորը չեն մերժել մեզ, քանի որ մեր պաշտպանության, ռազմական կարողությունների հետ կապված ցանկացած հարց կարեւոր է, ու կարծում էի, որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանն իր ասելիքն ունի, հատկապես, որ դրան նախորդեց փաստավավերագրական ֆիլմ, այսինքն՝ հանգամանքներ կային, որոնց վերաբերյալ Սերժ Սարգսյանը ցանկություն կունենար հայտնել իր կարծիքն այդ հանգամանքների մասին։

- Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով, որ ապրիլյանը դավադիր պատերազմ էր, որ Ռուսաստանն է հրահրել, ի՞նչ պարզեցիք, Սերժ Սարգսյանին ձեր «հարցաքննության» արդյունքում ինչ-որ բան պարզվե՞ց։

- Ցանկացած անձ, պաշտոնյա, որ գալիս է քննիչ հանձնաժողով եւ տալիս տեղեկատվություն, իհարկե, փարատում են որոշակի կասկածներ կամ նոր՝ պարզաբանման ենթակա հարցեր առաջացնում։ Նույնը եղավ Սերժ Սարգսյանի դեպքում։ Ես հիմա գիտեմ, որ Դուք այլ հարցեր էլ եք տալու, ես չեմ պատասխանելու հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ հարցերին, քանի որ քննարկումը փակ է։

- Լսելով Սերժ Սարգսյանին, ի՞նչ տպավորություն ստացաք, որպես գերագույն հրամանատար՝ նա այդ պատերազմում որեւէ մեղք ունի՞, թե՞ ոչ։

- Ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, բայց, ընդհանուր առմամբ, դրական եմ համարում Սերժ Սարգսյանի ներկայանալու եւ չորս-հինգ ժամ իր կարծիքը հայտնելու ու հարցերին պատասխանելու քայլը։

- Փակ նիստից մեզ որոշ մանրամասներ էին հայտնի դարձել, Սերժ Սարգսյանը հետախուզության թերացման մասին հարցին ի պատասխան ասել է, թե մեղավորներին ձեր իշխանությունը բարձր պաշտոնի է նշանակել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը նրանց բարձր գնահատել, օրինակ՝ իր խորհրդական Արշակ Կարապետյանին, որն ապրիլյանի նախօրեին հետախուզության վարչության նախկին պետն էր։

- Կարծիք է՝ հայտնել է։

- Դուք համաձայն չե՞ք այդ կարծիքի հետ։

- Դեռ պետք է պարզվի, թե այդ մարդիկ ինչու են ազատվել։ Հնարավոր է նման հարցերը հարակցվեն քննիչ հանձնաժողովի հետ, նույնիսկ հանձնաժողովն անդրադառնա այդ հարցերին, եւ բացառված չէ, որ, այո, գնահատականներ կտրվեն որոշ պաշտոնյաների գործողություններին՝ սկսած խրախուսանքից, պաշտոնի ազատումից, վերջացրած քրեաիրավական գնահատականով։

- Ուզում եմ խոսեք նաեւ Փաշինյանի՝ «Սերժի մնացորդներին» զտելու հայտարարությունից, Դուք էլ էիք Սերժի ժամանակ բարձր պաշտոն զբաղեցնում, հիմա Ձե՞զ էլ է ուղղված, ո՞ւմ էր ուղղված այդ զգուշացումը։

- Կան պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք իրենց անձնական, տնտեսական, խմբային եւ այլ շահերից ելնելով՝ չեն ծառայում պետությանը, այսպիսի մարդկանցից օր առաջ պետք է ազատվել։ Եթե այդ շահերը բերում են նրանց լավագույն դեպքում պասիվության, օր առաջ պետք է ազատվել նմաններից, հապաղել չի կարելի։ Պետք է վերլուծել պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը եւ քննարկել նրանց պաշտոնանկության հարցը։

- Հիմա Դուք Ձեր տեղում լա՞վ եք աշխատում կամ բուն հեղափոխականները։

- Մենք ստացել ենք ժողովրդի քվեն, եւ կոնկրետ ինձ մի քանի հազար մարդ է ձայն տվել, ես կարծում եմ, որ արդարացնում եմ իրենց վստահությունը, երբ չենք արդարացնի, ժողովուրդը մեզ փոխելու հնարավորություն ունի, հաջորդ ընտրություններին իր կամքի եւ խղճի թելադրանքով կկայացնի իր որոշումը, կգնահատի մեր աշխատանքը։

- Իշխանությունն անընդհատ մեղավորներ է գտնում, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է պետական ապարատում հակահեղափոխականների, դավադիրների, հիմա էլ ինչ-որ «մնացորդների» մասին։

- Որեւէ բան չենք արդարացնում, կան թերություններ, որոնց մասին բարձրաձայնում, քննարկում ենք։ Անսխալական պաշտոնյա, մարդ չի լինում։ Իշխանությունը տվել է շանս, թող աշխատեն, ծառայեն հեղափոխական համատեքստում։

- Իշխանությունը ժողովրդին բազում խոստումներ է տվել, որոնք 2 տարի անց էլ իրականություն չեն դառնում։ Հիմա ինչ՝ իրենք ո՞ւմ մնացորդն են։

- Դե, մի շարք խոստումներ ի կատար են ածվել, բոլորն էլ, վստահեցնում եմ, ի կատար են ածվելու։