ԵԽԽՎ-ն ստիպված է նորից նոր նախագահ ընտրել

ԵԽԽՎ-ն ստիպված է նորից նոր նախագահ ընտրել
Այս տարի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ընտրեց, քանի որ իսպանացի Պեդրո Ագրամունտի՝ ժամկետից շուտ հրաժարական տալուց հետո նրա տեղը ժամանակավոր զբաղեցրեց ԵԺԿ խմբից ընտրված մեկ այլ անդամ՝ կիպրոսցի պատվիրակ, մեր պատվիարկության հետ լավ հարաբերություններ պահպանած Ստելլա Կիրիակիդեսը։ Բայց քանի որ ԵԺԿ խմբից ընտրված նախագահի երկամյա ժամկետը լրանում էր, հերթը սոցիալիստների խմբից Վեհաժողովի նախագահ ընտրելունն էր։ Եվ հունվարի 22-ին ԵԽԽՎ-ն ընտրեց նոր նախագահ՝ սոցիալիստների խմբի անդամ, իտալացի Միկելե Նիկոլետտիին, որը, ի տարբերություն ադրբեջանամետ մոտեցումներով հայտնի Պեդրո Ագրամունտի, շատ ավելի ընդունելի և ձեռնտու տարբերակ էր հայկական պատվիրակության համար։ Համենայնդեպս մեր պատվիրակության անդամները բացասական որևէ գանահատական չեն տվել նրա հասցեին։ Բայց նոր նախագահը ևս երկար չպաշտոնավարեց։ Օրերս պարզ դարձավ, որ մարտի 4-ին Իտալիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միկելե Նիկոլետտին։ Հետևաբար, նա չի կարողանա այլևս գլխավորել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Թեպետ, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց կարող է նաև հրաժարական ներկայացնել իր ցանկությամբ։ Այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն նորից կընտրի նոր նախագահ:



**Hraparak.am**-ը հետաքրքրվեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից, թե ինչ է սպասվում Նիկոլետտիից հետո ԵԽԽՎ նախագահի մասով, Վեհաժողովը ե՞րբ կունենա նոր նախագահ։ Արփինե Հովհաննիսյանը նախ հիշեցրեց՝ ԵԽԽՎ նախագահի քվոտան պատկանում է սոցիալիստների խմբին, ուստի սոցիալիստների խումբը պետք է առաջադրի ԵԽԽՎ նախագահի իր թեկնածուին։



«Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Իտալիան կներկայացնի ԵԽԽՎ-ում իր նոր պատվիրակության անդամներին։ Մինչ այդ ընդհանուր կանոնն է գործում, երբ համապատասխան պատվիրակները պահպանում են իրենց լիազորությունները վեցամսյա ժամկետի ընթացքում, մինչև կձևավորվի նոր խորհրդարանը, պատվիրակությունը, և նրանց լիազորությունները կներկայացվեն ԵԽԽՎ-ի հաստատմանը»,- ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը։



Նշենք, որ մեր պատվիրակության դեպքում էլ այդպես եղավ, երբ որոշ պատվիրակներ վերջին ԱԺ ընտրություններին չընտրվեցին պատգամավոր, մինչև նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը նրանք որոշ ժամանակ դեռ պահպանեցին ԵԽԽՎ-ում իրենց մանդատը։ Օրինակ՝ Լևոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը։



Արփինե Հովհաննիսյանը նաև հավելեց, որ սոցիալիստների խմբի թեկնածուն կլինի ԵԽԽՎ նոր նախագահը, եթե, իհարկե այլ թեկնածուներ չառաջադրվեն։ Թեպետ՝ չի կարծում, որ այլ թեկնածուներ լինեն, քանի որ, ինչպես նախորդ ընտրություններում, Նիկոլետտի դեպքում նույնպես քաղաքական մյուս խմբերը հարգել են տարիներ ի վեր եկած քաղաքական պայմանավորվածությունը՝ պահպանել թեկնածու առաջադրելու հերթականությունը քաղաքական խմբերի միջև։ Հետևաբար այս դեպքում նույնպես, ըստ Հովհաննիսյանի, կպահպանեն այդ ավանդույթը։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**