Հայկական ուրցը կարտահանվի Գերմանիա

Հայկական ուրցը կարտահանվի Գերմանիա
NABU-ի (Գերմանիայի բնության պահպանման միություն) եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից համատեղ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության ծրագրի շրջանակներում հայկական «Սարի թեյ» եւ «Անթառամ» ընկերությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին գերմանական «TeeGschwender» ընկերության հետ։ «Սարի թեյ» ընկերության հիմնադիր Գեւորգ Աբրահամյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը, գերմանական ընկերությունների հետ աշխատանքը բավականին լուրջ ձեռքբերում է, քանի որ համագործակցության շրջանակներում սպասվում է թեյի բիզնեսի ընդլայնում եւ նոր աշխատատեղերի ստեղծում․



**- Պարոն Աբրահամյան, համագործակցությունը սահմանափակվում է միայն թեյի տեսակներ արտահանելո՞վ, թե՞ ուրիշ պայմանավորվածություններ էլ կան։**



Համաձայնագիրն ստորագրվել է «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակներում։ Պետք է նշեմ, որ մենք ցուցահանդեսին ներկայացել էինք բավականին լավ, եւ մեր տաղավարները բավականին լավ տպավորություն թողեցին կազմակերպիչների վրա։ Համագործակցությունը դեռ հուշագրի ստորագրման փուլում է, մոտ ապագայում կստորագրվի պայմանագիրը։ Համագործակցությունը ենթադրում է «TeeGschwender» ընկերությանը թեյի հումքի մատակարարում, իսկ համագործակցության հաջորդ փուլում սպասվում է չորանոցների համատեղ կառուցում, հումքի համատեղ մշակում եւ այլն։ Այս աշխատանքի մեջ բավականին նուրբ պահեր կան՝ հումքի հավաքումը, մշակումը, հետո երկրորդ անգամ մշակումը, այսինքն՝ մի քանի էտապներով է արվում։ Այդ էտապների մի մասն ավարտված վիճակում, այսինքն՝ լրիվ մաքրված վիճակում մենք մատակարարելու ենք։



**- Ձեր ապրանքանիշո՞վ է կատարվելու արտադրությունը։**



Չէ, պարզապես արկղերով ուղարկվելու է Գերմանիա։



**- Ողջ հումքն արտահանվելո՞ւ է, թե՞ տեղական շուկայում նույնպես շարունակվելու է թեյի վաճառքը։**



Անշուշտ, վաճառվելու է, նման մեծ քանակ չի արտահանվելու։ Անկեղծ ասած՝ դա բավական լուրջ քայլ է, որովհետեւ գերմանական շուկան եւ գերմանական ընկերությունները բավականին հեղինակավոր են։ Իսկ «TeeGschwender» ընկերությունը գերմանական շուկայի ամենահեղինակավոր ընկերություններից է։



**- Հումքը միայն սարերի՞ց է հավաքվում , թե՞ նաեւ աճեցվում է։**



Ոչ-ոչ, միայն մեր սարերի ուրցն է, մեկ էլ՝ նռան ծաղիկները։ Իրենք պատրաստում են «հայկական լեռնային ծաղիկների փունջ» (Armenischer Gebirgsblumenstrauß) մակնշմամբ ապրանքատեսակներ արտադրել։ Կարծում եմ՝ նման ընկերության եւ նման շուկայի համար աշխատել սկսելը շատ լուրջ բան է։ Նաեւ նոր աշխատատեղեր կբացվեն, այնպես որ, եթե համագործակցությունը շարունակվի, կունենա շատ դրական հետեւանքներ։



Հավելենք, որ «TeeGschwendner» ընկերությունն աշխարհի 4 մայրցամաքների 7 տարբեր երկրներում ունի ավելի քան 130 մասնագիտացված խանութ։ «Սարի թեյ» եւ «Անթառամ» ընկերություններն անվճար օրգանական սերտիֆիկացում են ստացել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի եւ NABU-ի կողմից համատեղ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է 2015-ից եւ կրում է ամենամյա բնույթ։ Արդեն օրգանական սերտիֆիկացում է ստացել 30 տնտեսվարող։



Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվում է շահառուների վերապատրաստում։ Մրցույթում հաղթող ճանաչվելու եւ BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ 2017-2018 թվականների ծրագրի արդյունքում նախատեսվում է եւս 70 նոր աշխատատեղի ստեղծում։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**