Գուցե նրանք` ճիշտ, սխալը ե՞ս եմ

Գուցե նրանք` ճիշտ, սխալը ե՞ս եմ
Առավոտից կարդացի մի հոդված, որի հեղինակը, խիստ տպավորված լինելով օրերս Պուտինի ցուցադրած սուպեր-միջուկակիր զենքից, հռետորական հարցադրում է անում՝ կստանա՞ այդ զենքից Հայաստանը:



Իրենց թերթ-կայքում նա հաճախ է գրում Ռուսաստանի մասին: Հիմնականում՝ քննադատական, մերժողական երանգներով եւ վերջում պարտադիր շեշտում է, որ Հայաստանի միակ ճանապարհը արեւմտյան քաղաքակրթության ընտրությունը պետք է լինի: Կգրի նաեւ այսուհետեւ, բայց, երեւի, քչերն արդեն կհավատան նրա անկեղծությանը: Ինչ ասես, որ չի բացահայտում «կստանա՞ այդ զենքից Հայաստանը» հարցադրման ենթատեքստը: Բայց չխորանանք: Միայն ընդգծենք, որ անհնար է արեւմտյան քաղաքակրթությունն ընտրել, եթե հայացքդ մշտապես հառված է Պուտինին եւ նրանից ակնկալում ես, որ քեզ բաժին կհանի իր սուպեր-միջուկակիր սպառազինությունից կամ պատերազմի դեպքում Գյումրիի ռազմաբազան կդնի քո հրամանի ենթակայության տակ, եւ դու Ադրբեջանին մի լավ դաս կտաս՝ ինչպես լեբլեբեջիների երգն է ասում՝  «որ հիշի հոր հարսանիք»:



Այս մտածումների մեջ էի, ծխել ուզեցի՝ տուփը դատարկ էր: Փնտրեցի պահարաններում՝ չունեի: Դժկամությամբ հանգնվեցի, իջա խանութ: Տաք, արեւային կեսօր էր, եւ մեր շենքի պատի տակ հավաքվել էին օրավարձու մշակներն ու մի քանի ծերունի: Խանութի ճանապարհն անցնում է այդ պատի տակից: Եւ երբ դուրս էի եկել, աղբարկղի մոտ բացում էի տուփը, որ մի կուշտ ծխեմ, ականջիս հասավ ծերունիների երկխոսությունը.



-Տեսա՞ր Պուտինն ինչ արեց:



-Չէ, ի՞նչ արեց:



-Մի նոր զենք է ստեղծել, աշխարհում նմանը չկա:



 -Ամերիկայու՞մ էլ:



-Ամերիկայում էլ, Անգլիայում էլ, ոչ մի երկիր էդ զենքից չունի:



 -Հա՞, հիմա մեր օգուտը դրանից ո՞րն է:



-Էն է, որ թուրքը կվախենա:



-Պուտինի՞ց:



 -Չէ, մեզնից կվախենա, քանի որ մենք ու ռուսը բարեկամ ենք:



2018թ. վաղ գարունն է: Շարժման 30-ամյակի տոնակատարություններից հազիվ երկու շաբաթ է անցել: Իսկ եթե թեմայի սահմաններում մնանք, պիտի հիշենք 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը: Բայց ծերունու գիտակցության մեջ ամուր նստած է, որ ռուսը եւ մենք բարեկամ ենք, ռուսն ու թուրքը՝ թշնամի: Հետեւաբար Պուտինի ցուցադրած զենքից թուրքերը կսարսափեն եւ մեզ վրա հարձակվել չեն համարձակվի: Լսեցի, կանգնեցի էլի մի երկու-երեք րոպե: Եւ երբ դանդաղ բարձրանում էի մեր երկու հարկը, երբ դուռը բացել՝ միջանքում հանում էի կոշիկներս, կուրտկաս կախում, երբ սրճեփը դրել էի կրակին, եւ համակարգչի ստեղնաշարը հրավիրում էր,-այդ ամբողջ ընթացքում մտածում էի. «Իսկ գուցե Պուտինով տպավորվածները ճի՞շտ են, սխալը ե՞ս եմ»: Այդպես էլ պարզել չեմ կարողանում: