«Ելք»-ում բոլորն ընդդիմադիր են, իսկ որոշներն ավելի՞ ընդդիմադիր

«Ելք»-ում բոլորն ընդդիմադիր են, իսկ որոշներն ավելի՞ ընդդիմադիր
«Այո, «Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր են եղել տարբեր հարցերով, և վերջում, գիտեք, մենք որոշումները կայացնում ենք կոնսենսուսով։ Հիմա օրակարգային հարցեր կան, որոնց վերաբերյալ ունենք քննարկումներ։ Երբ որ կունենանք որոշում, կհայտարարենք»,-այսօր անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։



Իսկ մամուլը, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Ելք»-ում տարբեր կարծիքներ կան Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ պայքարի հարցում։ Նիկոլ Փաշինյանը կողմ է փողոցային պայքարին, իսկ Մարուքյանը՝ ինստիտուցիոնալ, անարյուն պայքրաին։ Եվ եթե կոնսենսուս չլինի, Էդմոն Մարուքյանը հնարավոր է՝ իր «Լուսավոր Հայաստանով» հեռանա «Ելք» դաշինքից։



Նա նշեց, որ «Ելք» դաշինքում կոնսենսուս կա այն հարցում, որ իրենց բոլորի համար էլ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն անընդունելի է։ Այս հարցում տարաձայնություններ չկան։



**Hraparak.am**-ի հարցին՝ իսկ դրա դեմ պայքարի մեթոդի հարցում կա՞ տարաձայնություն, Մարուքյանն ասաց․ «Դրա դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ՝ հիմա քննարկումների մեջ ենք, երբ որ կլինի որոշում, կտեղեկացնենք: Եթե կա բանավեճ, ուրեմն կա նաև քննարկում։ Այսինքն՝ վերջում պետք է գանք ինչ-որ եզրահանգման»։



-**Ես նկատի ունեմ՝ կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մեթոդի հարցում կա՞ն տարակարծություններ, օրինակ՝ Դուք համարում եք, որ պետք չէ փողոց դուրս գալով պայքարել Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ համարում է, որ պետք է փողոցային պայքարով դրա դեմն առնել**։



-Ես չեմ կարող քննարկման մանրամասները դուրս հանել առանց իմ գործընկերների հետ քննարկելու։ Բնականաբար, տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, և հիմնական մտահագությունը, հիմնական քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց։ Ինչ վերաբերում է մամուլի նյութերին, թե Էդմոն Մարուքյանը «Ելքը» կլքի և այլն, ես Ձեզ խնդրում եմ՝ նման բամբասանքներին ընդհանրապես պետք չէ տրվել։ «Ելքը»՝ ես ընդհանրապես չեմ պատկերացնում առանց մեզ և չի էլ կարող լինել։



-**Պարոն Մարուքյան, «Ելք»-ում բոլորդ հավասա՞ր չափով եք ընդդիմադիր, թե՞ բոլորն ընդդիմադիր են, իսկ որոշներն՝ ավելի ընդդիմադիր են, քան մյուսները**։



-Բոլորս հավասար չափով ընդդիմադիր ենք։



-**Բայց դա մի տեսակ չի զգացվում․ «Ելք»-ից մեկը համարձակ խոսում է Սերժ Սարգսյանի դեմ և ասում է, որ նա պետք է չլինի, մյուսն ավելի ինստիտուցիոնալ, «կառուցողական» դիրքերից է հանդես գալիս**։



-Խնդիրը հետևյալում է՝ այդ խոսակցությունն ինչ արդյունք կտա, մեզ ուր կտանի, և երբ որ մենք կորոշենք՝ ինչ ծրագրով ենք հանդես գալիս, դա կհրապարակենք, բոլորդ կիմանաք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**