Նեթանյահուին կտանե՞ն դատարան. կախված է գլխավոր դատախազից

Նեթանյահուին կտանե՞ն դատարան. կախված է գլխավոր դատախազից
Իսրայելի ոստիկանությունը խորհուրդ է տալիս մեղադրանք առաջադրել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկու քրեական գործով («գործ 1000» և «գործ 2000) քննությունների հիման վրա, գրում է Gazeta.ru-ն: Գերատեսչությունում հայտարարել են, որ հավաքված ապացույցները բավական են Իսրայելի առաջին դեմքին կոռումպացվածության, խարդախության և վստահության չարաշահման մեջ մեղադրելու համար: Փորձագետները չեն կարողանում ասել, թե ինչ շարունակություն կունենա վարչապետի շուրջ այս նոր սկանդալը, իսկ ինքը` Նեթանյահուն, համոզված է, որ ոստիկանության հայտարարությունները որևէ արդյունք տալ չեն կարող:



Նշվում է, որ «գործ 1000»-ը վերաբերվում է թանկարժեք նվերներին, որ Նեթանյահուն, ըստ ոստիկանության տվյալների, պարբերաբար ստացել է գործարարներից, իսկ «գործ 2000»-ը վերաբերվում է Իսրայելի վարչապետի փորձերին` պայմանավորվել երկրի խոշորագույն հրատարակչական տներից մեկի` «Եդիոտ-Ախրոնոտ»-ի հետ, որպեսզի դրական լույսի ներքո ներկայացվի կառավարության գործունեությունը: Նեթանյահուն փոխարենը խոստացել է նորմատիվային ակտ ընդունել, որը կսահմանափակի հիշյալ ընկերության հիմնական մրցակից «Իսրայել հա- Յոմ» թերթի հնարավորությունները:



Gazeta.ru-ի փոխանցմամբ` Իսրայելի ոստիկանության առաջարկը` մեղադրել երկրի վարչապետին, ինքնին իրավական ուժ չունի, սակայն այս դեպքումգործերը փոխանցվել են դատախազություն: Նեթանյահուի քաղաքական հետագա ճակատագիրն այժմ կախված է այդ գերատեսչության ղեկավարից ` գլխավոր դատախազ և կառավարության իրավախորհրդատու Ավիհայ Մանդելբլիտից: