Վահագն Աբգարյանը սեւ կատու է գցել դատախազության եւ քննչականի միջեւ

Վահագն Աբգարյանը սեւ կատու է գցել դատախազության եւ քննչականի միջեւ
Կամո Փիրուզյանի սպանության գործը տեղի ունեցավ անցած տարի ամռանը եւ բացահայտումների շարքը միայն սկսվեց այս տարի հունվարի վերջից։ Գործով նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը, նույն ինքը՝ ալավերդցի Վահագը, նրա հետ կալանավորվեցին նաեւ եւս մի քանի հոգի։ Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել եւ իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ. Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ. Աբգարյանի մտերիմներ Էդ. Պողոսյանի եւ Վ. Ավագյանի սպանության համար։ Կ. Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վ. Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետեւել է նրա տեղաշարժին եւ հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։



Դեպքերի անսպասելի զարգացումների ֆոնին, ակնհայտ է գործը քննող ու վերահսկող իրավապահ մարմինների՝ քննչական կոմիտեի ու գլխավոր դատախազության միջեւ հակասություններն ու լարվածությունը։ Վահագն Աբգարյանի կալանավորումից հետո, դատախազությունը հստակ հայտարարել էր, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Ըստ դատախազության՝ մասնավորապես, չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով քրեական գործը գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Ըստ էության դատախազությունը բացել է նախկին հանցագործությունների կծիկը եւ բացահայտել Քննչական կոմիտեի շահագրգռվածությունը՝ իրականությունը քողարկելու, գործի իրական հանգամանքները թաքցնելու հարցում։



Մնում է փաստել, որ եթե ժամանակին Քննչական կոմիտեն ամբողջ ծավալով եւ լիարժեք քննություն կատարեր, բացահայտեր, որ ամռանը կատարված սպանության պատվիրատուն Վահագն Աբգարյանն է, ժամանակին ձերբակալեր նրան, Թուֆենկյանի մոտ սպանությունը չէր կատարվի։



Եվ որ ամենահետաքրքիրն է, օրերս աշխատանքից ազատվել էին Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետն ու ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ։ Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր, թե այս գործի շրջանակում Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ քրեական գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Մամուլն էլ գրեց, որ ՔԿ պաշտոնյան հենց ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն է:



Իսկ թե ինչո՞ւ էին քննչականի ներկայացուցիչները փորձում կոծկել այս գործը, ինչո՞ւ դատախազությունը հրապարակայնորեն ՔԿ-ին «ցեխոտող» հայտարարություններ արեց եւ մի քանի հարցերի պատասխանել է Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։



**-Կամո Փիրուզյանի գործի շրջանակում, կարծես թե գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի մինչեւ հակասություն է նկատվում։ Ինչո՞վ դա կբացատրեք, լարվե՞լ է Ձեր հարաբերությունները։**



-Ո՛չ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի, ո՛չ էլ որևէ այլ հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի միջև որևէ հակասություն չկա, հետևաբար հարաբերությունների լարվածության մասին եզրակացության հանգելու հիմքեր չկան:



ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն առաջնորդվում են բացառապես իրենց գործունեության ոլորտը կարգավորող օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով և իրենց գործունեությունը ծավալում են դրանցով իրենց վերապահված լիազորությունների և պարտականությունների շրջանակում:



Ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, այնպես էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքը դատախազներին վերապահում են մինչդատական վարույթում հետաքնության ու նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարում իրականացնելու, ներգործության միջոցներ կիրառելու բավարար կառուցակարգեր, որոնց իրավաչափ գործադրումը բացառապես նպաստում է գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացմանը: Հետևաբար ոչ միայն անհասկանալի, այլև հանցավոր անգործություն կլիներ, եթե Ձեր կողմից նշված քրեական գործի նախաքննության թերությունները նկատելու պարագայում դրա նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից չկիրառվեին օրենքով իրեն վերապահված՝ քրեական գործը լրացուցիչ քննության ուղարկելուն ուղղված դատախազական ներգործության համապատասխան կառուցակարգերը:



**-Սույն գործի շրջանակում Վահագն Աբգարյանը ձերբակալվեց դեպքից միայն կես տարի անց․ դատախազությունը պատշաճ հսկողություն չիրականացրե՞ց։ Եթե Աբգարյանը շատ ավելի վաղ ձերբակալվեր, հնարավոր է «Թուֆենկյանի» դեպքերը չլինեին։**



-Այն հանգամանքը, որ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանության դեպքից միայն ամիսներ անց, պայմանավորված է նրանով, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն նրա մեղավորության մասին ապացույցների որոշակի համակցության առկայության դեպքում, իսկ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի վարույթում իրականացված նախաքննությամբ Վահագն Աբգարյանի կամ այլ անձանց կողմից հանցագործությանը մասնակցություն ունենալու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չէին բերվել, այդ ուղղությամբ պատշաճ քննություն չէր իրականացվել: Քննիչի կողմից թերի քննված քրեական գործը 2017թ. սեպտեմբերի 20-ին ուղարկվել էր դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ:



Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից քրեական գործի ստուգմամբ պարզվել է, որ չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ: Այդ հիմնավորումներով դատախազի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին, իսկ ավելի ուշ՝ նախաքննությունը շարունակելու, քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիույթյունը լիարժեքորեն ապահովելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ առաջարկելով քրեական գործի նախաքննությունը հանձնարարել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվելու ընթացքում արդեն ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև հիշյալ վարչության աշխատակիցների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ինչպես Կամո Փիրուզյանի սպանությունը Վահագն Աբգարյանի պատվերով կատարված լինելու, այնպես էլ վերջինիս կողմից հանցավոր համագործակցություն ստեղծված լինելու և ղեկավարվելու, Փիրուզյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի՝ այդ հանցավոր համագործակցության անդամը լինելու, իսկ հետագայում նաև՝ Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն նպաստելու վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ դատախազի և դատախազության կողմից կատարվել են իրենց իրավասություններից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ նշված գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:



**-Քննչական կոմիտեի շահագրգռվածությունը՝ իրականությունը քողարկելու, գործի իրական հանգամանքները թաքցնելու հարցում տեսնո՞ւմ եք։**



-Թեև ՀՀ դատախազությունն իրավական որևէ հիմք չունի ՀՀ քննչական կոմիտեի՝ միայն նրան վերապահված լիազորությունների իրականացման վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես գալու, սակայն նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և տարատեսակ մեկնաբանությունները, կարող ենք փաստել հետևյալը: Վերոնշյալ քրեական գործով դեպքերի իրական հանգամանքներն սկսել են պարզվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քրեական գործի հետագա բազմակողմանի քննության ընթացքում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության քննիչների ակտիվ դերակատարությամբ: Բացի դրանից, Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ինչի մասին վերջինս պատշաճ տեղեկատվություն է տարածել իր պաշտոնական կայքի միջոցով:



Վերոնշյալ հանգամանքները վկայում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «իրականությունը քողարկելու, գործի իրական հանգամանքները թաքցնելու» շահագրգռություն ունենալու մասին մեկնաբանությունները հիմնազուրկ են:



**Աննա Պապիկյան**