Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով

Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով
Ինչպես արդեն [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5a605aeb19479f2b73017da7/%D5%B1%D5%A5%D6%80%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A9%D5%B8%D6%82%D6%86%D5%A5%D5%B6%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D6%81%D5%AB-%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A8) ենք, այսօր առավոտյան ձերբակալվել է Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը՝ ալավերդցի Վահագնը։ Քննչական կոմիտեից հրաժարվել էին այլ մանրամասներ հայտնել, միայն նշել էին, որ Աբգարյանը ձերբակալվել է ոչ թե Թուֆենկյանի, այլ մեկ այլ գործի շրջանակում։



**Hraparak.am**-ին հայտնի դարձավ, որ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով։ Քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ մանրամասները առաջիկայում կհայտնեն։



Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):



Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի, շարժառիթների վերաբերյալ։