Հնարավոր է՝ Լարսի մասին խոսել են, բայց չեն հայտարարում

Հնարավոր է՝ Լարսի մասին խոսել են, բայց չեն հայտարարում
Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է հարեւան Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ։ Այս այցն իր բովանդակությամբ առանձնապես պատմական որեւէ բան չի պարունակում, թեպետ, կարող է իսկապես պատմական դառնալ։ Այն հետաքրքիր է նախ նրանով, որ վերջերս պետք է կայանար Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան, բայց այն չեղարկվեց։ Պատճառը, ասացին, Վրաստանի ներքին խնդիրներն են՝ կապված պառլամենտի, իրենց օրակարգի, կառավարության կազմը հստակեցնելու հետ։ Գուցե ավելի խորքային ու քաղաքական պատճառ էլ կար։



Փաստորեն, դրանից մեկ ամիս չանցած՝ Սերժ Սարգսյանը մեկնեց Վրաստան։ Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքն ու Վրաստանի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների տարանցիկ կարողությունների եւ դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացմանը։ Բնականաբար, գլխավոր հարցը Լարսն ու հնարավոր այլընտրանքային ուղիներն են, սակայն հանդիպումից հետո ստացված պաշտոնական տեղեկատվությամբ՝ Լարսի մասին խոսակցություն չի եղել։ Այսինքն՝ անդրադարձ չի եղել նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այն հայտարարությանը, թե ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հիշեցնենք, որ այս մասին երկու օր առաջ գրվել էր մեր մամուլում, բայց վրացական մամուլում, այդ թվում՝ Վրաստանի կառավարության կամ պաշտոնական կայքում, Կվիրիկաշվիլու այս հայտարարության մասին որեւէ հրապարակում չի հայտնվել։



Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Վրաստանը, ըստ էության, չէր կարող առանց Ռուսաստանի համաձայնության միանձնյա նման հայտարարություն անել, թե ինքը կարող է թույլ տալ, որ հայկական տրանսպորտային միջոցներն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի տարածքով անցնեն։ Վրաստանը գուցե կարող է իր կողմից թույլ տալ, բայց ռուսական կողմը կարող է չհամաձայնել։ Ի վերջո, եթե այդքան հեշտ լիներ այս հարցի լուծումը՝ ընդամենը մեկ հայտարարությամբ ու մի կողմի ցանկությամբ, ապա վաղուց լուծված կլիներ, որի շուրջ տարիներ ի վեր բանակցում են, բայց տարբեր պատճառներով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։



«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության հիմնադիր **Գագիկ Աղաջանյանի** կարծիքով՝ այս հարցին պետք է շատ զգուշորեն մոտենալ՝ չխառնվել վրաց-ռուսական հարաբերություններին ու չխառնել դրան երրորդ, չորրորդ կողմ։ Բայցեւ կարծում է, որ իրականում այս հարցում բավականին առաջընթաց կա, ու երբեք այսքան մոտ չենք եղել խնդրի լուծմանը։ Դրան օժանդակել է նաեւ ԵԱՏՄ-ին մեր անդամակցումը, ԵՄ-ի հետ կնքած մեր համաձայնագիրը եւ այլն։ Իսկ Վրաստանը միանձնյա կարո՞ղ էր իրեն նման հայտարարություն թույլ տալ՝ առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու։ «Ես չեմ կարծում, որ վրացական կողմը միակողմանի հայտարարություն կաներ, որովհետեւ, իհարկե, կա ռուսական գործոնը։ Բայց մի մոռացեք, որ այդ մանրամասները, այդ համաձայնագրերը, որ կան եւ թղթի տեսք են ստացել, ի՞նչ եք կարծում՝ ինչքա՜ն բանավոր խոսակցություններ են եղել, ինչքա՜ն համաձայնություններ են ձեռք բերվել մեկը մյուսի հետ, որոնց մասին դեռեւս մենք տեղյակ չենք, եւ որոնք հետագայում փաստաթղթային տեսք կստանան»,- ասաց Աղաջանյանը՝ չբացառելով, որ վրացական կողմը, եթե իսկապես նման հայտարարություն արել է, ՌԴ-ի, նաեւ ԵՄ-ի հետ համաձայնեցված է արել։



Աղաջանյանը չբացառեց նաեւ, որ հնարավոր է Սերժ Սարգսյանի եւ Գիորգի Կվիրիկաշվիլու միջեւ նման քննարկում եղել է, բայց այդ մասին մամուլով որեւէ հայտարարություն չեն ցանկացել անել։ «Որովհետեւ, հիշո՞ւմ եք, մեր վարչապետը, երբ որ գնաց Վրաստան ու հայտարարություն արեց Լարսի այլընտրանքային ճանապարհների մասին, մեր մամուլն սկսեց՝ ի՞նչ այլընտրանք-բան, տրանսպորտի նախարարն էլ սկսեց տակից դուրս գալու համար ասել՝ խոսքը վերաբերում է լաստանավին։ Բայց լաստանավը երբեք այլընտրանք չի եղել, եւ լաստանավային տարբերակը միշտ էլ եղել է»,- ասաց Գ․ Աղաջանյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**