Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրենը Վերգինե Եսայանն է․ կոլեկտիվն այլեւս չի ըմբոստանում

Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրենը Վերգինե Եսայանն է․ կոլեկտիվն այլեւս չի ըմբոստանում
Երեւանի թիվ 17 հենաշարժական խնդիրներ ունեցող հատուկ դպրոցում ստեղծված «գորդյան հանգույցը» լուծվեց։ Դպրոցի կոլեկտիվը, որն ամիսներ շարունակ ընդդիմանում եւ որպես տնօրեն չէր ընդունում կրթության եւ գիտության նախարարի դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին, նոյեմբերի 15-ից աշխատում է նրա հետ։ Այդ «հաշտությունը» կոլեկտիվի ըմբոստ անդամները բացատրեցին երեխաների շահերին չվնասելու նկատառումով։



Հիշեցնենք, որ դպրոցի կոլեկտիվը հայտարարում էր, որ դպրոցի խորհրդի նիստերն անցել են ոչ օրինական, եւ Վերգինե Եսայանն անօրինական ձեւով է նշանակվել տնօրեն։ Նրանք թույլ չէին տվել, որ Վերգինե Եսայանը մուտք գործի դպրոց, նրա նշանակման հարցը մինչ օրս վիճարկում են դատարանում, չէին հանձնել կնիքը։ Վերգինե Եսայանն, այնուամենայնիվ, մուտք գործեց դպրոց եւ կարծես թե չբախվեց խնդիրների։ «Բացարձակապես ոչ մի խնդիր չի ծագել ո՛չ աշխատանքային, ո՛չ մարդկային հարաբերությունների առումով։ Շատ մանրակրկիտ ընդունում-հանձնում կատարվեց, բայց ոչ մի անբարյացկամ վերաբերմունք ոչ մեկի կողմից չեմ տեսել՝ ո՛չ կոլեկտիվի, ո՛չ երեխաների ծնողների»,- մեզ հետ զրույցում ասաց Վերգինե Եսայանը՝ հիշեցնելով, որ ինքը կոլեկտիվի հետ խնդիրներ չի ունեցել, անհամաձայնությունը եղել է նշանակման կարգի հետ կապված, ինչին էլ կտրվի լուծում։



Այդ իսկ պատճառով էլ, ըստ մեր զրուցակցի, ինքը չի ունեցել բարդույթներ։ Դպրոց մուտք գործելուն պես էլ Վերգինե Եսայանը բախվել է լուծում պահանջող այնպիսի ընթացիկ հարցի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն է։ Ըստ նրա՝ դասարանների կահավորանքն ամբողջական չէ, պետք է կահավորվեն, կարգի բերվեն։ «Բոլորն ընդունում են, որ պետք է լինեն բարեփոխումներ դպրոցում, պետք է լինի էրգոթերապիայի կաբինետի ձեւավորում, որը հենց հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված թերապիայի ձեւ է։ Պետք է թարմացվի նաեւ ֆիզոթերապիայի կաբինետը, նոր գույք պետք է ձեռք բերվի։ Կան բազմաթիվ թերապիաներ, որոնց համար պետք է գումար նախատեսվի։ Պետք է հոգեբանի, լոգոպեդի կաբինետներում, խաղային թերապիայի սենյակում ավելացվի գույքը, այսինքն՝ բարելավվումներ պետք է լինեն»,- ասաց Վերգինե Եսայանը։ Հետաքրքրվեցինք, թե դատախազությունն աուդիտ անցկացնելուց հետո ի՞նչ խախտումներ է հայտնաբերել դպրոցում։ «Խախտումները վերաբերել են հաշվապահության վարման կարգին, որոշ խախտումներ վերաբերում են աշխատողների ծանրաբեռնվածությանը, սննդի կազմակերպմանը։ Աուդիտը ներկայացրել է գործողությունների ծրագիր, որը մենք փորձում ենք իրականացնել»,- ասաց Վերգինե Եսայանը։



Հետաքրքրվեցինք նաեւ, թե այսուհետ կրթության եւ գիտության նախարարությունն ավելի մեծ ուշադրություն չի՞ դարձնելու Երեւանի թիվ 17 հենաշարժական խնդիրներ ունեցող հատուկ դպրոցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնօրենը նախարարի խորհրդականի տիկինն է։ «Աջակցություն կար եւ առաջիկայում էլ կլինի, բայց ոչ այն պատճառով, որ իմ ամուսինը ԿԳ նախարարի խորհրդականն է։ Այս դպրոցն ի սկզբանե եղել է նախարարի ուշադրության կենտրոնում։ Իմ նշանակումը պայմանավորված է հենց դրանով»,- ասաց մեր զրուցակիցը։ Վերգինե Եսայանը հավաստիացրեց, որ դպրոցը, սկսած 2018 թվականից, վերակազմակերպվելու է տարածքային աջակցման եւ գնահատման կենտրոնի։ Իսկ ահա հանուն տնօրենի նշանակման օրինական կարգի պայքարող հատուկ մանկավարժ Նոյեմի Խաչատրյանն, ի պատասխան մեր հարցի, թե ինչպես են աշխատում դպրոցում, ինչ մթնոլորտ է տիրում, արձագանքեց․ «Դպրոցում նորմալ ուսումնական գործընթացը շարունակվում է»։



**Թագուհի Հակոբյան**