Երկու միավորված հասցե՝ ՊԵԿ պաշտոնյայի դստեր անունով

Երկու միավորված հասցե՝ ՊԵԿ պաշտոնյայի դստեր անունով
Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում քաղաքապետարանի  որոշմամբ երկու շինություն միավորվել են, եւ մեկ միասնական հասցե է տրամադրվել։ Շինության սեփականատերերը երեքն են՝ Գոռ Մկրտչյան, Լուսինե Սարգսյան եւ Ռուզան Մաշադյան։  Ռուզան Մաշադյանը ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանի դուստրն է։ Մաշադյանը ՊԵԿ հնաբնակներից է, այս համակարգում դեռ 1996 թվականից է, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2013-2017 թթ․ ղեկավարում էր  ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը։ Այժմ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետն է։ Մյուս երկու սեփականատերերից մեկն էլ, մեր տեղեկություններով, ՊԵԿ նախկին պաշտոնյայի զավակ է։ Քաղաքապետարանի կողմից Ռուզան Մաշադյանին եւ մյուսներին տրամադրված հասցեն երկու այլ շինությունների հասցեների միավորում է։ Այսինքն՝ Մաշադյանի դստերը տրամադրվել է երկու շինություն, որոնք միավորվել են մեկ միասնական հասցեում։ Մի շինությունը, որ Տիգրան Մեծի պողոտա 32/3 հասցեում է, մյուսը՝ Տիգրան Մեծի պողոտա 32/4 հասցեում, միավորվելով դարձել են Տիգրան Մեծի պողոտա 30/2։ Ըստ երեւույթին՝ այստեղ բիզնես գործունեություն է ծավալվելու, այդ փողոցում իրար կողքի առեւտրային օբյեկտներ են։ Ու քանի որ Ռաֆիկ Մաշադյանը պետական պաշտոնյա է, շինությունը գրանցել է դստեր անունով, որպեսզի ասի՝ «ես բիզնես չունեմ»։ Այս տարբերակով բիզնես չունեն նաեւ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու մյուս գործարար պատգամավորները, նախկին ու ներկա վարչապետները, եւ այսպես շարունակ։ Փոխարենը բիզնեսներ ունեն իրենց կանայք, որդիներն ու դուստրերը։



Զանգահարեցինք Ռաֆիկ Մաշադյանին՝ պարզելու, թե ինչ տարածքի մասին է խոսքը։ Նա ասաց՝ այո, Ռուզան Մաշադյանն իմ դուստրն է, բայց նա ամուսնացած է, համասեփականատերերից մեկը՝ Գոռ Մկրտչյանը, նրա ամուսինն է։ Իսկ ի՞նչ տարածք է դա, առեւտրայի՞ն գործունեություն են ծավալում։ Մաշադյանն ասաց․ «Չեմ կարող ասել, կարծում եմ՝ այո։ Ես իրենց գործերով չեմ հետաքրքրվում»։ Նա, «զարմանալիորեն», ոչ մի բանից տեղյակ չէր, թե ինչ գործունեություն են ծավալում իր դուստրն ու փեսան, ինչ տարածք է իրենց հատկացվել եւ այլն։ Փաստորեն, դուստրը հորը տեղյակ չի պահել իր բիզնես մտադրությունների մասին, վաղը հարկայինի հետ խնդիր էլ ունենա, հայրը, վստահաբար, դարձյալ չի իմանալու։



Մենք այցելեցինք նշված հասցե՝ պարզելու, թե ինչ շինության մասին է խոսքը։ Նկատեցինք, որ Տիգրան Մեծի պողոտայի 30 եւ 32 շենքերի արանքում մի նոր շինություն կա, որը միավորում է երկու շինությունները (հետեւից եւ դիմացից երկու շինություն են իրար կպած)։ Այս շինության վրա հասցե նշված չէ, միայն գովազդային պաստառ կա, որի վրա գրված է․ «Meat house, Շուտով»։ Այսինքն՝ պաստառն ազդարարում է մոտ օրերս «Meat House»-ի՝ մսի խանութի բացման մասին։ Կողքի շենքում էլ կար մի տարածք, որը կրկին նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ՊԵԿ պաշտոնյայի դստեր անունով գրանցված  շինությունը բիզնես նպատակներով է օգտագործվելու։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**