Հեռուստատեսության աշխատակիցներին բարձր աշխատավարձ եմ ցանկանում

Հեռուստատեսության աշխատակիցներին բարձր աշխատավարձ եմ ցանկանում
Նոյեմբերի 21-ը հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օրն է։ Հայաստանում ռադիոն որպես զանգվածային լրատվության միջոց գործարկվել է առաջին հանրապետության տարիներից, իսկ հեռուստատեսությունը ՝ 1955 թվականից։ Այսօր էլ հեռուստատեսությունն ու ռադիոն մնում են հանրության կողմից ամենապահանջված լրատավամիջոցները, իսկ դրանում ոլորտի առաջատար մասնագետների ներդրումը զգալի է։ Նրանք ամեն օր հյուրընկալվում են մեր բնակարաններ և ապահովում օրվա տեղեկատվությունը, իսկ ինչպե՞ս է եղել նրանց մուտքը հեռուստատեսություն։



**Արմեն Դուլյան- «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան**



«Դե իմ մուտքը հեռուստատեսություն շատ շուտ է եղել, երբ դեռ Սովետի ժամանակ ես հեռուստատեսության հետ համագործակցում էի․ 2-րդ ծրագիր կար, «Երևան» էր կոչվում, անընդհատ իրենց համար նյութեր եմ արել, հետո, երբ պաշտպանության նախարարությունում էի աշխատում, ստեղծեցինք «Զինուժ» հաղորդումը, որը մինչև հիմա էլ գոյություն ունի։ Հետո երկար տարիներ հեռուստատեսության հետ կապ չեմ ունեցել, հիմնականում ռադիոյում եմ աշխատել, որը էլի հետաքրքիր էր, բայց վերջում, ինչպես ասում են, էլի վերադարձա հեռուստատեսություն։ Վերջին տարիներին մի քանի առաջատար հեռուստաընկերություններում եմ աշխատել՝ սկսած Հանրայինից մինչև «Կենտրոն»։ Տոնի առթիվ մեր հեռուստատեսությանը կմաղթեմ, որ սահմանափակումներ քիչ լինեն, ամեն բան ներկայացնեն այնպես, ինչպես կա, այլ ոչ այնպես, ինչպես ոմանց է ձեռնտու, ու մեկ էլ աշխատակիցներին բարձր աշխատավարձ, մենք իրականում շատ ցածր ենք վարձատրվում»։



**Քրիստինե Ալագուլյան- «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող, «Հորիզոն» լրատվական ծրագիր մեկնաբան**



«Իմ մուտքը հեռուստատեսություն եղավ, երբ ես դեռ ուսանողուհի էին։ Դա փոքր տեղական մարզային հեռուստաընկերություն էր, հետո արդեն, երբ ավարտեցի, սկսեցի աշխատել «Շանթ»-ում։ Շնորհավորում եմ հեռուստատեսությունում աշխատող ու աշխատած իմ բոլոր ընկերներին ու գործընկերներին: էկրանից այն կողմ գտնվող շատ մարդկանց համար սա երազանք է, էկրանից այս կողմ գտնվող մարդկանց համար այդ երազանքներն ու մարդկանց ակնկալիքները իրականություն դարձնելու պատասխանատվություն: Հեռուստատեսությունն այն տեղն է, որտեղ ուղղակի չկան կարևոր ու անկարևոր գործեր ու աշխատողներ: Այստեղ մեկի վատ աշխատանքը անմիջապես կանդրադառնա ընդհանուր արդյունքի վրա, յուրաքանչյուրի լավ աշխատանքը ապահովում է ցանկալի արդյունք: Հետևաբար բոլոր օղակների աշխատանքն է կարևոր: Ուստի ես բոլորին ցանկանում եմ հաջողություն, արժանապատիվ աշխատանք և մշտապես մարդկանց կյանքը ինչ–որ բանով դեպի լավը փոխելու և դրանով կյանքում դրականն ավելացնելու գիտակցում: Թող մեր բոլորի աշխատանքը լինի ոչ թե ընդդեմ չարի, այլ՝ հանուն բարու»։



**Դավիթ Սարգսյան- «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Երկրի հարցը» հաղորդաշարի վարող**



«Դա շատ վաղուց էր՝ 2003 թվականն էր, « Հայրենիք» հեռուստաընկերություն։ Այն ժամանակ ես 12 տարեկան էի, ռադիո էի հաճախում , «Հայրենիքն» էլ միակ մանկական հեռուստաալիքն էր, «Մանկական լուրեր» հաղորդում ունեինք, այդտեղ մեր առաջին փորձերն էինք անում, գնում էինք դպրոցական ծրագրեր լուսաբանելու և այլ։Դրանից հետո 2008 թվականին, երբ առաջին կուրս էի, «Երևան» հեռուստաընկերությունում լրատվական ծառայության մեկնաբան էի, հետո Հանրային հեռուստաընկերությունում եմ աշխատել, այդտեղ միջազգային լուրերի խմբագիր էի և վերլուծական թողարկման պրոդյուսեր, իսկ անցած տարվա սեպտեմբերից արդեն «Երկիր Մեդիայում» եմ ։ Հայկական հեռուստաեթերին կմաղթեմ պրոֆեսիոնալիզմ, դրա մեջ ամեն ինչ մտնում է»։



**Նաիրի Հոխիկյան- «Շանթ» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան**



«Հեռուստատեսությունում, որպես այդպիսին, սկսել եմ աշխատել 2007 թվականից, այսինքն՝ ուղիղ 10 տարի առաջ։ Սկզբից «Երևան» հեռուստատեսությունում։ Այդ ժամանակ ես նոր էի ավարտել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնտեղ մի կարճ ժամանակ փորձաշրջան անցա, հետո սկսեցի աշխատել, դրանից հետո «Կենտրոն» հեռուստաալիքում աշխատեցի որպես լրագրող, հիմա էլ «Շանթում» եմ։ Ես կարծում եմ, որ այսօր հեռուստատեսությունը շատ է ընկած օրվա լրահոսի հետևից։ Ես ուզում եմ, որ այն ավելի շատ կրթական ու ազգային գաղափարախոսություն ունենա։



**Կորյուն Սիմոնյան**