Ուզո՞ւմ է նախարարն ազատվել իր տեղակալից, թե՞ ոչ

Ուզո՞ւմ է նախարարն ազատվել իր տեղակալից, թե՞ ոչ

Բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը երեկ Hraparak.am-ի հետ զրույցում փաստացի ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, որ մտադրություն ունի հրաժարվել իր ՀՀԿ-ական տեղակալ Խաչիկ Հակոբյանից, ինչի մասին մենք գրել էինք նախօրեին։ Ավելի շատ նրա խոսքից հասկացվեց, որ առնվազն չի հերքում։ «Ասեմ հետեւյալը․ առհասարակ՝ քաղաքական դաշտ տեղափոխել կադրային քաղաքականությունը, եթե այն պայմանավորված չէ նախարարի փոփոխությամբ, կարծում եմ՝ սխալ է։ Ցանկացած կադրային փոփոխություն գերատեսչության ներսում իրականացվում է մի քանի սկզբունքների համաձայն։ Առաջինը՝ կառավարության ծրագրի արդյունավետ իրացում, երկրորդը՝ անձի, մարդու, պատասխանատուի մոտեցումները եւ իր իրացման կարողությունը նախ՝ իր գնահատմամբ եւ հետո՝ համակարգի պատասխանատուի։ Երրորդը․ այս պահի դրությամբ Խաչիկ Հակոբյանը փոխնախարար է։ Ինչ կլինի ապագայում, փաստը ցույց կտա»,- ասաց պարոն Մինասյանը։



- Խաչիկ Հակոբյանի խոսքից ինձ մոտ այն տպավորությունն ստեղծվեց, որ նա էլ կարծես թե գիտի, որ նման իրավիճակ կա, եւ, էստ էության, չէր հերքել, որ կարող է հեռանա։



- Ես չգիտեմ՝ ով է էդ լուրի տրամադրման հեղինակը կամ աղբյուրը, բայց ինչո՞ւ նման հարց չէր առաջանում, երբ որ առաջին տեղակալն էր փոխվում՝ Սիմոն Պապյանը։ Ես ուզում եմ մենք երկխոսենք իրար հետ հենց այս հատվածով․ կադրային քաղաքականությունը վերածել քաղաքական մոտեցումների, կարծում եմ՝ առնվազն ճիշտ չէ։



- Ձեր կողմից դրան վերածելու միտում կա՞։



- Բացարձակ ոչ, եւ կարծում եմ՝ որեւէ մեկի կողմից չկա նման միտում։



- Հարցը հստակ տամ՝ Դուք ուզո՞ւմ եք, որ աշխատանքից ազատվի Խաչիկ Հակոբյանը, ու նրան փոխարինեք այլ անձով։



- Պարոն Մակարյան, երբ որ փաստը կլինի, այն ժամանակ կխոսենք։



- Այսինքն՝ ոչ հերքում եք, ոչ հաստատո՞ւմ։



- Երբ որ փաստը կլինի, կխոսենք, հիմա խոսել մի բանի մասին, որ այս պահին այդպես չէ, ինչո՞ւ ավելորդ ժամանակ ծախսել։ Եվ ինչո՞ւ շատ ավելի կարեւոր հարցեր կան երկրում, բնապահպանության ոլորտում, այդ թեմաները թողած՝ քննարկենք կադրային հարցեր։



- Սրա կարեւորությունն այն է, որ գուցե վատ է աշխատել Խաչիկ Հակոբյանը, ինչ-որ հարցում թերացել է, անգամ գուցե այնպիսի վնաս է հասցրել պետությանը, որ ավելի շուտ պետք է հեռանար։



- Դուք այդպիսի գնահատական ինձնից լսե՞լ եք։



- Դրա համար ուզում եմ հասկանալ՝ լա՞վ է աշխատել նա, գո՞հ եք նրա աշխատանքից։



- Ժամանակը կգա, երբ որ փոփոխություն կլինի, էն ժամանակ կխոսենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ