Որքան էլ կանոնակարգում են, չի կանոնակարգվում

Որքան էլ կանոնակարգում են, չի կանոնակարգվում

Տրանսպորտի նախարարությունը որքան էլ ձգտում է կարգավորել Հայաստանից դեպի այլ երկրներ ուղեւորափոխադրումների ոլորտը, միեւնույն է՝ չի կանոնակարգվում։ Նախարարության գործադրած ջանքերն ընդամենը 5-10 տոկոսի արդյունք են տալիս։ Դա, ըստ էության, չեն հերքում նաեւ նախարարությունից։ Նախարար Վահան Մարտիրոսյանն այս հարցում ակնկալում է նաեւ մեր՝ լրատվամիջոցներիս աջակցությունը, որ խնդիրներ նկատելու, առաջարկություններ ունենալու դեպքում ներկայացնենք։ Այլ հարց է, որ նախարարությունն իր ողջ աշխատակազմով չի կարողանում օպտիմալ լուծում գտնել իր պատասխանատվության տակ գտնվող խնդիրներում եւ ապավինում է հասարակության, ԶԼՄ-ների աջակցությանը։ Բայց միայն «Հրապարակն» այս թեմայով բազմաթիվ հրապարակումներ է ունեցել, որոնք կարող էին օգտակար լինել տվյալ գերատեսչության համար, բայց չենք նկատել որեւէ արձագանք նախարարությունից, որ մեր բարձրաձայնած խնդիրների ուղղությամբ աշխատանք տանեն, փորձեն դրանց լուծում տալ։



Օրեր առաջ հերթական վթարը տեղի ունեցավ Հայաստանից Ռուսաստան ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսի մասնակցությամբ։ Ցավոք՝ ողբերգական ելքով։ Այս դեպքում ավտոբուսին բախված Mercedes-ի ուղեւորներն են մահացել։ Վթարի մեղավորն էլ, ըստ նախնական տեղեկությունների, հենց Mercedes-ն է եղել, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Setra մակնիշի ավտոբուսին։ Ավտոբուսը, պարզվեց, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող է եղել, պատկանել է ֆիզիկական անձի։ Տրանսպորտի նախարարությունն էլ որոշ ժամանակ առաջ ավտոբուսի տիրոջը տուգանել էր 450 հազար դրամով։ Բայց դա չի խանգարել, որ ավտոբուսը դարձյալ անկանոն եւ օրենքի խախտմամբ ուղեւորափոխադրում իրականացնի։ Ստացվում է՝ նախարարության կիրառած վարչարարությունն օգուտ չի տալիս, ոլորտը կանոնակարգելու եւ օրենքի խախտման դեմ տարվող պայքարի մեթոդներն անարդյունավետ են։



Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, թե ինչպես են մարդիկ Հայաստանից մեկնում, օրինակ, Անապա կամ հարակից այլ քաղաքներ։ Բանն այն է, որ տրանսպորտի նախարարության կայքում հրապարակված կանոնավոր ուղեւորափոխադրումների ցանկում Երեւանից Անապա ուղղությամբ միայն մեկ ընկերության անուն է նշված՝ «Էլիտ բաս», որն ստացել է այս ուղղությամբ կանոնավոր ուղեւորափոխադրման լիցենզիա։ Մյուսները, փաստորեն, օրենքից դուրս են գործում։ Բայց միայն մեկ ընկերությունը չի կարող, այն էլ՝ պիկ սեզոնին, ամբողջ ուղեւորահոսքն ապահովել այդ ուղղությամբ։ Բացի այդ, հասարակ քաղաքացին շատ հաճախ չի կարող տարանջատել, թե որն է կանոնավոր, որը՝ ոչ։ Նա հարցուփորձով կամ ինտերնետով իմանում է, թե որ ընկերությունն է մարդ տեղափոխում Անապա կամ Մոսկվա, հարմար եղավ՝ նրա հետ էլ գնում է։ Այլ հարց է, թե ճանապարհին ինչ խնդիրների առաջ են հայտնվում մարդիկ՝ մեկ վարորդով, հնամաշ ու տեխնիկապես ոչ սարքին ավտոբուսներով ճամփա ընկնելիս։ Իսկ տրանսպորտի նախարարը խնդրում է, որ մենք հաճախ իրազեկենք հանրությանը, թե որոնք են կանոնավորները, որոնք՝ անկանոն, եւ որ կանոնավորի տոմսերը վաճառվում են ավտոկայանում, մեկնումը նույնպես ավտոկայանից է։



Այս ամենի փոխարեն պետք է ընդամենը հստակ մեխանիզմ մշակել՝ ինչպես անել, որ դաշտը կանոնակարգվի, ի վերջո՝ շատ երկրներում մարդիկ դրան հասել են, ինչո՞ւ չենք կարող մենք էլ հասնել։ Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդունեց այս դիտարկումները՝ նշելով․ «Մենք անպայման կվերանայենք այդ ուղղությունները եւ իրենց հետ էլ, Ձեզ հետ էլ, եթե ինչ-որ առաջարկներ ունեք՝ չվացուցակների փոփոխություն, կվերանայենք։ Երեւի պետք է փոխենք ամառային եւ ձմեռային չվացուցակները»։ Նկատեցինք, որ միայն տուգանելը հարցի լուծում չէ, պետք է ավելի կտրուկ քայլերի գնալ։ Մասնավորապես, տեղեկություն կա, որ հնարավոր է նախարարությունը որոշի արգելել այդ ավտոբուսներին՝ հատել սահմանը, սահմանից հետ դարձնել ապօրինի երթուղիները։ Նախարարը չբացառեց այդ տարբերակը․ «Հիմա մտածում ենք այդ ուղղությամբ, որ մյուս կողմից շատ վնաս էլ չտանք ժողովրդին։ Հա, մենք կարող ենք սահմանի վրա կանգնեցնել, ժողովուրդը դուրս գա։ Իհարկե, ինչ-որ բաներ պետք է մտածենք, ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ վերջնական որոշման կարող ենք հանգել։ Դա իմ որոշումը չէ, միայն ես չեմ որոշում, դա քննարկում ենք ե՛ւ նախարարության ներսում, ե՛ւ ուրիշ ընկերությունների հետ, որ օպտիմալ լուծում գտնենք»։ Փաստն այն է, որ սայլը տեղից չի շարժվում կամ շատ դանդաղ է շարժվում, ընդամենը 5-10 տոկոսի արդյունավետությամբ։ «Տեսնո՞ւմ եք, գոնե Դուք ասում եք՝ 5-10 տոկոս նորմալացել է վիճակը։ Փորձենք այդ 5-10 տոկոսը սարքենք 50 տոկոս, հետո՝ 100»։ Բայց եթե նախարարությունն այս տեմպերով եւ այս եռանդով ձգտի 5-10 տոկոսը 50-100-ի հասցնել, երեւի 50-100 տարի պահանջվի դրա համար։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ