Կանադահայ բարերարը` հայկական խարդավանքների հորձանուտում

Կանադահայ բարերարը` հայկական խարդավանքների հորձանուտում

Կանադահայ բարերար Արփի Մերասը միակ սփյուռքահայը չէ, որին, այսպես ասած, «քցում» են Հայաստանում՝ չարաշահելով սփյուռքահայերի վստահությունը։ Այս դեպքում մեղադրյալի աթոռին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն է, ում դեմ քրեական գործ է հարուցվել։



Արփի Մերասը Կանադայում է ապրում, բարերար է, այնտեղ մանկապարտեզ է հիմնել, որտեղ անձամբ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ։ Այս տարիներին Հայաստանից մոտ երեք տասնյակ կարիքավոր երեխաների է իր միջոցներով տարել Կանադա՝ Տորոնտո քաղաք, պահել, բուժել նրանց։ Հայաստանում շատ է օգնել հատկապես երկրաշարժից տուժած ընտանիքներին։ Հայաստան գնալ-գալ սկսել է 1970-ականներից։ Այդ ընթացքում էլ, ինչպես պատմում է, ծանոթացել է Մարինա Պողոսյանի ծնողների եւ անձամբ Մարինայի հետ, ում հարազատ դստեր պես է վերաբերվել, վստահել է նրան ամեն հարցում։ Վստահությունն այնքան է խորացել, որ Սախարովի հրապարակում 90-ականներին ձեռք բերած իր բնակարանն է վստահել, որ նա տիրություն անի, անգամ վերանորոգման աշխատանքները ղեկավարի։ Բնակարանն սկզբում ձեւակերպված է եղել Մարինայի եղբոր՝ Արտակի անունով, բայց վերջում անվանափոխել են Արփի Մերասի անունով։ Կանադահայ կինն էլ, քանի որ գտնվում էր Կանադայում՝ Հայաստանից շատ հեռու, որոշել է լիազորագիր տալ Մարինա Պողոսյանին, որ նա հարկ եղած դեպքում՝ իր համաձայնությամբ, իհարկե, կարողանա գործարք կատարել իր անունից։ Տարեց սփյուռքահայի մտքով, սակայն, չի անցնել, որ իր վաղեմի բարեկամն ու մտերիմը մի օր կարող է չարաշահել իր վստահությունն ու տրված լիազորագրով, առանց իր իմացության, վաճառել բնակարանն ու յուրացնել գումարը։
Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երեւան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքը եւ դրանց վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը: Դատական գործընթացն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Բնակարանի վաճառքը տեղի է ունեցել 2014 թվականին։



Արփի Մերասը բնակարանի վաճառքի մասին տեղեկացել է իր մտավորական ընկերներից՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Արթուր Ութմազյանից եւ Արմեն Խանդիկյանից։ Նրանք են պատահաբար շենքի մոտով անցնելիս նկատել Արփիի տան վրա փակցված «վաճառվում է» գրությունն ու զանգահարել-տեղեկացրել նրան։ Արփի Մերասն էլ, անակնկալի գալով, զանգել եւ ճշտել է Մարինա Պողոսյանից, թե ինչու է վաճառում տունը։ Մարինան սկզբում հերքել է, թե դա հարեւանի տունն է, երեւի շփոթել է՝ հայտարարությունն իր տան ճակատին է փակցրել, հետո խոստովանել է, որ տունը հանել է վաճառքի՝ պատճառաբանելով ֆինանսական խնդիրները։ Տունը նախ վաճառել է ընկերուհուն, ընկերուհին էլ՝ մեկ ուրիշի։ Այժմ Մ․ Պողոսյանին մեղադրում են խարդախության մեջ, իսկ Արփի Մերասը դատարանի միջոցով Մարինա Պողոսյանից պահանջում է 52 մլն․ 820 հազար դրամ։



Մեզ հետ զրույցում հարկիրճ այսպես ներկայացրեց իր գլխին եկածն Արփի Մերասը, ով առայսօր չի արձագանքել Մարինա Պողոսյանի՝ տարբեր լրատվամիջոցներով հնչեցրած մեղադրանքներին։



«Երբ որ ինձ առաջին անգամ զանգին ըսին (Արմեն Խանդիկյանն ու Արթուր Ութմազյանը), օր պաստառ կա տանդ բալկոնի վրա, ըսին՝ տունդ կվաճառե՞ս, ըսի՝ ոչ, ես նպատակ չունիմ։ Մարինային հեռաձայն էրի, ըսի, օր տանս բալկոնի վրա վաճառքի պաստառ կա։ Ինձի ըսավ՝ հարեւանի մայրը մահացավ, հավանաբար, անոր հետ շփոթել են, ես առանց քու թույլտվությանդ այդպիսի բան չէի էնե։ Եթե կուզես, ընկերներդ թող գան՝ բանալիները վերցնեն, տեսնեն, դուն ալ սկայպ միացրու, տես, որ ամեն ինչ տեղն է։ Ես էլ իրենց զանգեցի, ըսի, որ ամեն ինչ տեղն է։ Ինձի ըսին՝ այսքան նաիվ մի ըլլա։ Ինձ ուղարկեցին Real Estate բրոքերական ընկերության վաճառքի թուղթը, որ բնակարանս իր ողջ գույքով, սպիտակեղենով վաճառվում է կամ տրվում վարձով։ Այս թուղթը, որ ձեռքս անցավ, նորեն Մարինային զանգեցի, ըսի՝ դուն ինձի ըսիր, որ բան չէ եղած, բայց աս ի՞նչ է։ Ըսավ՝ ես հուսով էի, որ դուն գուքաս, եւ մենք այս մասին կխոսինք։ Ըսի՝ սեպտեմբերին գուքամ։ Եկա, հանդիպեցինք, ինքն ըսավ՝ շատ փողի պետք ունեի, ընկերուհուս անունով փոխանցեցի, որ գրավ դնի՝ հուսալով, որ մինչեւ քու գալդ պարտքերս փակած կըլլամ, եւ դուն խնդիր չես ունենա»,- պատմեց Արփի Մերասը։



- Ե՞րբ եք լիազորագիր տվել, եւ ի՞նչ լիազորագիր է դա։



- Իր առաջարկն էր, որ լիազորագիր կնքենք, որ իմ բացակայության ժամանակ, եթե ինչ-որ բան պետք լիներ, ինքն իմ փոխարեն ըներ։ Բայց իմ մտքես չանցավ, որ այդ լիազորագիրը տվել եմ վաճառքի համար։ Անսահման վստահություն ունեի իր նկատմամբ, իմ աղջկաս պես կվստահեի։



- Լավ, իսկ ինչպե՞ս եղավ, որ այդքան հեշտությամբ որոշեցիք Ձեր թանկարժեք բնակարանը վստահել ուրիշի եւ լիազորագիր տրամադրել։



- Մենք ընտանեկան բարեկամություն ունեինք իր մոր, հոր հետ։ Տարիներով հետս շփում ունեցած են, միասին Իտալիա գնացած ենք, ինքը Կանադա եկած է, մոտս մնացած է։ Այսինքն՝ մոտիկությունը շատ-շատ էր, եւ բնավ չեմ կասկածած, որ ասանք բան կըրնար եղնի։ Հիմա քրեական գործ է, ես իմ ցուցմունքս ունեցա, ինքն իր ցուցմունքն ունեցավ։



ՀԳՄարինա Պողոսյանն ու Արփի Մերասը հանդիպել ու զրուցել են Կասկադի սրճարաններից մեկում։ Զրույցը դատարանի թույլտվությամբ գաղտնի ձայնագրվել է եւ որպես ապացույց ներկայացվել դատարանում։ Զրույցի ընթացքում, ինչպես մեզ պատմեցին, Մարինա Պողոսյանն ընդունել է, որ առանց տանտիրոջ գիտության է վաճառել տունը, ներողություն է խնդրել կատարվածի համար եւ խոստացել է տունը հետ վերադարձնել։ Սակայն դատարանում լրիվ այլ բան է ասել՝ նշելով, թե բնակարանը միշտ էլ իրեն է պատկանել։ Նկատենք, որ լիազորագրով չի նախատեսվում առանց լիազորողի համաձայնության գործարք կատարել, հետո էլ այդ գործարքից ստացված գումարը յուրացնել։ Լիազորագրով ընդամենը թույլատրվում է հանդես գալ լիազորողի անունից եւ կատարել գործարք, այլ ոչ թե տիրանալ նրա գույքին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ