Մի օր էլ ինձ կշահարկեն, թե 15 տարեկանում տես ինչ ճոխ է նշել ծնունդը Վահրամ Բաղդասարյանը

Մի օր էլ ինձ կշահարկեն, թե 15 տարեկանում տես ինչ ճոխ է նշել ծնունդը Վահրամ Բաղդասարյանը

«Սիսիանի քաղաքապետի ծնունդը եղել է ապրիլի 28-ին, քնա՞ծ էին, որ երեք-չորս ամիս հետո գալիս հիշում են ծնունդները։ Ի՞նչ ա, ընտրությունից մի շաբաթ առաջ հիշեցին, որ Սիսիանի քաղաքապետը ծնունդ է ունեցել։ Բոլորս էլ ծնունդներ ունենք»-այսօր անդրադառնալով Սիսիանի քաղաքապետի ծննդյան տոնի տեսանյութին, որտեղ անձի պաշտամունքի նմանվող դրսևորումներ կան, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հիշեցնենք, մամուլում գրվեց, որ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ով վերստին առաջադրել է իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, ապրիլի 28-ին՝ իր ծննդյան օրը, համայնքապետարանի աշխատակիցներին ստիպել էր հագնել իր նկարներով շապիկներ և խմել իր դիմանկարով զարդարված կոնյակի շշից: Դրա վերաբերյալ նաև տեսանյութ տարավեց համացանցում, որը աղմուկից հետո հեռացվեց յութուբից։



Վահրամ Բաղդասարյանը չի դիտել այդ տեսանյութը, փոխարենը հիշեց, որ իր 15-ամյակն էլ շատ շուքով է տոնվել։ «Ափսոս այն ժամանակ չկար այս վիդեոնկարահանումնեը, բայց ֆոտոնկարներ կուղարկեմ, մի օր էլ ինձ կշահարկեն, թե 15 տարեկանում տես ինչ ճոխ է նշել ծնունդը Վահրամ Բաղդասարյանը»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։



Նա չցանկացավ գնահատական տալ բուն երևույթին՝ անկախ նրանից, թե դա ինչ նպատակով է հիմա համացանցում հայտնվել ու քննարկվում․ «Դուք մտածում եք՝ իմ նման փորձառու քաղաքական գործիչը ինչ-որ մեկի հայտարարությունից պիտի կսի այդ երևույթը իրատեսական համարել և գնահատականնե՞ր տալ»։



Ամեն դեպքում նա խոստացավ նայել տեսանյութը և իր գնահատականը տալ․ «Երևույթին դեռ ծանոթ չեմ, դա կարող է հանպատրաստից ինչ-որ բան է եղել, ես կծանոթանամ, և եթե հանկարծ իմանամ, որ դա այդ տարիքին հարիր երևույթ չի եղել, ես անպայման իմ նկատողությունը կանեմ»,-ասաց նա՝ նշելով, թե իրեն թվում է՝ անակնկալ է եղել միջոցառումն այդ ձևով կազմակերպելը։



Դիտարկմանը, թե անձի պաշտամունքի հոտ է գալիս այդ երևույթից, Բաղդասարյանն ասաց․ «Ես խոստանում եմ հոտ քաշեմ ու պատասխանեմ»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ