Երկու տոկոս գնաճը նույնիսկ համարում եմ, որ ցածր է էս երկրի համար

Երկու տոկոս գնաճը նույնիսկ համարում եմ, որ ցածր է էս երկրի համար

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին մենք ունենք 1.7 տոկոս գնաճ, մինչև տարվա վերջ կունենանք մոտ 2.5 տոկոս գնաճ։ Եվ դա պարոն Ջավադյանը նորմալ է գնահատում՝ համարելով, որ այս չափով գնաճը վտանգավոր սահմանների չի հասել։
«Մենք տարվա սկզբից ներարկել ենք մոտավորապես 100 միլիոն դոլարից ավելի համարժեք դրամ, մենք գնել ենք արտարժույթ շուկայից՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճին և նպաստել ենք գնաճին, որպեսզի դեֆլացիա չլինի»,-ասաց Արթուր Ջավադյանը։



Hraparak.am-ի հարցին, թե նախորդ տարի այս ժամանակահատվածում որքա՞ն է կազմել գնաճը, որպեսզի կարողանանք համեմատել, Ջավադյանն ասաց․ «Նախորդ տարի, ավաղ, դեֆլացիայով ենք ավարտել, որն այդքան էլ լավ երևույթ չէ։ Մենք գնաճային միջավայրից դուրս ենք եկել վերջին 2-3 տարվա ընթացքում և որևէ վտանգավոր չափի գնաճ չենք ունեցել»։



Ջավադյանը չի ժխտում, որ կան ապրանքատեսակներ, որոնք թանկացել են, բայց և հիշեցնում է, որ կան ապրանքատեսակներ, որոնք կտրականապես էժանացել են, օրինակ՝ շաքարավազը։



Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ գնաճի միջոցով փորձ է արվում բյուջեն լցնել, Ջավադյանն ասաց․ «Չէ, չէ, գնաճն ու բյուջեն էդ առումով իրար հետ կորելացիա չունենք։ Մենք գնաճ չունենք, խնդրում եմ ձեզ, դրան հետևեք։ 1.7 տոկոս գնաճը նորմալ գնաճ է»։



Ջավադյանը նույնիսկ նույնիսկ նորմալ և անհրաժեշտ է համարում որոշակի չափով գնաճ ունենալ տնտեսական աճի ապահովման համար։ «Փոքր գնաճը պարտադիր է, ցածր գնաճային միջավայրը տնտեսական կայուն աճ ապահովելու համար լավագույն մկջավայրն է։ Մենք ունենք ցածր գնաճ, որը համապատասխանում է աշխարհի բոլոր ստանդարտներին։ Երբ որ գնաճը լինում է 8-10 տոկոս, դա բարձր գնաճ է, Հայաստանի պայմաններում վերջին 15 տարվա ընթացքում մեր միջին գնաճը եղել է 3 տոկոսից պակաս, որը համապատասխանում է համաշխարհային լավագույն ստանդարտներին։ Իսկ 4 տոկոս գնաճը, որը մենք կանխատեսում ենք, նորմալ է։ Իսկ 2 տոկոս գնաճը նույնիսկ համարում եմ, որ ցածր է էս երկրի համար, որովհետև մենք որոշակիորեն խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ»։



Մեր այն դիտարկմանը, թե եկանք նրան, որ խթանվել է որոշակի գնաճը՝ տնտեսական աճ ապահովելու համար, Կենտրոնական բանկի նախագահը չհամաձայնեց․ «Ոչ, տոկոսադրույքներն իջեցրել ենք, դրա հաշվին դուք հնարավորություն եք ունեցել ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր վերցնել, դա լա՞վ է, թե՞ վատ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ