Անթրաշ, չսափրված, սիգարետը բերնին տաքսիստներ պիտի չլինեն․ վարչապետ

Անթրաշ, չսափրված, սիգարետը բերնին տաքսիստներ պիտի չլինեն․ վարչապետ

Այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետը ընդհուպ զբաղվեց տաքսիստներին կարգի բերելու հարցով։ Նա հանձնարարեց ոստիկանապետին ուժեղացնել լիցենզավորման գործընթացի հսկողությունը։ Վարչապետի խոսքից երեւաց, որ նա լավատեղյակ է տաքսիստների կողմից մատուցվող ծառայությունների որակից։ «Անթրաշ, չսափրված, սիգարետը բերնին տաքսիստներ պիտի չլինեն, զբոսաշրջիկները առաջինը նրանց են հանդիպում»,-ասաց վարչապետը։



Երեւի վարչապետի ծանոթ զբոսաշրջիկները իրեն պատմել են, թե ինչպես է տաքսիստը 20-30 հազար դրամով իրեն Մալաթիա Սեբաստիայով պտտացնելով բերել Երեւանյան լիճ եւ ասել, որ դա Սեւանն է։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցեց վարչապետին, որ տաքսիստներին վերահսկելը բավականին բարդ է։ «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում դատված, հաշվառման մեջ գտնվող մարդիկ չստանան լիցենզիա»,-ասաց Գասպարյանը։ Այսինքն, եթե մարդը մեկ անգամ դատվել է կամ հաշվառման մեջ է, պետք է սոված մեռնի։



Գասպարյանը նաեւ բացահայտեց, որ տաքսիստներով զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը, եւ այդ վարչության տաքսիստների հետ անցկացրած միջոցառումների ժամանակ պարզել են, որ լիցենզիա ստանալը շատ հեշտ է, բայց որպես մեծ ձեռքբերում՝ ոստիկանապետը նշեց․ «Մենք մաքրել ենք հոգեկան հիվանդություններից տաքսի ծառայությունները, մի կողմից՝ մաքրում ենք, մի կողմից՝ դրանք ավելանում են»։



Վարչապետը հանձնարարեց նաեւ Զվարթնոց-Երեւան երթուղային գծեր սահմանել։ «Շաթլ գին դրեք, որ ով ինչ գին ուզի, չկարողանա դնել»։ Նշենք, որ դա ընդունված է զարգացած երկրներում, երբ գործում են վճարովի, հատուկ ճանապարհներ։



Սյուզան Սիմոնյան