Սպաների հայրենասիրության պաշարը մի օր կսպառվի

Սպաների հայրենասիրության պաշարը մի օր կսպառվի

Պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, որը փորձառու զինվորական է, նաեւ պետական պաշտոններ է զբաղեցրել, այսօր հիասթափված է: Ապրիլյան պատերազմից ու հատկապես ԱԺ վերջին ընտրություններից հետո նրա պատկերացումները շատ հարցերի շուրջ 180 աստիճանով փոխվել են: «Մինչեւ ապրիլի 2-ը, երբ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, ինձ թվաց, որ վերջապես Հայաստանն անցել է համամասնական համակարգի, որտեղ անհատներն այլեւս չեն կարող ազդել ընտրությունների գործընթացի վրա: Սակայն արդյունքում գաղափարների ու դիրքորոշումների մրցակցությունը ոչնչացվեց մի մարդու` Սերժ Սարգսյանի կողմից: Անհատները, օլիգարխները, հեղինակությունները կարողացան ընտրազանգվածը տանել դեպի իրենց, բայց նրանք մի մեծ կուսակցական կաթսայի ծառայեցին, եւ կուսակցությունները, ոչինչ չանելով, անհատների միջոցով հասան ԱԺ: Հիմա մենք ունենք մեր բոլոր խորհրդարաններից ամենավատը: Նախկին ԱԺ-ում կային Հրանտ Բագրատյան, Ջհանգիրյան, Վարդան Այվազյան, Զարուհի Փոստանջյան, որոնք հեղինակավոր տեսակ էին եւ պայքարում էին իրենց տեսակետների համար: Հիմա Շարմազանովն ամպագոռգոռ հայտարարում է, որ կուսակցությունը որոշեց։ Ոչ, մեկ մարդը որոշում է, կուսակցությունը ենթարկվում է»,- ասում է գեներալը: Նրա հետ զրուցեցինք նաեւ բանակի ու պատերազմի թեմայով: 



- ԱԺ-ում քննարկված վերջին նախագծերից մեկով դատախազների ու քննիչների թոշակները բարձրացվեցին: Զինվորականության համար նման քայլեր չեն արվում:



- Ես կենդանի օրինակ բերեմ․ երկու օր առաջ ես ճշտելու համար զանգեցի Սիսիանի այն զինվորական տղային, ով առաջին զենք վերցնողներից է եղել պատերազմի ժամանակ: Զանգեցի, հարցրեցի՝ ի՞նչ ես անում, որտե՞ղ ես։ Ասաց` գործի եմ, ասացի` որտե՞ղ ես գործի։ Բա` ռեստորանում պահակ եմ աշխատում: Մայրաքաղաքային հատուկ գնդի առաջին սպան 26 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ այսօր ռեստորանում պահակ է աշխատում, ստանում է 130 հազար դրամ թոշակ: Սսում եմ` եղբայրդ ի՞նչ է անում։ Եղբայրը լեգենդար կռվող է եղել` առողջությունը, տեսողությունը կորցրեց, Մարտակերտի, Դրմբոնի մարտի մասնակից տղա: Ասում է` ինքն էլ այգեպան-դռնապահ է մեծահարուստի մոտ: Ինձ թվում է՝ դրանով ես ամեն ինչ ասացի:



- Դուք ինչքա՞ն թոշակ եք ստանում:



- Ես արցախյան, ապրիլյան պատերազմի մասնակից եմ, կորպուսի հրամանատարի տեղակալ, զորքերի հրամանատարի տեղակալ եմ եղել, ստանում եմ 130 հազար դրամ թոշակ: Նայեք, իմ ասած ընկերը, անունը հրապարակելու իրավունք չունեմ, բոլոր մարտական գործողությունների մասնակցել է: 100 անգամ մահվան դեմքին է նայել, իր մարտական ընկերներին է թաղել: Ինչո՞ւ պետք է դատախազն ստանա 400 հազար, ուսուցիչն ու սպան ստանան էսքան ցածր:



- Որ իրավապահ համակարգում կոռուպցիա չլինի:



- Նույն տրամաբանությամբ Կոստանյանը փրփուրը բերանին ապացուցում է, որ դա կոռուպցիան կանխարգելող միջոց է: Սպան էլ հայրենիքը կծախի, զինվորին կծախի, նյութական միջոցները՝ ռազմական, կվաճառի: Դա էլ է կոռուպցիա, ինչո՞ւ այս մասին չեք մտածում: Թե՞ հենվում եք սպայի հայրենասիրության վրա: Այն կարող է սպառվել:



- Ինչո՞ւ դատախազներն ԱԺ-ում մարդիկ ունեն, ովքեր իրենց հարցերը բարձրացնում են, բանակը չունի: Չէ՞ որ ՊՆ-ն ամենաշատ փողն է ստանում բյուջեից, բայց զինվորականության իրավունքները վերեւներում պաշտպանող չկա:



- Չունեն, որովհետեւ զինվորականները քաղաքականությամբ չեն զբաղվում, միայն հեղաշրջումների ժամանակ են զբաղվում: ՀՀ-ում այսօր զինվորականները չեն գնա իրենց պետության դեմ: Բայց համաշխարհային պատմությունը վկայում է, որ մի օր գալիս է պահը, երբ զինվորականները զենքը ձեռքին դուրս են գալիս պաշտպանելու իրենց: Այսօր սպայի աշխատուժի արժեքը 4-5 անգամ պակաս է, քան միջին աշխատուժի արժեքը:



- ԱԺ նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանը նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ: Ինչպե՞ս է զինվորականությունը վերաբերվում այս նոր երեւույթին: Առաջ, Օհանյանի ժամանակ, հիմնականում զինվորականությունն էր առաջ քաշվում, հիմա սա նոր քաղաքականություն է կարծես:



- Օհանյանը, բանակի առաջին սպաներից լինելով, բոլորին ճանաչում էր: Նա գիտեր բոլորի ունակություններն ու ճիշտ օգտագործում էր նրանց կարողությունները: Իհարկե, ամեն ինչ սուբյեկտիվ է, եւ ինքն էլ էր սխալվում, բայց նա իրավիճակին տիրապետում էր: Հիմա ՀՀ-ում մեկ մարդ ցանկացավ իրեն վերագրել բանակի վերահսկման լծակները:



Այսօր ՊՆ-ում նշանակումներ են կատարվում, որոնք ուղղակի զարմանք, զավեշտ ու արհամարհանք են առաջացնում: Չի կարելի պաշտպանության փոխնախարար նշանակել մարդու, ով մարտավարական, օպերատիվ, ռազմավարական մակարդակները չի հասկանում: Այդ տղաները փայլուն մարդիկ են, բարձր մարդկային հատկանիշներով, նաեւ Վիգեն Սարգսյանն է հիանալի անձնավորություն: Բայց, հասկանո՞ւմ եք, պատերազմող երկրում բանակի կառավարիչ նշանակել մարդու, ով պլանավորումից մինչեւ վերահսկողություն, մարտավարություն, պաշտպանական համակարգի վերահսկողություն չգիտի, հանցագործություն է:



- Սա նոր կոնցեպցիա է, որ նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, եւ նախարարը կարող է ռազմական գործողություններին մասնակցած չլինել:



- Ի՞նչ եք ասում: Կարդացեք Սահմանադրությունը, որտեղ գրված է, որ զինուժը գտնվում է պաշտպանության նախարարի ենթակայության տակ, եւ այն կառավարում է Պնախարարը: Նա պետք է պլանավորի ու մշակի օպերատիվ պլաններ, հաշվարկի դրանց ապահովումները, իսկ գլխավոր շտաբը կիրառի դրանք: Ամենապատասխանատուն ու գլխավորը բանակը կառավարելն է, որը պետք է կատարեն փորձառու, ռազմավարական մտածողությամբ մարդիկ, ովքեր հասկանում են բանակը:



- Մեր նախագահը վիրավորվա՞ծ է բանակից: Չէ՞ որ նա լավ պաշտպանության նախարար է եղել եւ լավ հասկանում է այս ամենը:



- Արցախյան ազատամարտի ժամանակ ես հաճախ եմ շփվել նրա հետ: Միշտ հիացել եմ նրանով: Ապրիլյան օրերին հենց նախագահի գալը Ղարաբաղ մեծ ոգեշնչում առաջացրեց բոլորի մոտ: Բայց ապրիլի 2-ից հետո հասկացա, որ սխալվել եմ նրա հարցում: Նա չի վախենում, պարզապես հասկանում է սպաների ուժը եւ փոշիացնում է բանակի հասարակական ազգային ուժը, դարձնում է բանակը ենթարկելի: Այսօրվա նշանակված փոխնախարարները բանակի հետ կապ չունեն, նրանք հրամաններ կատարողներ են: Չկա այն գեներալը, որը կարող է իր հեղինակությամբ ու փորձառությամբ պաշտպանել իր տեսակետը: Վերջին հենարանը Մովսես Հակոբյանն է: Ես շփվում եմ իմ ծառայակից ընկերների հետ, ու այդ նույն հարցերը բոլորն են տալիս: Նույն վիրավորանքը եւ զսպված դժգոհությունը կա: Պահեստազոր անցած ավագ սպաների` մայոր, փոխգնդապետ, գնդապետ, մեծ մասը` 80 տոկոսը, երկրից դուրս է գալիս, մնացած 20 տոկոսից 18-ը ծառայում է կամ տաքսիստ, կամ պահակ: 2 տոկոսին է հաջողվում տեղ գտնել: Մինչդեռ պատերազմի դեպքում այս սպաները ոսկե ֆոնդ են: Ապրիլյան պատերազմի օրերին «Երկրապահից» 14 զոհ ունեցանք, նրանցից 8-ը նախկին սպաներ էին:



- Դուք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալն էիք: Ուսանողների քանակն այն ժամանակ եւ հիմա․ մե՞ծ է տարբերությունը:



- Այն ժամանակ՝ 2004-2005 թվականներին, մենք ունեինք մոտավորապես 1300-1400 կուրսանտ, այսօր 350-400 կուրսանտ են․ այսքան մարդ է ուզում սպա դառնալ: Այսօր ռուսական ուսումնական հաստատություններում մեկ տեղի համար 5 հոգի է պայքարում, մեզ մոտ մեկ տեղի համար մի հոգի էլ չկա: Ահա՝ վիրավորված, կիսաքաղց թոշակառու սպաների վիճակի ազդեցությունը մեր հանրապետության վրա: Եթե իրենց թվում է, որ փորձառու, արցախյան պատերազմի հերոսը նրա առաջ է «դուռ բացում», ով այդ տարիներին փախած է եղել արտասահման, հետո եկել է, պալատ կառուցել, ու հայրենիքը պաշտպանածն իր առաջ դուռ է բացում-փակում, ու դա չի ազդում հասարակական գիտակցության վրա, չարաչար սխալվում է: Հիշեք` 1920 թ․ 70 հազարանոց հայոց բանակը պարտվեց 5 հազարանոց բաշիբոզուկներին միայն նրա համար, որ բոլորը զենքը գցեցին ու ասացին` թող հիմա աղաների լակոտները գնան ծառայեն, եւ մենք պարտվեցինք: Այսօր ովքե՞ր են դարձել ԱԺ պատգամավոր: Դուք այս ամորֆ, անգիտակից օլիգարխների զավակներից ու փեսաներից ինչ-որ ազգային գաղափարների պաշտպանությո՞ւն եք փնտրում: Չի լինի, նայեք, թե ովքեր են մտել ԱԺ: Տղամարդկանց 85 տոկոսը բանակում ծառայած չէ: Կառավարությունը, փոխնախարարները բանակում չեն ծառայել: Ինչքան էլ հիմա անուններ հորինեն` «Ես եմ», դու ես, «Պատիվ ունեմ», հենց այն, որ կարելի է ՊՆ վարչության պետ ու փոխնախարար դառնալ առանց բանակում ծառայելու, արդեն բավական է, որ ոչ ոք չգնա ծառայելու: Պատկերացնո՞ւմ եք, Իսրայելում որեւէ մեկը փոխնախարար դառնա՝ առանց բանակում ծառայելու: Հնարավոր չէ: Դրա համար նրանց ազգային դիմադրողականությունը 10 անգամ բարձր է, քան հարեւան երկրներինը, քան մերը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ