Ամեն զուռնա նվագող չէ, որ ազգային երաժշտություն է մատուցում

Ամեն զուռնա նվագող չէ, որ ազգային երաժշտություն է մատուցում

Երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրոն) ու Մկրտիչ Մկրտչյանը, ովքեր հյուրախաղերով գտնվում էին Սիրիայում՝ ՀՅԴ տեղի կառույցների հրավերով, օրերս վերադարձել են հայրենիք։ Ինչպես պատմում է Արսեն Գրիգորյանը, պատերազմից հետո սա իր առաջին այցելությունն էր։ «Բեյրութ գնացինք, հետո մեքենայով հասանք Հալեպ։ Պետք է ասեմ, որ սկզբում չճանաչեցի Հալեպը, որովհետեւ թաղամասերը լրիվ ավերված էին, հետո տեսա մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու հասկացա, որ հայկական թաղամասում ենք։ Առաջին օրը հանդիպում ունեցանք այն տղաների՝ զինվորների հետ, որոնք այս 6 տարիների ընթացքում օր ու գիշեր, մինչեւ հիմա պաշտպանում են հայկական թաղամասերը։ Մեր առաջին համերգը հենց իրենց նվիրեցինք։ Հաջորդ օրը գնացինք, ինչպես իրենք են ասում՝ պատսպարան, որբացած երեխաներին հանդիպելու, երգեցինք նրանց համար։ Եղանք նաեւ հայկական ծերանոցում, որտեղ ջերմորեն շփվեցինք, երգեցինք, ու այդ ամենն այնքան հուզական էր»,- պատմում է Արսեն Գրիգորյանն ու նշում, որ համերգները եղել են բավականին մարդաշատ ու ջերմ։ 



Անդրադառնալով հալեպահայությանը, նա նկատեց, որ նրանք ամենաշատը ուշադրության կարիք ունեն։ Երգիչն ընդգծում է՝ իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնել Հալեպում ապրող հայերին, քանի որ Հայաստանի սահմանը սահմանափակված չէ միայն աշխարհագրական տարածքով, կա նաեւ բարոյական սահման. «Այդ բարոյական սահմանի վրա մի ամրոց կա, որտեղ Հալեպն է, իսկ հալեպահայությունն այս պատերազմի ընթացքում իր հավատարմությունն ու երախտագիտությունը հայտնեց Սիրիայի ժողովրդին, որը ցեղասպանությունից հետո գրկաբաց ընդունեց մեր ժողովրդին։ Դրա համար հալեպահայերից շատերը չլքեցին Հալեպը, որովհետեւ պետք է պահեին հայի թասիբը, արժանապատվությունը։ Պետք է նաեւ ասեմ, որ յուրաքանչյուր հալեպահայի ցանկությունն է վերջնականապես վերադառնալ ու հաստատվել հայրենիքում․ սա ժամանակի խնդիր է»։



Արսեն Գրիգորյանը, ով մոտ մեկ ամիս առաջ հասարակական հիմունքներով նշանակվեց մշակույթի նախարարի խորհրդական՝ կանոնակարգելու ազգագրական երգ-երաժշտության ոլորտը, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ խորհուրդներ է տալիս նախարարին, ինչ գործառույթներ է իրականացնում, նախ շնորհակալություն հայտնեց այդ վստահության համար, ապա նշեց, որ ինքն այդ պաշտոնում էլ շարունակում է իր գործը. «Արմեն Ամիրյանն էլ, բոլորն էլ տեսել են, որ այս տարիների ընթացքում ազգային երգ-երաժշտության տարածման համար ես փորձում էի ամեն ինչ անել։ Պարոն Ամիրյանն ասաց՝ արի ավելի պաշտոնական բնույթ տանք այս ամեն ինչին, որովհետեւ մեր մշակութային կյանքում շատ խնդիրներ ունենք, որոնք կարիք ունեն համակարգելու, որպեսզի կատարողական խմբերի որակն ավելի բարձրանա»։



Ըստ Գրիգորյանի, Հայաստանում գործող խմբերի գործունեության տեսակը պետք է մի քիչ փոխվի, դրանք մի քիչ ավելի ակտիվ, ֆունկցիոնալ պետք է լինեն. «Նույնն էլ վերաբերում է անհատներին, խմբերին, որոնք Հայաստանից դուրս՝ միջազգային հարթակներում ներկայացնում են հայ մշակույթը։ Պետք է հսկողություն սահմանենք եւ նախանձախնդիր լինենք, թե արդյոք տվյալ խումբն ունի՞ այդ վաստակած իրավունքը թե բովանդակային, թե կատարողական, թե որակական առումով։ Մենք շատ գործեր ունենք անելու եւ, կարծում եմ՝ շուտով ականատես կլինենք արդյունքներին»։



Խորհրդականի պաշտոնում նշանակվելու հենց առաջին օրը Գրիգորյանը ցանկություն է հայտնել որակի նշաձողը բարձրացնել, նշելով, թե ամեն զուռնա նվագող չէ, որ ազգային երաժշտություն է մատուցում. «Հատկապես այն երաժիշտները, խմբերը, որոնք մեր ենթակայության տակ են, կարող ենք հսկել եւ ասել, որ սա մեզ հետ կապ չունի, թեկուզ դու տարազ ես հագնում, բայց քո տարազը կապ չունի հայկական իրականության հետ։ Ամեն դուդուկով նվագած երաժշտություն չէ, որ հայկական ։ Մենք պետք է ազնիվ, շիտակ լինենք, մեր թիրախը պետք է լինի հայ երեխան, ում պետք է հասնի ազգային երգ-երաժշտությունը մաքուր, անաղարտ ձեւով, որ նա տարբերի մերն օտարից»։



Ի դեպ, մի քանի ամիս առաջ Արսեն Գրիգորյանը նախաձեռնեց ազգային երգի-պարի նոր ծրագիր՝ ստեղծել ազգագրական համույթներ այն բնակավայրերում, որտեղ դրանք չկան։ Ծրագիրն սկսվելու է Արտաշատից, եւ այդ առիթով շուտով կարվի նաեւ հայտարարություն։ Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտում տրվող կոչումներին, Գրիգորյանը նախընտրեց դրանց չանդրադառնալ, նշելով, որ պարգեւները ճիշտ երեւույթ են՝ գնահատելու տվյալ գործչի աշխատանքը, որը պետք է լինի ծառայություն մեր ժողովրդին ու պետականությանը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ