ՄԱԿ-ը հերքում է Սերժ Սարգսյանի «կրակած» թիվը

ՄԱԿ-ը հերքում է Սերժ Սարգսյանի «կրակած» թիվը

Ճամպրուկներ վաճառող ծանոթս Հայաստանում արտագաղթի տեմպերի մասին իր յուրօրինակ վիճակագրությունն է ներկայացնում՝ ելնելով վաճառած ճամպրուկների քանակից: Ասում է, որ թանկարժեք ճամպրուկների գնորդներ համարյա չկան, իսկ էժանները հարյուրներով վաճառում է: «Էժան ճամպրուկ գնողները Հայաստանից գնացողներն են, ավելի ճիշտ՝ փախչողները, որոնց համար մեկ է՝ ինչի մեջ կլցնեն իրենց ունեցած-չունեցածը, տոպրակ կամ պարկ էլ լինի՝ հերիք է: Իսկ նա, ով թանկ ճամպրուկ է առնում, ուրեմն փողի խնդիր չունի՝ գործերը լավ են, իսկ եթե գործերը լավ են, նա երկիրը լքողներից չէ»: Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրների մասին բացի այս՝ սիրողական մակարդակի վերլուծությունից, առկա է նաեւ լուրջ փորձագիտական, վիճակագրական տվյալների վրա հենված վերլուծություն: Արդյո՞ք այդ՝ երկրորդ տեսակի վերլուծության հիման վրա էր Սերժ Սարգսյանը կառուցել ԱԺ-ում ժամանակ առաջ հնչեցրած իր ուղերձի այն հատվածը, որտեղ, որպես առաջիկա տասնամյակի գերխնդիր, նշում էր Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը եւ կոնկրետ թիվ հնչեցնում՝ 2040-ին ՀՀ-ում առնվազն 4 միլիոն բնակիչ պետք է լինի: Այս թիվը հակասում է օրերս ՄԱԿ-ի հրապարակած զեկույցին, ըստ որի՝ 2050-ին ՀՀ բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցի համաձայն, ՀՀ բնակչությունն այժմ 2 մլն․ 930 հազար է: Ավելին, ըստ նույն փաստաթղթում արված կանխատեսման, 2100 թվականին մեր երկրում ապրելու է ընդամենը 1 մլն․ 849 հազար մարդ: Այս թվական հակասությունը հուշում է, որ կամ Սերժ Սարգսյանի «սպիչռայթերները» ցնորամոլներ (ֆանտաստ) են, կամ էլ վերստին ապավինել են «թիվ կրակելու» ընդունված պրակտիկային՝ կարծելով, որ մինչեւ 2040 թվականն այդ թվի մասին դժվար թե հիշողներ լինեն: Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Սարգսյանի հնչեցրած թվի եւ ՄԱԿ-ի տվյալների միջեւ առկա հակասությանը՝ նշելով. «Սա բավականին ծանրակշիռ հայտարարություն է, եւ եթե պարոն պրեզիդենտը նման թվեր է հնչեցնում, ապա ինձ հետաքրքիր է իմանալ, թե այդ թիվն ինչպես է ձեւավորվել, պետք է նման թվի տակ ինչ-որ հաշվարկ, կանխատեսում կամ այլ տվյալ դրված լինի: Այդ հայտարարությունը բոլորովին չի համապատասխանում այն երեւույթների զարգացման հետագծերին, որոնք ունենք: Դա նշանակում է արմատապես բեկել մեր ժողովրդագրական, միգրացիոն իրավիճակը: Իսկ դա անելու համար հեղափոխական փոփոխություններ են անհրաժեշտ, պետք է այսօրվա իրավիճակը գլխիվայր շուռ տանք, որպեսզի հավակնենք, հույս ունենանք, որ գուցե իրատեսական դառնա նման գնահատականը: Այսօրվա դրությամբ ես դա իրատեսական դարձնելու լուրջ ուղիներ չեմ տեսնում»:



Բնակչության ավելացումը, ըստ մեր զրուցակցի, տեղի է ունենում հետեւյալ գործոնների հաշվին․ ծնելիության աճ՝ բնական հավելաճի հաշվին, ծնունդների՝ մահվան նկատմամբ գերակշռման եւ միգրացիոն տեղաշարժերի հաշվին, երբ երկիր եկողներն ավելի մեծ թիվ են կազմում, քան մեկնողները: «Այսօրվա դրությամբ մենք ունենք ծնունդների գերակշռում մահերի թվին մոտ 12-13 հազարով, որը ժամանակավոր երեւույթ է, եւ, դատելով այն միտումներից, որոնք գոյություն ունեն, ապագայում մահերի թվի գերակշռում եմ կանխատեսում: Բնակչության միգրացիոն շարժն առայժմ տեղի է ունենում բավական զգալի թվով՝ բացասական մնացորդով: Դրա հետեւանքով էլ տեղի է ունենում բնակչության թվաքանակի շարունակական կրճատում»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ 1990-ից մինչ այսօր բնակչության թվաքանակի ավելացում որեւէ միջակայքում չենք ունեցել, տեղի է ունենում հակառակ պրոցեսը՝ նվազում: «Այնպես որ՝ ՄԱԿ-ի գնահատականը բավական իրատեսական է, եթե նկատի ունենանք, որ մեր մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոնից պակաս է` ըստ վերջին մարդահամարի տվյալների»,-ասում է Եգանյանը: Փորձագետի խոսքով՝ բնակչության թվաքանակն ինքնըստինքյան աճել չի կարող, դրա համար պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկել, որոնք բավական թանկ ու ծախսատար են: Բացի այդ էլ, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, դրանք միանշանակ ու երաշխավորված արդյունքներ չեն ապահովում: «Ցավոք սրտի, այժմ մեր պետության կողմից չեմ տեսնում նման գործողություններ, ֆինանսական հնարավորություններ էլ չեմ տեսնում, առանձնապես նպատակաուղղված ցանկություն էլ չեմ տեսնում: Որոշակի քայլեր արվում են, սակայն դրանք իրավիճակի կարդինալ լուծում ապահովել չեն կարող»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով՝ ժողովրդագրական խնդիրների վրա անմիջական ազդեցություն ունեն հանրային կյանքի բոլոր ասպեկտները:



«Ժողովրդագրական խնդիրը համակարգային խնդիր է: Առանց փոխելու քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգը, բարոյահոգեբանական առկա մթնոլորտը, հնարավոր չէ խնդրին լուծում տալ: Այլ կերպ ասած՝ պետք է բարեկեցիկ կյանքի երաշխիքներ տալ մարդկանց, որպեսզի նրանք երկրում ապրելու, սերունդ տալու ցանկություն ունենան: Եթե չկան այդ երաշխիքները, ապա ծնելիության խթանման մասին պետք է մոռանալ»,- ասաց Եգանյանը: Նա հարց հղեց՝ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչու սեռահասուն տարիքի մարդիկ անընդհատ հետաձգում են ամուսնությունը, ի՞նչն է դրան խոչընդոտում: Երկրորդ․ ամուսնանալուց հետո ի՞նչն է ստիպում քիչ երեխա ունենալ: Այն, որ ՀՀ-ն պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է, եւ մահվան ելքով սահմանային միջադեպերը հաճախակի բնույթ ունեն, եւս դեմոգրաֆիական պատկերի վրա ազդող երեւույթ է՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով: Նախ պատերազմական իրավիճակը սոցիալ-հոգեբանորեն ազդում է մարդու վրա ու սեփական, ինչպես նաեւ իրենից ծնվածների կյանքի անվտանգության, ապագայի նկատմամբ վստահության կորստի առաջ կանգնեցնում: Մարդն ապահովության զգացում չի ունենում եւ այն փնտրում է այլ տեղերում: Եվ, բացի այդ՝ վերարտադրողական տարիքի երիտասարդ տղամարդկանց կորուստը հայրենիքի պաշտպանության ժամանակ նույնպես անմիջական ազդեցություն է ունենում բնակչության սեռատարիքային կազմի վրա: «Դա, իհարկե, բարեբախտաբար, առայժմ՝ բարեբախտաբար, այնքան մեծ թիվ չի կազմում, բայց անվերապահորեն իր ազդեցությունն ունենում է»,- ասաց փորձագետը՝ ակնարկելով, որ նման միջադեպերի հաճախակիացումն ու մասշտաբների մեծացումը կարող են լուրջ վտանգ ներկայացնել: Իսկ արդյո՞ք կառավարության 2017-ի ծրագիրը միտված է ՀՀ-ում ժողովրդագրական պատկերի բարելավմանը: Թեեւ հանգամանքների բերումով փորձագետը դեռեւս չի հասցրել մանրամասն ծանոթանալ հիշյալ ծրագրին, սակայն. «Ծանոթ լինելով այսօրվա իրավիճակին, չեմ կարծում, թե այդ ծրագիրը կկարողանա բեկումներ մտցնել մեր ժողովրդագրական իրողությունների մեջ»: 



ՀԳ. Ըստ ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում նվազելու է նաեւ Վրաստանի բնակչությունը՝ 3,9 միլիոնից հասնելով 2,5-ի, նաեւ Ռուսաստանինը՝ 144 միլիոնից հասնելով 124 միլիոնի: Ադրբեջանի բնակչությունը եւս կկրճատվի՝ 9,8 միլիոնից նվազելով 9,5-ի, Իրանի 81,1 մլն․ կազմող բնակչությունը նույն շրջանում կկազմի 72,4 միլիոն: Մինչդեռ Թուրքիայի բնակչությունը կաճի՝ 76,5 միլիոնից դառնալով 85,7։ Ի դեպ, արտագաղթը լուրջ խնդիր է նաեւ մերձբալթյան հանրապետությունների համար։ Օրինակ, Լիտվայում կան շրջաններ, որտեղ բնակչության միջին խտությունը միավոր կիլոմետրի վրա չի գերազանցում չորս կամ հինգ մարդը, իսկ քիչ բնակեցված հատվածը երկրի տարածքի ուղիղ 45%-ն է կազմում:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ