Մեղավորը "համաշխարհային մասշտաբն" է

Մեղավորը "համաշխարհային մասշտաբն" է
Արցախի գյուղնախարարությունն այլ կերպ կարելի է անվանել տեղեկատվական ծառայություն։ Այդ կառույցի գործը փաստորեն այն է, որ մոտավորապես երկու շաբաթը մեկ կառավարության ղեկավարին տեղեկացնում է գյուղատնտեսության ոլորտի խայտառակ վիճակի մասին։ Ներկայացված "զեկույցն" ընդունելով, վարչապետը նոր հանձնարարականներ է տալիս գյուղնախարարին, որպեսզի վերջինս այդ հանձնարարականները, որպես յուրօրինակ դարման, բաժանի հողագործներին։ Պարզ չէ, գյուղնախարարը չի՞ կարողանում բարեխղճորեն կատարել իրեն վստահված այդ ծանր պարտականությունը, թե՞ գյուղացիները զլանում են իրականացնել կառավարության պատվիրանները։ Փաստն այն է, որ Արցախի գյուղատնտեսությունը չունի գոնե մի ճյուղ, որտեղ վիճակը բավարար լինի։



Օրերս հերթական խորհրդակցության ժամանակ գյուղնախարար Արմո Ծատրյանը կառավարությանը հերթական տեղեկատվությունը տվեց հացահատիկային մշակաբույսերի ավարտվող բերքահավաքի արդյունքների վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ հանրապետության շուրջ 46 հազար հեկտար արտերից հնձվել է ավելի քան 38 հազարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է ընդամենը 6,8 ցենտներ (տեղեկացնենք միայն, որ խորհրդային տարիներին Արցախում միջին բերքատվությունը 20-24 ցենտներ էր)։



Գյուղնախարարի զեկույցը լսելով, վարչապետ Ա. Հարությունյանը կարող էր բռունցքով խփել սեղանին ու հայտարարել՝ վե՛րջ, ձեր այդ անպետք նախարարությունը լուծարում եմ, հերի՛ք է պետության համեստ գանձարանից կլորիկ գումարներ ստանաք եւ վիժեցնեք գյուղատնտեսության վերաբերյալ կառավարության ծրագրերը... Բայց նա միանգամայն այլ կերպ վարվեց՝ խորհրդակցության մասնակիցներին նկատել տվեց, որ այս տարի հացահատիկայինների ցածր բերքատվությունը համաշխարհային մասշտաբի հիմնախնդիր է, ուստի սպասվում է ցորենի գնի աննախադեպ բարձրացում: "Հարկ է հացահատիկ արտադրողներին խորհուրդ տալ՝ չշտապել բերքի իրացման հարցում",- եզրափակել է նա։ Աստված պահի այդ "համաշխարհային մասշտաբն" ու "միջազգային ճգնաժամը"։ Բոլոր ձախորդությունները կարելի է բարդել դրանց վրա եւ հանգիստ խղճով շարունակել առաջ տանել սեփական բիզնեսը:



Այս խորհրդակցության ժամանակ զարմանալիորեն չխոսվեց մկների եւ տարատեսակ այլ կրծողների ու վնասատուների դեմ պայքարի մասին։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ