Տղամարդկություն ըստ Հակոբ Ավետիքյանի

Տղամարդկություն ըստ Հակոբ Ավետիքյանի
Ի սկզբանե դեմ եմ եղել միջթերթային պատերազմներին եւ բացասաբար եմ վերաբերվել լրատվամիջոցների՝ միմյանց դեմ ուղղված նյութերին: Մի բացառությամբ՝ եթե դա քաղաքացու՝ ոչ լրագրողի կամ խմբագրի, ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակում չի նշանակում: Սակայն այն, ինչ ձեռնարկել է "Ազգ" օրաթերթը վերջին օրերին "Հրապարակի" դեմ, չեմ կարող անտեսել:



Նախ, այդ թերթում հայտնվեց մեր թերթի արտահաստիքային թղթակից վանաձորցի Գայանե Հովսեփյանի հոդվածը, որտեղ նա մեղադրում էր "Հրապարակի" խմբագրին իր իրավունքները ոտնահարելու մեջ: Մեղադրանքներն անհեթեթ էին, սակայն ինձ թվաց, որ դա թյուրիմացության, անտեղյակության արդյունք է, եւ ես փորձեցի քաղաքակիրթ պատասխան ուղարկել "Ազգին"՝ ձեռնպահ մնալով գրվածին իմ խմբագրած թերթում  համարժեք պատասխան տալուց: Հակոբ Ավետիքյանը, որ սիրում է հրապարակային ելույթներում խոսել լրագրողական էթիկայից եւ մեղադրում է լրագրողների երիտասարդ սերնդին անպարկեշտության մեջ, էթիկայի եւ բարոյականության բոլոր սահմանները խախտելով, սկսեց դաս տալ ինձ:



Ես եմ որոշում, թե ինչպես խմբագրել թերթը, ում հոդվածներն ընդունել, ումը ոչ, ում հետ պայմանագիր կնքել եւ ում հետ աշխատել հոնորարի սկզբունքով: Այնպես, ինչպես "Ազգ" թերթում որոշում է ինքը՝ Հակոբ Ավետիքյանը: Ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ (քան իր համար) գտնել "Ազգի" 20-ամյա գործունեության ընթացքում թերթից հեռացած հարյուրավոր "աբիժնիկների", որոնց հոդված-նամակներով կարող էի հեղեղել մեր թերթի էջերը: Կարող էի հաշվել, թե իր աշխատողներից քանիսին է Ավետիքյանը շահագործում՝ դրա դիմաց գրոշներ վճարելով, եւ ինչպես է խախտում իր աշխատակիցների իրավունքները, որոնցից մի քանիսն էլ դիմել են ինձ՝ աշխատանքի ընդունվելու խնդրանքով:



Եվ այդ ամենը կանեի շատ ավելի բարձր մակարդակով եւ շատ ավելի փաստարկված, քան Ավետիքյանն է արել, գործ տվողին բնորոշ մանրախնդրությամբ, տարբեր ատյանների ուշադրությունը հրավիրելով "Ազգի" վրա, ինչպես ինքն է արել: Սակայն չեմ անում՝ ընդամենը ուզում եմ ընթերցողին ներկայացնել իմ ու Հակոբ Ավետիքյանի  խոսակցությունը Գայանե Հովսեփյանի հոդվածը տպագրվելուց հետո: Այսպես ասած՝ կերպարն ամբողջական դարձնելու համար:



Երբ միանգամայն անսպասելիորեն "Ազգում" հայտնվեց Գ. Հովսեփյանի նշյալ հոդվածը, ես զանգահարեցի Հ. Ավետիքյանին: Ուզում էի հասկանալ՝ ինչո՞ւ: Հակոբ Ավետիքյանը իր տարիքի իմաստուն բարձունքից շատ խաղաղ հայտարարեց. "Ես Ձեզ խնդրել էի իմ հարցազրույցից հանել ՀՅԴ-ին նվիրված հատվածը, Դուք չարեցիք, ես էլ այդպես եմ պատասխանել Ձեզ": Խոսքն այն մասին է, որ արմենականների համագումարի ժամանակ իր՝ նախագահ ընտրվելուց հետո Ավետիքյանը հարցազրույց էր տվել մեր թղթակցին, որտեղ նա ռամկավարների դարավոր ատելության պաշարը պարպել էր Դաշնակցության վրա եւ մասնավորապես խոսել էր սիրիահայ մեծահարուստ Գաբրիել Չեմբերջյանի մասին, որն իր խոսքերով՝ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՀՅԴ-ին:



Եվ հարցազրույցից հետո, հավանաբար ուշքի գալով, զանգահարել էր ինձ՝ խնդրելով որոշ հատվածներ, հատկապես Չեմբերջյանին վերաբերող հատվածը հանել իր խոսքից: Իր ողջ կյանքում գրաքննություն արած, բոլոր իշխանություններին ծառայած 35 հազար տպաքանակով "Ազգը" մի քանի հարյուր օրինակ վաճառքի մակարդակի իջեցրած մարդը չի կարող հասկանալ, որ ես իմ խմբագրած թերթում գրաքննություն չեմ անում, որ ձայնագրառված խոսքն աղճատելն իմ սովորույթների մեջ չի մտնում: Ինչպես չեն մտնում մանր վրեժխնդրությունն ու մրցակից թերթի դեմ բանսարկություններ տպագրելը:



Համոզված եմ, որ թերթային տարածքը բոլորովին այլ՝ շատ ավելի ազնիվ նպատակների կարելի է ծառայեցնել: Հարց է ծագում՝ իսկ գուցե այս վեճը հրահրելով, "Ազգի" խմբագիրն ուզում է իր մարող-հանգչող թերթին գրելու նյութ տա՞լ եւ այնպես անել, որ ավելի մեծ տպաքանակ ու ավելի շատ ընթերցող ունեցող թերթերն իր թերթի մասի՞ն գրեն: Երբ տղամարդը կնոջը մեղադրում է "պարկեշտության պակասի" մեջ, իսկ ինքը անպարկեշտության, անազնվության, մանր վերժխնդրության դասական օրինակ է ցույց տալիս, դժվար է դա տղամարդկային վեհանձնությանը վերագրել: