Տարածքը էժա՞ն են վաճառել ռուսական ընկերությանը

Տարածքը էժա՞ն են վաճառել ռուսական ընկերությանը
Արդեն անդրադարձել ենք, որ Հայաստանի կառավարությունը որպես սեփականություն ռուսական "ՌՕՍԻՉ ինվեստ" ընկերությանն է տվել մոտ 2 տարի առաջ այրված արդարադատության նախարարության ողջ շենքը՝ 3 հազար 176,85 քմ ընդհանուր մակերեսով, եւ հողը՝ 1,219 քմ հողատարածքով, որը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակին մերձ տարածքում: Նաեւ նույն ռուսական "ՌՕՍԻՉ ինվեստ" կազմակերպությանն են տրվել Զաքյան փողոցում գտնվող կաթսայատան եւ լաբորատոր շենքերը: Այսպիսով՝ ռուսական պետական ընկերությանն է տրվել ընդհանուր առմամբ ավելի քան 3 հազար 500 քմ հողատարածք Երեւանի սրտում, եթե չհաշվենք հողի վրայի կառույցները: Կառավարությունը նաեւ հանձնարարել է քաղաքապետարանին շինթույլտվություն տալ ռուսական ընկերությանը՝ այդ 3 հազար 500 քմ տարածքի վրա բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնելու համար: Թե քանի հարկանի է լինելու այդ բազմաֆունկցիոնալ կառույցը, կառավարության որոշման մեջ որեւէ բան նշված չէ: Տարածքի նվիրատվության դիմաց ռուսական ընկերությունը 10 մլն. դոլարանոց մոտ 15 հարկանի հնգակողմ շենք է կառուցելու այլ վայրում՝ կառավարության շենքի բակում, որտեղ, մեր ունեցած տեղեկություններով, պետք է տեղակայվեն սփյուռքի եւ արդարադատության նախարարությունները:



Կառավարությունում գոհ են գործարքից: Սակայն այն, որ ռուսական ընկերության տված գինը հեռու է շուկայականից, կարելի է նկատել՝ ծանոթանալով, օրինակ, Երեւանում կառուցապատման ենթակա որոշ հողատարածքների գներին: Օրինակ՝ "Գինդ" թերթում փոքր Կենտրոնից բավական հեռու գտնվող Բաղրամյան փողոց-Օրբելի խաչմերուկ չհասած տարածքում 2 հազար 500 քմ հողատարածքը՝ 25 հարկանի բազմաբնակարան շենքի կառուցապատման թույլտվությամբ, վաճառվում է 10 մլն. ԱՄՆ դոլարով: Նկատենք, որ "ՌՕՍԻՉ ինվեստին" տրված տարածքի պարագայում խոսքը 3 հազար 500-ից ավելի քմ-ի մասին է, այն էլ քաղաքի հենց կենտրոնում, ինչը թերեւս մի քանի անգամ թանկ պիտի լիներ 10 մլն. դոլարից:



Ուշագրավ է նաեւ, որ կառավարության որոշման մեջ  տեղեկություն չկա կառուցապատող հռչակված ռուսական "ՌՕՍԻՉ ինվեստ" ընկերության մասին, եւ թե ինչ համաձայնագրով է այն գործելու Հայաստանում: Որքանով մեզ հաջողվեց ճշտել,  Երեւանի կենտրոնում կառուցապատող ճանաչված "ՌՕՍԻՉ ինվեստ" ՓԲԸ-ն ռուսական պետական ընկերություն է, որը տեղեկություն է տրամադրում ՌԴ իրավաբանական անձանց գրանցման մասին՝ ՌԴ հարկային ծառայության տվյալների հիման վրա:



Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ մեզ հետ զրույցում անհասկանալի համարեց, որ կառավարության բակում գլանաձեւ թմբուկը կառուցելու է ռուսական ընկերությունը: "Ես չեմ հասկանում՝ ռուսական պետական ընկերությանը ո՞նց են արտոնում նման տեղերում շենք կառուցի: Այդ մասում գտնվում է կառավարության ստորգետնյա կաբինետը, հեռակառավարման վահանակը՝ պատերազմի դեպքում կիրառելու համար: Ի՞նչ է նշանակում ժուչոկներ դնեն, հետեւեն՝ վարչապետը կառավարության կաբինետում քանի՞ անգամ գնաց զուգարան",- տարակուսանք հայտնեց նախկին վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ նման նախագիծ Թամանյանի մակետում չի եղել:



"Կարելի է իհարկե գնալ, Թամանյանի ուսանողական էսքիզներից վերցնել, ասել՝ տեսեք, Թամանյանն է սա ուզեցել անել, բայց հրապարակը Թամանյանի մոտ ունեցել է ավարտուն տեսք: Ես չգիտեմ, կառավարությունում աշխատել ենք, կառավարությունում կա կառավարության ամբողջական պրոյեկտի մակետը: Էդ ինչի՞ էդ մակետի վրա չկար: Կառավարության շենքի բակում տեղ չկա ընդհանրապես: Բակի ներսում գեղեցիկ փոքրիկ պուրակ է ու մի քանի հատ եղեւնի է տնկած": Հրանտ Բագրատյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հողը մի քանի անգամ էժան են վաճառել ռուսական ընկերությանը: "Այդ տարածքում հողը շատ ավելի թանկ է":



Երեւանի նախկին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի խոսքով՝ քաղաքն այսօր շատ ավելի այլ խնդիրներ ունի լուծելու, քան Թամանյանի այդ նախագիծը կյանքի կոչելը: "Թամանյանի մոտ եղել է նման նախագիծ, պարզապես հարցն այսօրվա անհրաժեշտության մասին է: Եթե Երեւանը լիներ թամանյանական Երեւան՝ կառուցված 5 հարկանի շենքերով, էնտեղ դրա ծավալային անհրաժեշտությունը կար:



Հարց է նաեւ, թե ի՞նչ պիտի կառուցվի եւ ո՞ւմ համար, երբ այդքան նախարարություններ ունենք, այդքան մակերեսներ ունենք: Իսկ եթե վարչական տարածքը բավարար չէր, ինչո՞ւ նախարարությունների նախկին շենքերը՝ մշակույթի, սոցապ, գյուղնախարարության շենքերը վաճառեցին, տվեցին բիզնեսին, հիմա մեկ այլ բիզնեսմենին ասում են` նոր շենք կառուցի մեզ համար: Սա անհասկանալի է",- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը՝ շարունակելով. "Եթե 10 մլն. դոլար լրացուցիչ փող ունեն, թող ոչ թե պալատ կառուցեն, թեկուզ Թամանյանի նախագծած, այլ, օրինակ, օդանավակայանից Երեւան մայրուղին տեսքի բերեն: Օդանավակայանից դուրս ես գալիս, մտնում ես ինչ-որ արեւելյան անկապ փողոց: Եթե ուզում են քաղաքը տեսք ունենա, թող մուտքերը կարգավորեն:



Քաղաքը շատ ու շատ պրոբլեմներ ունի": Ինչպե՞ս եք գնահատում այն, որ արդարադատության նախարարության տարածքը վաճառվել է  ռուսական ընկերությանը՝ հարցին ճարտարապետը պատասխանեց. "Քաղաքային հողը վաճառելու համար է, դա չպիտի պահեն, բայց պիտի էֆեկտիվություն ունենա: Այսօր քաղաքը շատ կենսական խնդիրներ ունի, օրինակ ցանկացած տուրիստ բողոքում է, որ զուգարան չկա էս քաղաքում: Իսկ այսօր տեսնում ենք՝ ԱԺ-ն ընդլայնվեց, Անվտանգության խորհուրդը նոր շենք կառուցեց, նախագահականն ընդլայնվեց: Բոլորին ինչ-որ չի հերիքում իրենց տարածքը, անընդհատ ընդլայնվում են: Ինչի չի հերիքում՝ չես հասկանում: Բյուրոկրատիան մոլախոտի պետ աճում է: Փոխանակ հնձելու այդ մոլախոտը, անընդհատ ջրում, աճացնում ենք: Ո՞ւմ հաշվին: Այսօր ԱՄՆ-ի պես հսկա երկիրը կրճատում է բյուրոկրատական ապարատը, մենք ավելացնում ենք, օրական մի նախարարություն է ստեղծվում՝ իր պահանջներով: Իմաստը ո՞րն է":