37 թիվն այցելել է մեզ, պարոնայք

37 թիվն այցելել է մեզ, պարոնայք
Ինքնասպանության պահանջը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, երեւում է՝ անհանգստություն է պատճառել ու ստիպել ասպարեզ նետել իր ամենահզոր զենքը՝ խոսքի "վարպետներին": Երեկ "Հենարան" ակումբում պետք է խոսեր մի ռազմական հոգեբան, որն աշխատում է ՊՆ-ին կից հանրային խորհրդում: Դավիթ Ջամալյան՝ ով չգիտի, թող իմանա: Բայց սա չէր եկել, եկել էր "ընդդիմախոսը", որն էլ մեզ տեղեկացրեց, որ ռազմական հոգեբանի բացակայությունը հարգելի է՝ "ընտանեկան պատճառով": Փոխարենը խոսեց ինքը՝ Վահրամ Միրաքյան, ինքնահռչակ "տեղեկատվական քաղաքականության փորձագետ": Նրա դեմքը ծանոթ էր: Հիշեցինք, որ ինքն էլ է ասուլիսներ կազմակերպում եւ ունի ակումբ՝ "Արմատ" վերնագրով:



Դեմքի լրջագույն արտահայտությամբ սույն մասնագետը լրագրողներին փորձեց կարդալ մի հետաքրքիր դեմագոգիա աշխարհի զարգացած երկրների զինված ուժերում տիրող ահավոր մթնոլորտի մասին: "Գիտեք, չէ՞, որ ԱՄՆ բանակը զարգացած երկրների ամենալավ բանակն է",-մթնոլորտ նետեց մասնագետը ու, հանդիպելով հարցական հայացքների, ուղղեց՝ "դե, աշխարհի լավագույն բանակներից մեկը: 2009 թվականի մայիսի տասներկուսին 5 զինվորի էր սպանել ԱՄՆ բանակի մի զինծառայող: Տվյալները, թվերը կարելի է շարունակել: Նույնը վերաբերվում է նաեւ այլ բանակներում: Օրինակ՝ նույն 2009 թվականին մոտ 30 սպանություն է եղել ռուսական բանակում: Այսինքն բանակներում միշտ էլ նման ողբերգական դեպքեր լինում է, ու դա լինում է բոլոր զարգացած բանակներում: Բայց ես ոչ ամերիկյան դեպքում, ոչ ռուսական դեպքում չեմ հանդիպել մի լրատվամիջոցի, որը լուսաբաներ այդ կապակցությամբ, որ, օրինակ, պետք է պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի ինքնասպան լինի: Նման աբսուրդի չէր հասնում ոչ մի լրատվամիջոցի լուսաբանումներում, այլ մոտենում են օբյեկտիվ...",-բարբաջեց ինքնահռչակը, որի բանավոր, տառասխալներով հագեցած ուղղակի խոսքը փոխադրեցինք առանց միջամտության:



Հասկանալի է, չէ՞, մարդուն գործուղել են պրոպագանդա անելու, առանց հաշվի առնելու խոսքին տիրապետելու նրա կարողությունները: Թեպետ, անկեղծ ասած,  պետք է հասկանալ այդ թշվառի վիճակը, որովհետեւ շատ դժվար է դատարկաբանել, այն էլ՝ գրագետ: Փորձեցինք հարցեր տալ նրան, խղճի հանգստության համար գոնե, պարզելու, թե ինչ է ուզում: "Պարոն Միրաքյան, ինքնասպանության պահանջը հռետորիկ է եւ ուղղակի չպետք է հասկանալ, դա ընդամենը նույն մետաղադրամով բանակի ղեկավարներին պատասխանելու ժեստ է, որովհետեւ մինչ այդ բանակում տեղի ունեցած մահվան դեպքերը ցինիկաբար գնահատվել են որպես ինքնասպանություն ու մատնվել անգոյին: Այժմ հարցս. Իրաքում սպանված բրիտանացի մի զինվորի մահվան պատճառը եղել է այն, որ նա զրահաբաճկոն չի ունեցել, բայց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց անմիջապես, իրեն պատասխանատու զգալով այդ զինվորի, նրա հարազատների ու իր երկրի հասարակության առջեւ ու նաեւ զինված ուժերի պատիվը փրկելու նպատակով: Կարծում եք վերջին սահմռկեցուցիչ սպանություններն ու հատկապես զինվորականների դիակներին ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը բավարար չէ՞ր Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջելու համար",-հակադրվեցի:



Հնչեց երկա՜ր ու հռետորական պատասխան. "Քավ լիցի, ես չեմ ասում, որ պետք չէ քննադատել բանակը: Բայց խոսքը առողջ քննադատության մասին է, երբ որ թունոտ ընդհանրացումներ չեն լինում, երբ որ ցուցադրվում է կոնկրետ խավի սխալը... ես նորից եմ կրկնում, որ Մարտունիի էդ նույն զորամասում ծառայում է իմ եղբայրը ու ոչ մի պրոբլեմ չունի: Ես էլ եմ ծառայել, լինում են դժվարություններ, բայց էդ սարսափելի դետալները, որ ասում եք՝  դաժան, մարդասպան, ո՞նց էիք գրե՜լ՝ հա, գիշատիչ, ես չեմ պատկերացնում նման իրավիճակ: Հա, իսկ Սեյրան Օհանյանի հրաժարականի հետ կապված... Սեյրան Օհանյանի հրաժարականով խնդիրը չի լուծվում, մեղավորները չեն պատժվո՜ւմ, խնդիրը չի լուծվո՜ւմ... եթե Սեյրան Օհանյանը հրաժարական տա, կոռուպցիան չի՞ շարունակվելու: Սեյրան Օհանյանը էն նախարարներից մեկն ա, որ բաց է առաջարկությունների առաջ":



Մինչ Սեյրան Օհանյանի պաշտպան "փորձագետն" աղտոտում էր մթնոլորտը, ու ձայնագրիչս արձանագրում էր նրա խոսքի տեղատարափը, մտածում էի, որ այդ երիտասարդը 37 թվականը չի տեսել, բայց որտեղի՞ց նրա մեջ այսքան համապատասխանություն՝ այդ տարիներին խոսքը, կարծիքը, միտքը լռեցնելու, սպանելու պատրաստ բերիաների ու բերիայատիպերի հետ: Նրա վերոնշյալ պատասխանից կամ, որ ավելի ստույգ է՝ դեմագոգիայով հագեցած մենախոսությունից հետո իրենց հարգող լրագրողները լքեցին "ասուլիսը": Շատ չէինք, մի քանի հոգի, նորանկախ Հայաստանի առաջին ու երկրորդ սերնդի լրագրողները: