Անհրաժեշտ է վերականգնել զինվորական ամբիոնները

Անհրաժեշտ է վերականգնել զինվորական ամբիոնները
Մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, հարեւաները եվրոպացիներ չեն: Թե թուրքը երբ կդառնա  բարոյական հատկանիշներով մարդ, Աստված գիտի: Այսօր  մեր բանակում տիրող վիճակը լուրջ ահազանգ է բոլորիս համար, իշխանություններն իրենց բոլոր լծակներով  պարտավոր են արմատախիլ անել այն բոլոր նեգատիվ երեւույթները, որոնք տեղ են գտել բանակում ու մեր հասարակական կյանքում: 90-ականների խառը տարիներին, առանց թուրքի օգնության, մենք ինքներս վերացրինք բուհերում զինվորական ամբիոնները, դա հանցագործություն էր պետականության անվտանգության նկատմամբ, եւ ոչ ոք մինչ այսօր դրա համար պատասխանատվություն չի կրել:



Անհրաժեշտ է վերականգնել այդ ամբիոնները, ուսանողները ուսման տարիներին զուգահեռ կտիրապետեն զինվորական գիտելիքներին, կդաստիարակվեն համապատասխան զինվորական ոգով, ձեռք կբերեն գիտելիքներ, որոնք բուհն ավարտելուց հետո կամրապնդեն տարբեր զորամասերում: Յուրաքանչյուր երիտասարդ՝ լինի տղա թե աղջիկ, պետք է տիրապետի զենքին ու առաջին օգնությանը, իսկ դրան կնպաստեն զինվորական ամբիոնները: Այն գումարները, որոնք նախատեսված են զինվորի երկու տարվա ծառայության համար, կտնտեսվեն ու կուղղվեն բանակի վերազինմանը: Զինվորական ամբիոնները զուգահեռ կարող են ծառայել վերապատրաստման կարճատեւ ծրագրերին արդեն բանակից զորացրվածների համար: Հուսով եմ՝ պաշտպանության նախարարությունն ու պետական այրերը կարձագանքեն հոդվածին ու ձեռնամուխ կլինեն դրա իրականացմանը: Ես համոզված եմ՝ դրանից կշահեն բանակն ու ժողովուրդը:



Գրիգոր ՊԵՏՐՈՍՅԱՆ