Յուրի Վարդանյանը նախարա՞ր

Յուրի Վարդանյանը նախարա՞ր
Երեկ ողջ օրը խոսում էին, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ազատել են աշխատանքից ու նրա պաշտոնում նշանակել Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկությունը, ասաց միայն, որ երեկ նախարարության անձնակազմին  պաշտոնապես չեն տեղեկացրել այդ փոփոխությունների մասին: Մեզ հաջողվեց ճշտել, որ Արամ Հարությունյանն արձակուրդում է, Երեւան է վերադառնում այսօր, իսկ արձակուրդն ավարտվում է օգոստոսի 20-ին:



Հաշվի առնելով նաեւ այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն է 4-օրյա արձակուրդի մեկնել, քիչ հավանական է, որ այս լուրերն իրական են: Առավել եւս, որ ընտրովի պաշտոնում աշխատող Տարոն Մարգարյանը կհամաձայնի փոխքաղաքապետի աթոռը փոխարինել նախարարի աթոռով: Երեկ շրջանառվում էր նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Պետրոսյանին ազատելու մասին լուրը: Խոսում էին, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի  պաշտոնում  նշանակվելու է աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որին ժամանակին ասում էին, որ նշանակելու են Շիրակի մարզպետ: