Հիվանդը հասարակությունն է

Հիվանդը հասարակությունն է
Ստեփանակերտում լուրեր են պտտվում, թե մանկական հիվանդանոցը լի է աղիքային-վիրուսային հիվանդությամբ երեխաներով։ Առողջապահության ոլորտի աշխատողներից շատերը խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ձմերուկ օգտագործելուց կամ օգտագործել չափավոր եւ հնարավորինս ստուգելով դրանց պիտանիությունը։ "Հիվանդներով լի" հանրապետության մանկական հիվանդանոցի վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար մեր թղթակիցը դիմեց նույն հիվանդանոցի գործադիր տնօրենի տեղակալ, մանկաբույժ Կարինե Թարխանյանին։Մանկաբույժը հավաստեց, որ նման բան չկա։



"Հիվանդանոցի մահճակալների կեսից ավելին դատարկ է,- ասաց նա։- Այս պահին հիվանդանոցում ընդամենը 24 երեխա կա"։ Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքացիների մեջ տարածված նման լուրերի առկայությունը, բժշկուհին պատասխանեց, որ շոգ ամառ է, երեխաները շատ են միրգ օգտագործում, այդ թվում՝ անլվա կամ փչացած, որի պատճառով թունավորման դեպքերը համեմատաբար շատ են, սակայն ամեն ինչ նորմայի սահմաններում է, արտառոց ոչինչ չկա։



Բժշկուհուն չհավատալու հիմքեր չունենք։ Իրոք կան ոչ պիտանի մրգերից, հատկապես ձմերուկից թունավորման դեպքեր, եւ, տարվա եղանակով պայմանավորված, նման դեպքերն ավելի շատ են։ Սակայն մի այլ հիվանդություն էլ կա մեզանում, որ թերեւս անբուժելի է։ Դա այն է, որ հայերս խուճապաստեղծ ժողովուրդ ենք, ինչպես ասում են՝ լուն ուղտ դարձնող։ Դա երեւի թե ավելի մտահոգիչ է։ Չհաշված, որ այսօր ողջ հասարակությունն է հիվանդ եւ վաղուց կոմայի մեջ է։