Բնապահպան-հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից

Բնապահպան-հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից
Ամերիկյան ոստիկանությունը ազատագրել է Վաշինգտոնի մերձակայքում տեղակայված Discovery հեռուստաալիքի գրասենյակում գերված պատանդներին: Ատրճանակով զինված 43-ամյա Ջեյմս Ջեյ Լին սեպտեմբերի 1-ին մուտք էր գործել Discovery-ի գրասենյակ եւ պատանդ վերցրել հեռուստաընկերության երեք աշխատակիցների: Ոստիկանության հաղորդմամբ, նրա մոտ նկատվել են նաեւ ինքնաշեն ռումբեր հիշեցնող ինչ-որ իրեր: Չարագործի հետ բանակցությունները տեւել են 4 ժամ, սակայն Լին հրաժարվել է ազատել պատանդներին, եւ ոստիկանությունը գնացել է հարձակման: Գործողության ժամանակ Լին վիրավորվել է, որից հետո ոստիկանները ներս են մտել շենք եւ ձերբակալել նրան: Լին ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մոնտգոմերի վարչական շրջանի ոստինապետի խոսքերով չարագործի կրծքին ամրացված ինքնաշեն ռումբերից մեկը պայթել է նրան կպած փամփուշտից:



Լին առաջին անգամը չէ, որ բողոքում էր Discovery-ի ցուցադրած հաղորդումների դեմ: Ոչ վաղ անցյալում նա ցույց էր կազմակերպել հեռուստաալիքի գրասենյակի դիմաց եւ մի քանի օր շարունակ պահանջել փոխել շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների լուսաբանման քաղաքականությունը: Մի անգամ Լիին ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վանկարկելով "փողն ընդամենը աղբ է"` ցրիվ էր տալիս հազարավոր դոլարներ: Ավելի վաղ նա դատապարտվել էր վեցամսյա պայմանական ազատազրկման` 2008թ. մարտին հասարակական կարգը խախտելու համար: Հարձակումից մի քանի օր առաջ Լին ինտերնետում օնլայն-ուղերձ էր տեղադրել, որտեղ պնդում էր, որ մարդիկ ավիրում են երկրագունդը, եւ Discovery հեռուստաալիքը պետք է հայտարարի այդ մասին: