Արձագանքում են «Հրապարակին»

Արձագանքում են «Հրապարակին»
Անցնող շաբաթը, որ ամառվա վերջին շաբաթն էր, բնականաբար, հագեցած էր սեպտեմբերմեկյան իրադարձություններով ու թեմաներով: Դպրոցական եռուզեռ, շինարարություն, բարեգործություններ, հանդիսավոր արարողություններ, ուղերձներ, երդումներ եւ այլն: Մեր խմբագրություն հատկապես դիմում էին դպրոցականների ծնողները, որոնք դժգոհ էին ավագ դպրոցների ստեղծումից, համազգեստներ պարտադրելուց, նաեւ՝ ուսուցիչները, որոնց մտահոգության առարկան դասագրքերն էին, կրճատումները, նախարարի երդման տեքստը: Մի խոսքով՝ գրեթե սովորական սեպտեմբերի 1 էր՝ իր հոգսերով ու առանձնահատկություններով:



Այս շաբաթ մեր հրապարակումներին կրկին արձագանքել են պաշտոնական ատյանները: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության  եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը շատ խիստ է դրել այդ հարցը՝ գերատեսչությունների լրատվականները պետք է արձագանքեն իրենց վերաբերող անխտիր բոլոր հրապարակումներին: Ասում են՝ նորանշանակ վարչության պետն ուղղակի տեռորի է ենթարկում լրատվականների պետերին՝ ստիպելով պատասխաններ ուղարկել բոլոր հրապարակումներին:



Փաստորեն, նախագահականը նոր հիերարխիա եւ անօրինական կառույց է ստեղծել: Նախագահականի լրատվականը օրենքով նախատեսված որեւէ լծակ ու լիազորություն չունի նախարարությունների կամ մյուս գերատեսչությունների լրատվականների նկատմամբ. վերջիններս պարտավոր են ենթարկվել միայն իրենց կանոնադրությանն ու իրենց գերատեսչության ղեկավարին, այլ ոչ թե Մերի Հարությունյանին: Սակայն քանի որ Հայաստանը վերածվել է մի փոքրիկ հիմնարկի, որտեղ ամեն ինչ ղեկավարվում է Բաղրամյան փողոցից, ապա նախարարությունների լրատվականներն էլ պետք է ենթարկվեն նախագահականի լրատվականին: Ի դեպ, այդ նույն լրատվականը չի պատասխանում իրեն վերաբերող մեր հրապարակումներին: Ավելին՝ չի կատարում իր անմիջական պարտականությունները կամ կատարում է խիստ կամայականորեն եւ օրենքի խախտմամբ. ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցող միջոցառումներին թերթերի ներկայացուցիչները, որպես կանոն, չեն հրավիրվում, տեղեկատվություն տրամադրելիս գործում է յուրայինների եւ թշնամիների անհասկանալի տարանջատում: Իսկ որեւէ հարցի շուրջ օպերատիվ մեկնաբանություն կամ տեղեկություն ստանալը ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության պատասխանատուներից գրեթե անհնարին է: Այնպես որ, լավ կլիներ նրանք նախ զբաղվեին իրենց աշխատանքի որակը բարձրացնելով, հետո պահանջներ ներկայացնեին տարբեր գերատեսչությունների լրատվության պատասխանատուներին:



Այս շաբաթվա հրապարակումների արձագանքներից ես կառանձնացնեի հատկապես Վանաձորում ծառահատումներին վերաբերող մեր հրապարակումների արձագանքները: Մենք, ըստ էության, մեր գործն ենք արել՝ լուսանկարել եւ գրել ենք ապօրինի ծառահատումների մասին: Եվ ուրախ ենք, որ մեր հրապարակումներին արագ արձագանքելով` Լոռու անտառտնտեսությունն ու բնապահպանության նախարարությունն անմիջապես գտել են ծառահատողներին եւ պատժել: Բայց երբ ստացանք բնապահպանության նախարարության լրատվականի պատասխանը, թե հայտնաբերվել է չարամիտ հանցագործը՝ "Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանը, որի կողմից հատվել է վեց ծառ, 4-ը` բոխի եւ 2-ը` հաճարենի: Հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել  է 442.500 դրամ: Գործը գտնվում է Լոռու ոստիկանության մարզային վարչության Գուգարքի բաժնում", մտածեցինք, որ գուցե մեր պատճառով մի խեղճ գյուղացի է տուժել, որն ասենք` ապրուստի փող չի կարողանում հայթայթել կամ ձմեռվա վառելիքի պաշար է փորձել կուտակել եւ այժմ հայտնվել է իրավապահի ձեռքում: Ասել կուզի՝ ամեն ինչ ունի մեդալի երկրորդ երեսը: Մենք կողմ ենք բնության պահպանությանը, բայց ոչ մարդուն վնասելուն: Մանավանդ փոքր մարդուն, որի հոգսերն ավելի շատ են, իսկ կատարած հանցանքն անհամեմատելի է դրանց հետ: