«Հայռուսգազարդը» պատվեր է ապահովում Քոչարյանի համար

«Հայռուսգազարդը» պատվեր է ապահովում Քոչարյանի համար
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը ժամանակին Հայաստանում փայլուն պայմաններ ստեղծեցին «ՀայՌուսգազարդի» բարգավաճման համար: Իհարկե, ոչ անհատույց: Այդ ընկերությունն իր հերթին ամեն ինչ անում է Ռ. Քոչարյանի կապիտալն ավելի խոշորացնելու համար: Ծառայություններից մեկը Քոչարյանի փոքր որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող ապահովագրական ընկերության՝ «Նաիրի Ինշուրանսի» համար հաճախորդներ բերելն է: Բանն այն, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները վաղուց են օգտվում հենց «Նաիրի Ինշուրանսի» ծառայություններից եւ, ինչպես նախկին «գազավիկներից» մեկն է ասում, «լավ էլ սպասարկվում են»:



Մեկ այլ աղբյուր՝ «ՀայՌուսգազարդի» համակարգից, հայտնում է, որ վերջերս ընկերության ղեկավարները պարտադրել են աշխատակիցներին Քոչարյանի ընկերությունում ապահովագրել ոչ միայն իրենց, այլեւ ծանոթների ու բարեկամների մեքենաները: Յուրաքանչյուր աշխատողից պահանջվել է բերել 5 ավտոմեքենայի տեխանձնագիր՝ պատվեր ապահովել: Հակառակ դեպքում այդ աշխատողները կազատվեն գործից: Լուրը ճշտելու համար դիմեցինք «ՀայՌուսգազարդի» լրատվականին, որի պատասխանատուն չհերքեց մեր տեղեկությունը, այլ ասաց, որ ինքը Ղարաբաղում է, որտեղ «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը նվերներ է բաժանում մարդկանց, այս պահին պատասխանել չի կարող: Փաստորեն, թոշակառու դառնալուց հետո էլ Քոչարյանի ձեռագիրը չի փոխվել: Միայն թե ձայների փոխարեն նա հպատակներից «կլիենտ» է պահանջում: