80 սանտիմետրը` ճակատագրական

80 սանտիմետրը` ճակատագրական
Հողի համար միշտ էլ մարդիկ կռիվ են տվել, բայց երբեմն բառի բուն իմաստով մեկ թիզ հողը դառնում է ճակատագրական: Գյումրու Սպանդարյան 103 հասցեի 06  տնակի բնակիչները հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Նրանց տնակին կից` կոմունալ հարմարությունների համար նախատեսված կառույցի 80 սմ-ն խանգարում է տարածքի սեփականատիրոջը: Պատմությունն այսպիսին է:



88-ի երկրաշարժից հետո բնակարան կորցրած  գյումրեցիները ժամանակավոր կացարանները տեղադրել են հենց իրենց փլուզված բնակարանների հարեւանությամբ, սպասելով մինչեւ թոհուբոհն անցնի՝ իրենց գլխի ճարը տեսնեն: Ոմանք արդեն 22 տարի ապրում են նույն հասցեում: Գյումրու  Սպանդարյան 103-ի տնակատերերը` Ղազարյանները, 20 տարի ապրելուց հետո քաղաքապետարանից տեղեկացել են, որ իրենց տնակի տարածքը վաճառված է, որի մասին իրենց նախապես որեւէ բան չի ասվել: Տարածքն ազատելու համար սկսված դատական գործընթացները տեւել են շուրջ երկու տարի: Ինչպես միշտ, այս դեպքում եւս ուժեղի մոտ թույլն է մեղավոր դուրս եկել, ու Ղազարյանները տնակը տեղափոխել են այդ տարածքից մի քիչ վերեւ: Բայց քանի որ նրանք տնակին կից ունեն նաեւ քարաշեն մի կառույց, որը ծառայել է եւ կոմունալ նպատակներով, եւ որպես կացարան, հենց այդ կառույցի 80 սմ-ն էլ խանգարում է տարածքի սեփականատիրոջը, որը, ըստ բնակիչների՝ Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Դերձյանն է:



«22 տարիների ընթացքում տնակը քայքայվել է, ապրելու ենթակա չէ, մենք էլ ստիպված էս քարաշեն կառույցում ենք ծվարում: Էն էլ հարկադիր կատարողները 4 ամիս առաջ եկան՝ սաղ տան գույքը տարան, հիմա մենք պոլին կքնինք: Մի քանի անգամ էլ փորձել են տունը քանդեն, իրանց 80 սանտիմետրը վերցնեն, բայց լավ, ըբը մենք` ես, ամուսինս ու տղաս, ուրտե՞ղ ապրինք»,- լացակումած պատմում է տիկին Տանյան:



Ըստ տնակատիրոջ՝ հարկադիր կատարողները  պարբերաբար այցելում են իրենց եւ սպառնում: Նրանց հերթական այցի ժամանակ բնակիչներն ահազանգեցին  լրատվության միջոցներին, ու լրագրողների ժամանելուն պես  հարկադիր կատարողները հեռացան: Մարզպետարանը խոստացել է խնդիրն ուսումնասիրել, իսկ մինչ այդ Ղազարյանները որոշել են դիմել ՀՀ նախագահին:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ