Կնոջը ծեծելով մահվան հասցրած ամուսնուն կալանավորել են. նա պայմանագրային զինծառայող է

Կնոջը ծեծելով մահվան հասցրած ամուսնուն կալանավորել են. նա պայմանագրային զինծառայող է
Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մեկուկես տարեկան դստեր՝ Լիլիա Պետրոսյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ նա այժմ իր հորական տատի՝ Լիլիա Սարկիսովայի մոտ է: Նրա հետ տեսակցելու հնարավորություն Զարուհի Պետրոսյանի հարազատները չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պետրոսյանի քրոջ սկեսուրը՝ Անահիտ Կարապետյանը:



Նշենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել էր հոկտեմբերի 1-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Պետրոսյանի հարազատների պնդմամբ՝ նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը, ինչի հետեւանքով  երիտասարդ կնոջը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այդ գործով քննություն է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժինը (գործով ավագ քննիչ է Ավանեսյանը): Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ  Զարուհու ամուսին Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել եւ նա  որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գործով նախաքննությունը շարունակվում է: Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ գործով անաչառ քննություն կիրականացվի եւ մեղավորները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն:



Նշենք, որ Յանիս Սարկիսովը պայմանագրային զինծառայող է եւ ծառայում է ՀՀ Զինված ուժերում:



News.am