Թուրքական դրոշն Ադրբեջանում կրկին արգելված է

Թուրքական դրոշն Ադրբեջանում կրկին արգելված է
Ադրբեջանում հերթական անգամ արգելել են երկրի տարածքում բարձրացնել Թուրքիայի Հանրապետության դրոշը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ադրբեջանական «Ազադլըք» պարբերականը: Հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի դրոշն Ադրբեջանի տարածքում արգելելու մասին որոշումն առայժմ պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի մեկնաբանում, թեև այդ մասին որոշումը կայացվել է իշխանական վերին օղակներում։



«Բաքուն նախկինում էլ էր նման որոշում ընդունել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից հետո: Սակայն երբ հայ-թուրքական Արձանագրությունները պահարանում հայտնվեցին, թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածությունը լիցքաթափվեց»,- հաղորդում է աղբյուրը։:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացի մեկնարկից հետո ադրբեջանական իշխանությունները, ի նշան բողոքի, Շեհիդների պուրակում խոնարհել էին Թուրքիայի դրոշը:



Հիշեցնենք, որ վերջին մի օրերին մի քանի հայ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարեցին, որ թուրք–հայկական բանակցությունների գաղտնի փուլ է սկսվել։ Մասնավորապես, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն ասաց, որ «Ցյուրիխ–2» ծրագիր է մեկնարկել Շվեյացարիայի միջնորդությամբ։ Ավելի ուշ ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ հայ–թուրքական գաղտնի բանակցություններ են ընթանում Հռոմում՝ հայ և թուրք նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն հերքում է բանակցությունների մասին տեղեկությունը։



Tert.am