Ծխախոտի դեմ պայքարը համացանցում

Ծխախոտի դեմ պայքարը համացանցում
20-րդ դարում ծխելու պատճառով զոհվել է 100 մլն մարդ, իսկ 21-րդ դարում այս ցուցանիշը կհասնի մեկ միլիարդի: Ստենֆորդյան համալսարանի մարդաբան Մեթյու Կորմանը որոշել է պայքարել մարդկանց այս «կախվածության» դեմ իր ստեղծած ինտերնետային քարտեզի միջոցով, որի վրա պատկերված են աշխարհի ծխախոտային գործարանները: «Իմ քարտեզը կստիպի մարդկանց մտածել ծխախոտային ինդուստրիայի ահագնացող չափերի մասին: Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ ծխելը համարվում է մահվան գլխավոր պատճառներից մեկը, ապա հասարակությունն իրավունք ունի «դեմքով ճանաչել իր գլխավոր թշնամուն»:



Կորմանը շարունակում է զարմանալ այն բանի վրա, որ, չնայած բոլոր զգուշացումներին, ծխախոտի պահանջարկն աշխարհում մեծանում է, եւ արտադրողները` «British American Tobacco», «Philip Morris International», «Japan Tobacco», «China Tobacco», «Imperial Tobacco» ընկերությունները շարունակում են ծաղկել: Օրինակ` Հաագայում գտնվող «Philip Morris»-ի ֆաբրիկաներից մեկը բացվել է 1980-ականների կեսերին եւ աշխատանքի առաջին տարում արտադրել 96 մլրդ ծխախոտ: Ամենահամեստ գնահատականներով` ձեռնարկությունը սպանում է տարեկան 80 հազար մարդ: «Ինչպե՞ս է կարողանում տեղի բնակչությունը հանդուրժել դա»,-ապշում է մարդաբանը: «Cigarett Citadels»-ը ինֆորմացիոն քարտեզ է եւ բաժանված է մի քանի մասերի: Ներկայումս քարտեզի վրա նշված են ծխախոտային արտադրությամբ զբաղվող 200-ից ավելի ընկերություններ:



pcnews.am