Բաց նամակ ՀՀ նախագահին. Պետք է իրերն իրենց անուններով անվանել

Բաց նամակ ՀՀ նախագահին. Պետք է իրերն իրենց անուններով անվանել
2008 թվականի հուլիս ամսից ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության մայոր Մ. Կիրակոսյանի, իմ եւ կնոջս ներկայացրած դիմումներն են քննում, որոնցով մենք անհաջող փորձեր ենք կատարում՝ վերականգնելու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքները: Այդ խախտումները կրում են ոչ թե ձեւական կամ նվազ նշանակության բնույթ, այլ ամբողջովին բնորոշ են հոլիվուդյան սցենարով մարտաֆիլմի. ենթարկվել եմ բռնության, դաժան ծեծի, զենքի սպառնալիքի տակ հարկադրված ստորագրել եմ պարտավորագիր՝ մեծ գումարի պարտք ստանձնելով, պահվել եմ պատանդ, բռնազավթվել է մեր ընտանիքի ամբողջ սեփականությունը:



Իմ նկատմամբ ցուցաբերված այս վերաբերմունքը նկատելի չափով տարածվել է նաեւ իմ ընկերոջ վրա: Ինձ հետ միասին Արցախյան ազատամարտի մասնակից եւ հաշմանդամ դարձած ընկերոջս նկատմամբ բռնություն իրականացնողներն ուղղակի սպառնացել են՝ «մի թեւդ թուրքերն են կտրել, մյուս թեւդ մենք ենք կտրելու»: Զուգահեռաբար՝ սպառնալիքների տարափը տեղում են նաեւ մեր հարազատների՝ երեխաների, ծնողների նկատմամբ: Այս ամենը հիմնականում առկա է կամ ձայնագրված նյութերով, կամ քննությունն իրականացնող մարմնի հավաքած նյութերի մեջ (պատմությունն այն մասին է, որ մի փոքրիկ պարտքի դիմաց բիզնես-գործընկերները Արմեն Հովհաննիսյանից խլել են նրա ողջ ունեցվածքը՝ զենքով ու ծեծով ստիպելով նրան ստորագրել գույքը կամովին իրենց հանձնելու մասին պարտավորագիր՝ խմբ.):



Այսչափ փաստերի եւ տուժողների առկայության պայմաններում քննիչը ջանասիրաբար եւ համառորեն «փաստում» է, որ հանցագործության փաստ չկա. նախ 2009 թվականի հունվարին նա «փակեց գործը», քանի որ հանցագործության մեջ մեղադրվող անձինք՝ «Արմեն Համիկ ընկերներ Հ/Ձ» ՍՊԸ-ի տնօրեն Մարտիկ Անդրեասյանը, նրա եղբայր Կորյուն Անդրեասյանը, նույն ՍՊԸ-ի աշխատակից (պահեստապետ) Կառլեն Խաչատրյանը եւ վերջինիս եղբայր Վրեժ Խաչատրյանը քննիչին «հավաստիացրել էին», որ իրենք որեւէ խախտում չեն կատարել, առավել եւս բռնություն գործադրել, եւ մեր ընտանիքի ամբողջ գույքը (բնակարաններ, մեքենա) մենք մեր կամքով ենք տվել իրենց, քանի որ պարտք ունեինք: «Բնականաբար», քննիչը «օբյեկտիվ» քննության հետեւանքով հավատացել էր նրանց եւ որոշել գործը փակել: Քննիչի այս «ջանասիրության» եւ «օբյեկտիվ» աշխատանքի հետ համամիտ էր նաեւ Կոտայքի մարզի դատախազը, որը եւս մերժել էր մեր բողոքները:



Այս ամենը կմնար որպես պատրանք՝ հավատն առ արդարադատության, եթե չլիներ դատարանը, մասնավորապես Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մակյանը, որը մեր բողոքի հիման վրա 2009 թվականի գարնանը քննիչի որոշումը՝ գործը փակելու վերաբերյալ, ճանաչեց անօրինական:



Գործի քննությունը վերսկսվեց, շուրջ 3-4 ամիս քննիչը շարունակեց «քրտնաջան» աշխատանքը՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ: Արդյունքում, գործի մեջ ավելացան մի քանի էջ նոր-հին նյութեր. նոր-հին, քանի որ նախաքննության մարմնի աշխատակիցը որոշել էր մեկ անգամ եւս հարցնել մեզ խոշտանգողներին՝ արդյո՞ք նրանց կողմից մեր նկատմամբ կատարվել է բռնություն:



Որեւէ մեկը, իհարկե, չի հավատա, եթե քննիչն արձանագրեր ինքնախոստովանական ցուցմունքներ, առավել եւս, որ հանցագործների մեջ կան անձինք, ովքեր նախկինում աշխատել են իրավապահ մարմիններում եւ, շնորհիվ իրենց լայն կապերի, քննիչի հետ կարողանում են գործին «ճիշտ» ընթացք տալ: Նման պայմաններում քննիչին մնում էր գործը կրկին անգամ փակելը: Վերահսկող դատախազը` Վ. Գրիգորյանը, հավանություն տալով քննիչի այդպիսի գործելաոճին, որեւէ վերահսկողական գործողություններ չկատարեց:



Մենք դարձյալ դիմեցինք դատարան, գործը քննեց նույն դատավորը: Այս անգամ դատարանը փոխեց իր կարծիքը եւ ընդունեց հակառակ որոշում: Դատարանը վեր դասեց հանցագործների շահերը արդարադատության իրականացումից ու մարդու իրավունքների պաշտպանությունից:



Մեզ համար հասկանալի է այն, որ հանցագործները չփոխեցին իրենց ցուցմունքները եւ ժխտում են իրենց հանցագործ լինելու փաստը, մեզ համար հասկանալի է նաեւ քննիչի վարքագիծը, «անհրաժեշտ է գործ փակել», եւ երկու անգամ ընդունում է նույն որոշումը, սակայն մեզ համար հասկանալի չէ, ավելի ստույգ՝ զարմանալի է արդարադատությունն իրականացնող մարմնի՝ դատարանի դիրքորոշումը. գրեթե ամբողջությամբ նույն փաստերն ունենալով իր տրամադրության տակ, նախ որոշում է՝ նախաքննությունն ընթացել է սխալ, ապա որոշում է, որ նախաքննությունը լիովին համապատասխանում է օրենքին եւ իրավաչափ է:



Որքան որ զարմանալի, այնքան էլ «հասկանալի է» դատարանի դիրքորոշման փոփոխումը. մեր բողոքն ուղղված է օլիգարխի եւ նրա բարեկամի ու կամակատարների դեմ, գործը քննում են նրա ազդեցության գոտում (բոլորը աբովյանցիներ են):



Արդարադատության նկատմամբ մենք զարմանալու եւս մեկ առիթ ունեցանք, երբ մեր վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ե. Դարբինյանի, քննեց եւ մերժեց առանց մեզ տեղեկացնելու դատական նիստի օրվա եւ ժամի վերաբերյալ: Ընդ որում՝ սա ոչ միայն մեր սահմանադրական եւ դատավարական իրավունքների կոպիտ խախտում էր, այլ նաեւ այնքան արտառոց, որ դատարանը բողոքը մերժեց՝ կիրառելով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված օրենքը (հոդվածը):



Հարգելի նախագահ



Վերոնշյալը փաստում է, որ իրավապահ մարմիններն ուղղակի դիտավորությամբ չեն ցանկանում մեր իրավունքները խախտած անձանց պատասխանատվության ենթարկել, դատարանները կիրառում են գոյություն չունեցող հոդվածներ եւ մերժում մեր բողոքները: Արդյունքում՝ շարունակում են անպատիժ մնալ հանցագործ օլիգարխները, որոնք իրենց կապերի ու թալանած հարստության հաշվին (նույն անձանց կողմից հափշտակվել են նաեւ այլ ընտանիքների սեփականություններ, որոնց հիմնական մասը վախի եւ սպառնալիքի մթնոլորտում լռեցին, իսկ Գյումրի քաղաքի Մանուկյանների ընտանիքը մինչ օրս պայքարում է (վերջիններիս բողոքները եւս Կոտայքի մարզի դատախազությունում հրաժարվում են քննել` անգամ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումները ստանալուց հետո)) մեր նմանների հետ վարվում են ցինիկաբար՝ համոզված լինելով, որ կմնան անպատիժ:



Պետք է իրերն իրենց անուններով անվանել. ըստ էության, ստեղծված է մի իրավիճակ, երբ իրավապահ ու արդարադատության մարմինները, հաջողությամբ «համագործակցելով» միմյանց հետ, «ընդառաջելով» գործարար աշխարհի ներկայացուցչին, ինչ-որ մի կամ երկու քաղաքացու դիմումի հիման վրա, որքան էլ որ դա լինի աղաղակող խախտման վերաբերյալ, չեն ցանկանում եւ նպատակահարմար չեն համարում կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վրա դրված պարտականությունները: Ոչինչ, որ կտուժեն մեր կամ մի քանի այլ ընտանիքներ եւս, կարեւորը՝ «գործը փակված է», հարկատուների միջոցներով աշխատատեղերը իրավապահի ու արդարադատի համար երաշխավորված են, իսկ գործարարն էլ օլիգարխ է, քանի որ հարկատու չէ:



Մենք ամուսիններով ներկայումս Հայաստանում չենք` հասկանալի պատճառներով: Մեր հայրենիքի իրավապահները չեն կարողանում ապահովել մեր անվտանգությունը եւ վերականգնել մեր խախտված իրավունքները: ԱՄՆ ժամանելուց անմիջապես հետո ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, վերականգնել եմ առողջությունս (համապատասխան փաստաթղթերն առկա են քրեական գործի նյութերի մեջ), ստացել ապաստան:



Կրկին անգամ Ձեզ ենք դիմում, հուսալով, որ մեր այս դիմումը՝ ուղղված պետության գլխին, Սահմանադրության պահպանման երաշխավորին, պատշաճ ուշադրության կարժանանա եւ մեր ընտանիքի խախտված իրավունքներն ու ազատությունները կվերականգնվեն: Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայություններին միջոցներ ձեռնարկել՝ ոչ միայն վերականգնելու մեր իրավունքները, այլ նաեւ պատժելու իրենց ծառայողական պարտականությունները դիտավորությամբ կատարելուց հրաժարվող եւ պետական բյուջեից վարձատրվող պաշտոնյաներին:



ՀԳ - Իրավապահ մարմինները շուրջ երեք տարի է՝ մեզ համար որեւէ դատավարական կարգավիճակ չեն ճանաչում (տուժող չեն ճանաչում, իսկ սուտ վկայություն տալու համար էլ չեն կարողանում մեղադրանք ներկայացնել, քանի որ անժխտելի փաստերը բավական շատ են):



Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հռիփսիմե ԱՎԱԼՅԱՆ

ԱՄՆ-Հայաստան