Հարթակի ֆենոմենը

Հարթակի ֆենոմենը
Սահուն քայլերով, աննշմար՝ Տիգրան Կարապետիչը զբաղեցնում է հարթակը: Այն հարթակը, որը թափուր էր մնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի հեռանալուց հետո: Այն հարթակը, որը զբաղեցնելու թաքուն երազ ունեցել են եւ ունեն հայաստանյան բոլոր ուժերը, սակայն համարձակություն՝ քչերը: Այն հարթակը, որը զբաղեցնելը մեզանում դեպի իշխանություն տանող ուղիղ ճանապարհն է համարվում, ուստի զբաղեցնողների հանդեպ վախը իշխանությունների ողնուղեղի մեջ է մեխված եւ, որպես կանոն, խանգարում է նրա առողջ տրամաբանելուն: Այն հարթակը, որը զբաղեցնողը եւս արագ կտրվում է իրականությունից եւ իրեն երկրի տերն ու տիրակալը զգում: Մի խոսքով՝ այժմ այդ հարթակում Տիգրան Կարապետիչն է, որը ճիշտ պահին հասկացավ, որ ԱԼՄ-ի խնդիրը չնչին բան է այն հնարավորությունների ու հեռանկարի համեմատ, որն իրեն ընձեռում է այդ կախարդական հարթակը: Շատ արագ սկսեցին խնդիրները փոխվել, շեշտադրումները՝ եւս: Այժմ Տիգրան Կարապետիչը գլոբալ հարցեր է առաջադրում՝ ինչպես երկրում արդարության վերականգնումն է, արտագաղթի կանխումը, սակագների իջեցումն ու աշխատողների լիարժեք վարձատրությունը, անվճար բուժօգնությունն ու թոշակների բարձրացումը: Նա անգամ երիտասարդներին չի մոռացել: «Երիտասարդությանը հատկացնել առաջնահերթ տեղ»՝ պահանջում է Կարապետիչը եւ արժանանում բուռն ծափահարությունների: Երեկ միտինգի եկած կանայք նրա ձեռքերն են համբուրել, տղամարդիկ՝ ճակատը, բոլորը ձգտել են մի թեթեւ հպվել նրան: Գրեթե այնպես, ինչպես հավատացյալները կաթողիկոսին են դիմավորում կամ սրբապատկերներին մոտենում: Չնայած մեր ժողովուրդը Աստվածաշնչի ու հավատքի հետ քիչ կապ ունի՝ հակառակ դեպքում կիմանար, որ կուռքեր սարքել չի կարելի: Կուռքեր սարքելը հղի է մեծ հիասթափության վտանգով: