Վարչապետից խաբվածները Շավարշին ապավինեցին

Վարչապետից խաբվածները Շավարշին ապավինեցին
Հայաստանի սոցիալական պետական ծառայության կենսաթոշակների վճարման ծառայության 300 ազատված աշխատակիցներ երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա  էին անում՝ պահանջելով իրենց աշխատանքի ընդունել եւ վերջնահաշվարկ տրամադրել, ինչը դեկտեմբերից մինչ այսօր ձգձգում են: Հիշեցնենք, որ նրանք գործազուրկ են դարձել կառավարության այն որոշման արդյունքում, ըստ որի՝ կենսաթոշակի վճարումը պետք է իրականացվի «Հայփոստի» բաժանմունքների միջոցով՝ այդպիսով 300 հոգու ազատելով աշխատանքից:



Չնայած կառավարության տարեվերջյան նիստին Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ազատված աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել «Հայփոստում», սակայն ստացվում է, որ դա վարչապետի հերթական փուչիկն է, քանի որ մինչ այսօր ոչ ոք աշխատանքի չի անցել: Համենայնդեպս, «Հայփոստը» խոստացել է լավագույն դեպքում աշխատանքի ընդունել 30-40 հոգու:



Սակայն, դրանից բացի, նրանք վրդովվել են, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրենց վերջնահաշվարկ չի տրամադրել: Նրանց վստահեցմամբ՝ աշխատանքային գրքույկում ազատումը հիմնավորել են պայմանագրերի լուծարմամբ, այնինչ, ըստ նրանց, պետք է նշվեր ծառայության լուծարման հանգամանքը: «Մենք պայքարում ենք մեր աշխատանքի տեղավորման, մեր վերջնահաշվարկի համար: Այսօր մենք՝ 300 հոգի, դուրս ենք մնացել, հիմա մարդիկ վարկեր ունեն ու այլ ապառիկներ, ի՞նչ անեն»,-մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:



Նրանք  սպասեցին այնքան, մինչեւ դուրս եկավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Վերջինս, սովորության համաձայն, նրանցից մի քանիսին հրավիրեց հաջորդ օրը գալ իր աշխատասենյակ՝ պարզաբանումներ ստանալու: «Արդեն քանի ամիս է՝ մենք քաշքշուկների մեջ ենք՝ էսօր-վաղը, էսօր-վաղը: Ե՞րբ պիտի պատասխան ստանանք, ինչքա՞ն կարելի է»,-վրդովված ասում էր ցուցարարներից մեկը: Նրանք զարմացած էին նաեւ այն հանգամանքից, որ երկրի վարչապետը հայտարարել է աշխատանքի տեղավորելու մասին, սակայն ոչ մեկը նրա ասածը «բանի տեղ չի դնում»:



«Եթե կար լուծարման կառավարության որոշումը, ուրեմն նրանք պարտավոր էին մեզ տալ լուծարման նպաստներ: Որպեսզի մեզ չտան լուծարման նպաստներ, ատեստացիա անցկացրին, բայց պայմանագրային աշխատողները չեն անցնում ատեստացիա, իսկ մեզ ստիպողաբար անցկացրեցին: Ի՞նչ պայմանագրի մասին  է խոսքը. ես 11 տարի է՝ աշխատում եմ, մյուսը՝ 10, կան նաեւ 8 ու 5 տարի աշխատողներ»,-միմյանց հերթ չտալով՝ պատմում էին կառավարության խաբեության «զոհերը»: Ակցիան հատկապես ուշագրավ դարձավ վերջում, երբ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, իր կամքին հակառակ, հայտնվեց ցուցարարների մեջ:



Նա գլուխը կախ քայլում էր դեպի նախարարություն, սակայն հավաքվածները՝ անզորությունից էր թե դեժավյուի զգացումից, հավաքվեցին երբեմնի մարտնչող շավարշյանական կերպարի շուրջ: Փոխարտգործնախարար, սակայն պաշտոնի բեռի տակ խեղճացած Քոչարյանը,  քաղաքավարությունից ելնելով, ստիպված կանգ առավ ու լսեց բողոքականներին: Բայց լսելուն զուգահեռ, ծամածռված ժպիտով՝ ուսերը վեր ձգեց ու ասաց, թե իր ոլորտը չէ դա:



Քաղաքացիներից մեկը զարմացած հակադարձեց, թե՝ «պարոն Քոչարյան, բա  Դուք բոլոր ոլորտների դեմ պայքարո՜ւմ էիք, բողոքո՜ւմ, հիմա ի՞նչ ա եղել Ձեզ, ո՞ր ոլորտի համար եք պայքարում»: Մոռացված հիշողություններից երանության մեջ ընկնելով՝ Քոչարյանը խոշոր ակնոցի տակից անզորությունից ժպտաց՝ ինչ-որ բան շշնջալով, որն այդպես էլ ոչ մեկին չհաջողվեց լսել, ապա քաղաքավարի հրաժեշտ տվեց ու սահուն քայլելով ընթացավ դեպի «իր ոլորտը»: