Մարտի 1-ը չբացահայտելը լուրջ ձախողում է

Մարտի 1-ը չբացահայտելը լուրջ ձախողում է
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստան կատարած քառօրյա այցը երեկ եզրափակեց ամփոփիչ ասուլիսով: Հայաստանում նա մի շարք հանդիպումներ ունեցավ իշխանության, ընդդիմության, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ  քաղբանտարկյալների, նրանց ու մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Այս բոլոր հանդիպումներից ստացած տպավորությունները Համարբերգը, Հայաստանից հեռանալուց հետո, կամփոփի իր զեկույցում, որտեղ, ըստ հանձնակատարի, հիմնականում արտացոլվելու են իր խորը մտահոգություններն այն մասին, որ մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված:



«Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտվելը լուրջ ձախողում է: Դա վկայում է այն մասին, որ այդ դեպքերի չբացահայտումը համազոր է անպատժելիության»,- հայտարարեց Թոմաս Համարբերգը: Նա դժվարացավ ասել, թե  արդյո՞ք նախորդ այցելությունից հետո նկատվում է առաջընթաց մարդու իրավունքների ոլորտում: «Նայած թե ինչ դիտանկյունից ես նայում այդ հարցին»,-պատասխանեց նա: Սակայն ողջունելի համարեց Սերժ Սարգսյանի կիրառած համաներումը, նաեւ մտահոգություն հայտնեց, որ համաներումից հետո էլ որոշ մարդիկ, ովքեր կապված են եղել 2008-ի մարտյան իրադարձությունների հետ, շարունակում են մնալ բանտերում:



Համարբերգը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել, միջնորդել է ազատ արձակել նրանց: Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով բանտերում հայտնված մարդկանց Համարբերգը քաղբանտարկյալ չանվանեց՝ պատճառաբանելով, որ մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում գոյություն չունի «քաղաքական բանտարկյալ» եզրույթը: Սակայն նա համոզված է, որ մարտի 1-ի դատավարությունների հարցում առկա է եղել «քաղաքական աստառ»: «Ես չեմ օգտագործում «քաղբանտարկյալ» եզրույթը, քանի որ մարդու իրավունքների միջազգային ակտերում դրան որեւէ հղում չի արվում:



Բայց կարծում եմ, որ այդ մարդիկ չպետք է լինեն բանտերում, քանի որ նրանց նկատմամբ կիրառված դատավճիռներն ունեցել են քաղաքական  նկատառումներ»,- ընդգծեց Համարբերգը եւ հավելեց, որ զեկույցում պարտադիր անդրադարձ կլինի Նիկոլ Փաշինյանին, ով իր հետ հանդիպմանը շատ լավ էր պատրաստվել, ինչպես նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով քրեակատարողական հիմնարկներում պահվող մյուս դատապարտյալներին: Ըստ Թոմաս Համարբերգի՝ մարտի 1-ի սպանությունների չբացահայտման միակ մեղավորը  քննչական մարմինը եւ գլխավոր դատախազությունն են, իսկ Նիկոյանի հանձնաժողովն ու փաստահավաք խումբը ընդամենը պետք է օգնեին գործի քննությանը:



Եվրոպացի հանձնակատարը մտահոգություն հայտնեց մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանության գործելակերպի ոչ բավարար պրոֆեսիոնալ լինելու, լրատվամիջոցների ազատության խնդրի կապակցությամբ, հատկապես ընդգծեց «Ա1+» եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունների վերաբերյալ իր դիտարկումները եւ նշեց, որ դրանք անպայման տեղ կգտնեն ներկայացվելիք զեկույցում: Թեեւ Հայաստան գալուց առաջ նրա օրակարգում հիմնականում եղել են մարտյան դեպքերին եւ դրա հետեւանքով բանտերում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ լրատվամիջոցների ազատությանը վերաբերող հարցեր, սակայն Հայաստանում այդ հարցերին ավելացել է նաեւ բանակում տիրող իրավիճակը:



Նա անհանգստացած է, որ այդ դեպքերը, որպես կանոն, տեղի են ունենում ոչ մարտական գործողությունների հետեւանքով, եւ դրանք շտկելու համար լուրջ քայլեր են անհրաժեշտ: Ըստ նրա՝ բանակում առկա խնդիրների լուծման համար հարկավոր է սահմանել հստակ կանոններ, լրջորեն արձագանքել խախտումներին ու միջադեպերին, վերապատրաստել ամբողջ անձնակազմին: Թոմաս Համարբերգը բանակի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նաեւ բողոքարկման համակարգ ստեղծել, որին կարող են դիմել այն անձինք, ովքեր դժգոհություններ ունեն բանակային դեպքերի հետ կապված: Նրա խոսքով, թե պաշտպանության նախարարը, թե զինդատախազը իր այս առաջարկը դրական են գնահատել:



Համարբերգը դժվարացավ ասել, թե կարո՞ղ են արդյոք Հայաստանում արձանագրած խնդիրները հանգեցնել նրան, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Նա պատասխանեց, որ պատժամիջոցների մասին առաջարկներ ներկայացնելն իր իրավասությունից դուրս է, եւ նկատեց, որ ԵԽԽՎ պատվիրակները, որպես կանոն, պնդում են, որ թերացողը ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմինն է, եւ այդ առումով սխալ է պատժել օրենսդիր մարմնի պատվիրակությանը: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դժվար թե առկա խնդիրները հանգեցնեն երկրի նկատմամբ որոշակի պատժամիջոցների կիրառմանը: Բայց դա չի նշանակում, որ խնդիրներին համապատասխան արձագանք չի լինի»,-ասաց Թոմաս Համարբերգը: