Մայրը մեղադրվում է երեխային սպանելու մեջ

Մայրը մեղադրվում է երեխային սպանելու մեջ
2011թ. հունվարի 7-ին, երբ բոլորը դեռ ամանորյա կերուխումի մեջ էին, Վանաձորում տեղի է ունեցել մի ահասարսուռ դեպք. հինգ երեխաների մայրը տան լոգարանում ծննդաբերել է ու խեղդել իր երեխային: Լույս աշխարհ եկած մանկիկը չի կարողացել անգամ առաջին ճիչն արձակել: Ոստիկանները երեխայի մարմինը գտել են պոլիէթիլենային տոպրակում, խեդամահ արված վիճակում:



Կատարվածի մասին երեւի ոչ ոք չէր էլ իմանա, եթե կնոջ մոտ արյունահոսություն չսկսվեր: Հունվարի 7-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին այն մասին, որ ուժեղ արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձորի բնակիչ Ս. Պ.-ն (անուն-ազգանունը չենք հրապարակում` նախաքննության շահերից ելնելով): Հետագայում արդեն պարզվել է, որ նշված անձը նույն օրը` հունվարի 7-ին, իր բնակարանի լոգարանում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո նրան սպանելու դիտավորությամբ պոլիէթիլենային փաթեթի միջոցով երեխային շնչահեղձ է արել:



Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը, դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի (մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն. «Ներկայումս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, այնուհետեւ կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն՝ մնացած մանրամասները պարզելու, ինչպես նաեւ կնոջ հոգեվիճակը պարզելու համար»:



Վաղինակ Մարտիրոսյանն ասում է,  որ երեխայի մարմինը գտնվել է բնակարանում, որտեղից տեղափոխվել է ծննդատուն, իսկ այնուհետ` դիահերձարան. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու համար, թե արդյո՞ք երեխան մահացած չի ծնվել, եւ գործին վերաբերող այլ հանգամանքներ պարզելու համար»: Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ծննդաբերող կինը բազմազավակ մայր է, ունի հինգ երեխա, նորածինը վեցերորդն է եղել, ընտանիքը սոցիալապես անապահով է: Իսկ թե ինչը կարող էր հանգեցնել նման արարքի, քննիչը դժվարացավ  պատասխանել: «Թեեւ դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին, մինչ օրս դեռեւս փորձաքննության արդյունքները  հայտնի չեն»,-նշեց Վաղինակ Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ ծննդկանը ազատության մեջ է:



Նախօրեին կատարվածի մասին մանրամասներ լսելու համար այցելեցինք նշված ընտանիք։ Դուռը բացեց մի աղջիկ, սակայն երբ տվեցինք ծննդաբերող կնոջ անունը, աղջիկը պատասխանեց` սխալ եք եկել, այստեղ նման մարդ չի ապրում, ու փակեց դուռը։ Հարևաններից մեկը հերքեց այն լուրը, թե ընտանիքը ապրում է սոցիալական վատ պայմաններում. «2 ավտո ու խանութ ունեն, ինձնից հարուստ են»,-պատմեց հարևանուհին: Լավատեղյակներն ասում են, որ կինն իր նախորդ երեխային ևս ծննդաբերել է տան պայմաններում, կասկածի տակ դրվեցին նաեւ այն լուրերը, թե կինը հոգեկան խնդիրներ ունի։ Շատերը կատարվածի մեջ մեղադրում են կնոջ սկեսուրին. «Էդ աղջիկն իրանց տանը խոսքի իրավունք անգամ չուներ»։