Դիզերտիրների բանակը

Դիզերտիրների բանակը
Պետության նկատմամբ հարգանքը պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ կրի դեռ օրորոցից: Սակայն երբ սեփական պետության նկատմամբ հարգանք չունեն անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետության գանձարանից սնվող, նրա առաջ լուրջ պարտավորություններ ունեցող անձինք, ի՞նչ պահանջես սոված, աղքատ, մի կերպ գոյությունը քարշ տվող մարդուց: Կարծում եք չափազանցնո՞ւմ եմ: Բոլորովին: Օրինակները բազում են: Մեր երկրի վարչապետի ընտանիքի բոլոր անդամները՝ երեք զավակները, կինը, Իսպանիայի քաղաքացիներ են: Մարդն իր պետության նկատմամբ հարգանք ու վստահություն չունի՝ ետնահանջի տեղ է պահել իր ու ընտանիքի համար: Երբ կազատեն պաշտոնից, կտեղափոխվի բարեկեցիկ Եվրոպա՝ իսպանական ծովեզերքի իր դղյակում խաղաղ ապրելու: Երկրիդ օմբուդսմենը, որ դեռ մի քանի տարի ունի մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը եւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատելու, ազգին ու պետությանը ծառայելու երդում է տվել, միջազգային կառույցում տաքուկ տեղ է գտել ու իր բարձր պաշտոնը որոշել է փոխել բարեկեցիկ կյանքով: Երկրիդ բարձր իշխանությունները՝ եւ աշխարհիկ, եւ հոգեւոր, նախընտրում են բուժվել արտերկրում. նախօրեին տեղեկություն ստացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ԱՄՆ-ում վիրահատվել է: Ամանորին ՀՀ վարչապետի բացակայությունը երկրից բացատրեցին, որ նա ստուգման նպատակով Եվրոպա է մեկնել: Այս մարդիկ վստահություն չունեն սեփական երկրի առողջապահության նկատմամբ: Այսինքն՝ Հայաստանի բժշկական հիմնարկները միայն աղքատներին ու արտերկիր մեկնելու համար փող չունեցողներին պետք է բուժեն-վիրահատեն: Էլ չենք խոսում կրթական համակարգի, հանգստանալու, զվարճանալու մասին: Մինչդեռ նրանք պետք է օրինակ ծառայեին՝ իր երկրով հպարտ քաղաքացու օրինակ: