Անհասկանալի ուղերձ

Անհասկանալի ուղերձ
Հայաստանի Հանրապետությունում վեցերորդ անգամ պաշտոնապես նշվող Լեզվի օրվա առթիվ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել իր հայրենակիցներին, որտեղ կարճ տարածքում, բարձրագոչ շեշտադրումներով կոչ է արվում պահել-պահպանել մեր մայրենին:



Ուղերձն ասես պամֆլետ լինի, չես հասկանում, թե իրականում ուղերձի իրական հասցեատերն ով է, եթե ոչ կառավարությունն ու Ազգային ժողովը: Այստեղ հնչեցրած խոսքերը մեկառմեկ արտացոլում են այն բոլոր չարած ու չորդեգրած դրույթները, որոնք խանդավառությամբ կոչ է արվում անել ու որդեգրել` օրինակ. «Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով…», կամ՝ «…մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարեւորագույն գրավականներից է, այլեւ նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը…»:



Որպես գեղարվեստական երկ՝ գուցե բնագիրը հետաքրքիր է, բայց դե հաստատ հնացած է` պաթետիկ, կեղծ զեղումները շատ են: Ամենահետաքրքիրը, որ էս ամեն ինչի մասին մարդիկ ամիսներ շարունակ ամեն օր գոռացել են իշխանության խուլ ականջին ու վերջում արժանացել նախագահ Սերժ Սարգսյանի` Ազգային ժողովի կողմից ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի ստորագրմանը: Այս ուղերձը պարզապես արտագրված է ժողովրդի շուրթերից եւ ուղղված է հենց հեղինակին` ժողովրդին:



Ուղերձի ամենաանհանգստացնող հանգամանքը նրա մեջ հնչեցրած մտքերի ճշմարտացիությունն է, որ լիովին գիտակցված է նախագահի եւ կազմողների կողմից: Փաստորեն, «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումները ստորագրվել են՝ այս ուղերձում հնչեցրած յուրաքանչյուր բառի էությունը, բառիս բուն իմաստով, ըմբռնելով, հաշվի առնելով լեզվի կարեւորությունը եւ նրա ռազմավարական նշանակությունը:



Հուզիչ կերպով ուղերձում ասվում է. «Հեռանալ հայոց լեզվից՝ նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ եւս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին»:



Եթե սա հայելու առջեւ կանգնած մտքի անձայն մի մենախոսություն լիներ, թերեւս ավելի հասկանալի ու անկեղծ երանգ ունենար, բայց էս ուղերձն ուղղված է այն   ստեղծող հեղինակին` ժողովրդին: Մարդկանց բարձրացրած խոսքը պատճենելու ու ուղերձի տեսքով մատուցելու փոխարեն՝ լավ կլինի, որ իշխանությունը մեկ առ մեկ անգիր անի ու իրացնի այստեղ հնչեցրած յուրաքանչյուր միտք ու դրույթ` «…սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից…»…