Սիմոնյանը դրական է գնահատում իր աշխատանքը

Սիմոնյանը դրական է գնահատում իր աշխատանքը
Հունիսի 21-ին Երեւանի պետական համալսարանում տեղի կունենան ռեկտորի ընտրություններ, որին շատերը սպասում են այնպիսի լարվածությամբ, ինչպես խորհրդարանական ընտրություններին: Այդ սպասման պատճառներից մեկն էլ այն է, որ մոտ մեկ տարի  շրջանառվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի  թեկնածության մասին լուրը:



Ավելին՝ ռեկտորի ընտրությունների հողի վրա համալսարանում թիմեր էին ստեղծվել՝ Սիմոնյանի եւ նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանի կողմնակիցների: Թիմերի միջեւ լարվածությունը պարբերաբար հասնում էր գագաթնակետին, տարբեր միջադեպեր էին գրանցվում: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ամենը դադարել է դեկտեմբերին՝ ԵՊՀ մեծ խորհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը, ով ԵՊՀ խորհրդի նախագահն է, իր դժգոհությունն էր հայտնել տիրող վիճակի հետ կապված:



Մանավանդ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը չի առաջադրվելու ռեկտորի թեկնածու: Խոսվում էր, որ նա կառաջադրվի միայն նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը վերընտրվի այդ պաշտոնում:



Երեկ Արամ Սիմոնյանին հարցեր ուղղեցինք ԵՊՀ նախընտրական տրամադրությունների եւ այլ հարցերի շուրջ: Առաջադրվող թեկնածուների անունները հայտնի չէին Սիմոնյանին, իսկ իր թեկնածության մասին ասաց. «Բաց ընտրություններ են, խորհրդի նիստը կլինի, եւ ես իմ ծրագրով հանդես կգամ: Եթե խորհուրդը գտնի, որ կարող եմ վերընտրվել՝ կընտրվեմ»:



Մեր հարցին, թե հնարավո՞ր է համալսարանում էլ կրկնվի այն սցենարը, ինչ տեղի ունեցավ այլ բուհերի դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարները, որպես միակ թեկնածուներ, ընտրվեցին ռեկտորներ, պատասխանեց. «Դե, բաց ընտրություններ են, ով որ հնարավորություն ունի եւ համապատասխանում է պահանջներին, ցանկություն ունի, դիմում է. նախարարությունն է կազմակերպում ընտրությունները, ես իմ գործով եմ լինելու»:



Ինչ վերաբերում է Լեւոն Սարգսյանի՝ հաջորդ ռեկտորը լինելու խոսակցություններին, ասաց. «Ես բոլոր տիպի խոսակցություններին հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է այդ չափանիշներին, կարող է գործերը տալ ու դիմել: Ես պատասխանատու եմ ինձ համար, իմ ծրագրի համար: Խորհուրդն էլ կորոշի»:



Երբ նա խոսեց իր ծրագրերից ու պատասխանատվությունից, մենք հարց ուղղեցինք իր աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչպես է գնահատում իր չորս տարիների աշխատանքը ԵՊՀ-ում, քանի որ իր պաշտոնավարմանը զուգահեռ չդադարեցին կոշտ քննադատություններն ու դժգոհությունները: Եթե մեկ ուրիշը համեստորեն հասարակության դատին կհանձներ իրեն գնահատելու գործը, ապա Սիմոնյանն առանց վարանելու հավաստիացրեց.



«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, չեն քննադատում միայն նրան, ով չի աշխատում, թերություն չունի միայն նա, ով չի աշխատում: Ես կարծում եմ, որ հաջողություններն ավելի շատ են եղել, քան թերությունները, հակառակ դեպքում համալսարանում  այնպիսի մթնոլորտ կլիներ, որ ես բարոյական չէի համարի իմ գործերը տալ: Եթե ինչ-որ բաներ հաջողվել է, նշանակում է գործեր արվել են»:



Ճիշտ իրեն դրվատելու վստահությամբ էլ Սիմոնյանը փորձեց հավատացնել, որ ԵՊՀ-ում լարվածություն չի եղել, բնականոն աշխատել են. «Բնական է, որ չկա: Իհարկե, համալսարանում տարակարծիք մարդիկ կարող են լինել, բայց թիմ ձեւավորել չկա, հանգիստ աշխատում ենք եւ երիտասարդական թեւի, եւ ուսանողական  կառույցների հետ: Որեւէ պրոբլեմ չեմ տեսնում, պրոբլեմը կայանում է նրանում, որ մենք ամեն օր հոգսեր ունենք, որոնք կապված են մեր աշխատանքի, գիտական աշխատանքների հետ»: Այնուամենայնիվ մայր բուհի ռեկտորը եզրափակեց, թե խաղաղ ընտրություններ է կանխատեսում, չնայած թեժ լինելու մեջ վատ բան չի տեսնում: